Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻՆ

Իրանը ամենահզոր ռազմական ներուժն ունի, որին մինչ այժմ բախվել է ԱՄՆ-ը: Իրանը Գրենադա, Պանամա, Սոմալի, Սերբիա, Աֆղանստան, Իրաք կամ որևէ այլ երկիր չէ, որ ամերիկյան զորքերը հեշտությամբ կարողանան իրագործել իրենց մտադրությունները: Իրանցի զինվորականները շատ ավելի իրազեկ են պաշտպանական հարցերում: Այդ երկրի ռազմածովային ուժերը ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով հատուկ պատրաստություն են անցնում ափամերձ շրջաններում և կձգտեն փակել Օրմուզի նեղուցը` հարձակվելով և’ ռազմական, և’ առևտրային նավերի վրա: Արդյունքում նավթի գինը կտրուկ կաճի` վտանգելով կոմերցիոն նավագնացությունը և համաշխարհային տնտեսությունը:

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՄԻԱՆԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սելջուկ Ունալը հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Իրանի դեմ պատժամիջոցներին, որոնց ընդունումը պնդում է ԱՄՆ-ը:
Նա նշել է, որ Թուրքիան կուսումնասիրի ամերիկյան առաջարկները, սակայն չի ենթարկվի դրանց: Իր երկրի համար նշանակություն ունեն Իրանի վրա ներգործելու միայն այն միջոցները, որոնք ընդունել է ՄԱԿ-ը:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան դատապարտել է համացանցում տեղադրված տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես ամերիկյան 4 զինծառայողներ իրենց բնական կարիքները հոգում են սպանված աֆղանցիների վրա: Նա խոստացել է խստորեն պատժել տեսագրության մեջ պատկերված զինծառայողներին:
Սպանված աֆղանցիների դիակների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը քննադատել է նաև Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը` ամերիկյան ղեկավարությանը կոչ անելով գտնել և պատժել այդ զինծառայողներին:

ԻՍՐԱՅԵԼԸ ՉՈՒՆԻ ՀՈԼԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԵՑՄԱՆ ԿՈՆԿՐԵՏ ԾՐԱԳԻՐ

Իսրայելի բանակի մամլո ծառայությունը հայտնել է, որ գեներալ-լեյտենանտ Բենի Հանցն ընդամենը ելույթ է ունեցել խորհրդարանական ենթահանձնոժողովներից մեկում կազմակերպված քննարկումների ժամանակ և լոկ ներկայացրել Ասադի վարչակարգի տապալման դեպքում երկրի բնակչության 10-12 տոկոսը կազմող ալավիների դեմ իրականացելիք հնարավոր բռնությունների դեպքում իրադարձությունների զարգացման տարբերակներից մեկը, և որ ելույթը նախատեսված չէր մամուլում հրապարակվելու համար:

ՌԴ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՆ

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ երկրի պաշտպանական, ինչպես նաև ատոմային ու տիեզերահրթիռային արդյունաբերության համալիրի արդիականացման հարցերին նվիրված խորհրդակցությունում հայտարարել է, որ, նկատի առնելով պետության կողմից պետական պաշտպանական պատվերի կատարման նպատակով հատկացվող մեծագումար միջոցներն ու բանակի և ռազմածովային նավատորմի վերազինման ասպարեզում երկրի քաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրների լայն շրջանակը, այլևս պետք չէ քննարկել բանակի ու ռազմածովային նավատորմի համար արտասահմանյան սպառազինություն ձեռք բերելու առաջարկները, և յուրաքանչյուր դեպք պետք է ակներև բացառություն ու շեղում լինի ընդհանուր կանոնից:

ԿԻՊՐՈՍՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ՍԻՐԻԱ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՆԱՎԸ

Կիպրոսի իշխանությունները հաստատել են, որ ազատ է արձակվել փոթորկի պատճառով Լիմասոլ նավահանգիստ մտած ու կալանված ռուսական «Chariot» նավը, որը շուրջ 60 տոննա ռուսական սպառազինություն էր տեղափոխում Սիրիա: Կալանքը վերացվել է պայմանով, որ նավը չլողա դեպի Սիրիա: Թե դեպի ուր է ուղղություն վերցրել «Chariot»-ը, չի հաղորդվում:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՆՈՐ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ

ԱՄՆ պետդեպարտամենտը խստորեն դատապարտել է Թեհրանի կողմից ուրանի հարստացման «Ֆորդու» գործարանի շահագործումը՝ համարելով այն «Ստանձած պարտավորությունները չկատարելու աղաղակող փաստ, ինչը հերթական անգամ վկայում է, որ Իրանում են թաքնված այս երկրի միջազգային մեկուսացման պատճառները»: