Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՌՈՒՍԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԱՄՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ

ՌԴ ԶՈՒ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևը հայտարարել է, թե վերջին տարիներին իրականացված փորձարկումները վկայում են, որ ռուսական հրթիռաշինարարներին հաջողվել է կրող հրթիռի արձակումից մինչև մարտագլխիկների անջատումն ընկած ժամանակահատվածի տևողությունն էապես կրճատելու և ակտիվ մանևրելու ունակությունների մշակման շնորհիվ ռուսական նոր սերնդի «Յարս», «Տոպոլ-Մ» և «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն իրենց թռիչքի ուղեգծի բոլոր հատվածներում անհասանելի դարձնել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի համար:

ՊԵՆՏԱԳՈՆԸ «ՆՈՐՄԱԼԱՑՆՈՒՄ Է» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԵՏ

2012 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեով նախատեսվում է կարգավորել ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ և վերականգնել Թբիլիսիին ամերիկյան սպառազինության վաճառքը, ինչը դադարեցվել էր 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո: Վաշինգտոնի մշակելիք ծրագիրն ընդգրկելու է սպառազինության՝ հիմնականում հակաօդային ու հակատանկային պաշտպանության միջոցների գնման մասին վերջին երկու տարիներին Թբիլիսիի ներկայացրած բոլոր հայտերը: Ծրագիրը լինելու հրապարակային, սակայն չի բացառվում, որ կունենա նաև գաղտնի հավելված և նպատակ ունի օգնել Վրաստանին՝ ապահովելու իր տարածքների պաշտպանությունն ու ընդլայնելու մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող միջազգային խաղաղարար գործողությանը:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԻՐԱՔԻՑ

Երեկ քուվեյթ-իրաքյան սահմանը հատեց ամերիկյան զինծառայողների վերջին ավտոշարասյունը, իսկ երկու օր առաջ Իրաքի բանակին հանձնվեց այդ երկրում ամերիկյան զորքերի վերջին հենակայանը: Երկրում կմնան միայն ամերիկյան 157 զինծառայողներ ու ծովային հետևակայիններ, որոնք կպահպանեն ԱՄՆ դեսպանատունը:

ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐՏԵՍԸ

Ձերբակալված տղամարդը, որի անունը չի հաղորդվում, Իրանի քաղաքացի է և Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բագրամ քաղաքում հավաքագրվելով ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից, պետք է ծառայության անցներ Իրանի հետախուզական ստորաբաժանումներից մեկում և կեղծ տեղեկությունների հաղորդման միջոցով ապակողմնորոշեր հետախուզական ծառայության գործունեությունը:
Միաժամանակ ԱՄՆ իշխանությունները ստուգում են այն լուրերը, թե Իրանի, Կուբայի ու Վենեսուելայի դիվանագետները 2006 թվականին ներգրավված են եղել ամերիկյան մի շարք ռազմավարական օբյեկտների, այդ թվում նաև ատոմակայանների, Սպիտակ տան, Պենտագոնի, ԿՀՎ-ի ու ՀՖԲ-ի վրա ձեռնարկվելիք կիբեռնետիկ հարձակումների նախապատրաստման գործում:

ԻՐԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

Մոսկվայում Իրանի դեսպանատունը հերքել է Ռուսաստանից ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրման փորձի մասին լուրերը և հայտարարել, որ շուրջ մեկ ամիս առաջ իսկապես ձերբակալվել է ատամնաբուժություն սովորող իրանցի մի ուսանող, որ փորձել էր իր պրակտիկայի համար երկիր անցկացնել նատրիում-22 ռադիոակտիվ իզոտոպ, և երբ պարզվել է, որ նա տեղյակ չէր գործող օրենսդրությանը, հարցը փակվել է, իսկ արևմտյան լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացրել ամեն ինչ` փորձելով վնասել ռուս-իրանական հարաբերություններին:

ԻՍԼԱՆԴԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Իսլանդիան Պաղեստինը պաշտոնապես ճանաչել է որպես անկախ պետություն, ընդ որում` մինչև 1967 թվականի «վեցօրյա պատերազմն» ունեցած սահմաններով: Դա միայն իսլանդական իշխանությունների՞ որոշումն է, թե՞ քաղաքական նոր գործընթացի սկիզբ, ցույց կտան հետագա իրադարձությունները:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է «ՄԻԳ-21» ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻՑ

ՉԺՀ պաշտպանության նախարարությունը որոշում է ընդունել երկրի ռազմաօդային ուժերի բարձր մարտական պատրաստության զորամասերի սպառազինւթյունում եղած ռուսական կործանիչները փոխարինել չինական արտադրության նմանակ «J-7»-երով, իսկ հին կործանիչները հատկացնել այն զորամասերին, որոնց պատասխանատվության գոտիներում մարտական գործողությունների սկսման հավանականությունն անհամեմատ փոքր է: