Ռազմական
Ամերիկյան հեռանկարային F-35 Ligtning II կործանիչի կարճեցված վերթիռով և ուղղահայաց վայրեջքով տարբերակը` F-35B, առաջին անգամ վայրէջք է կատարել ռազմանավի տախտակամածի վրա:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Ուոսպ» ունիվերսալ դեսանտային նավի վրա` ազդարարելով կործանիչի ծովային փորձարկումների սկիզբը:
Այս փորձարկումների հաջող ընթացքից է կախված F-35B մոդիֆիկացիայի հետագա ճակատագիրը: 2010թ. նախագծի համար սահմանվել է 2 տարի ժամանակով փորձաշրջան առկա թերությունները վերացնելու և մշակումը ավարտին հասցնելու համար:
Նախապես հայտարարվել է, որ F-35B-ն պատրաստ կլինի 2018թ.: ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը այսպիսի 340 կործանիչ գնելու ցանկություն է հայտնել:
Հակահրթիռային պաշտպանության «Երկաթե Գմբեթ» (Iron Dome) համակարգը տարբեր տեսակի հրթիռներ խոցելուց բացի ունակ է ոչնչացնել նաև թռչող ապարատներ: Համակարգի լրացուցիչ գործառույթն իրականացնելու հնարավորությունը զինվորականները հայտնաբերել են շահագործման ընթացքում:
Զինվորականները պարզել են, որ համալիրը օդային թիրախները որսում է մինչև 10 000 մետր բարձրության վրա: Հեռանկարում համալիրը կարող է կիրառվել որպես հակաօդային պաշտպանության իսրայելական համակարգի լրացուցիչ բաղկացուցիչ մաս:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում արևային մարտկոցներով աշխատող Vulture անօդաչու ապարատների ստեղծման ծրագրի նկատմամբ: Ծրագիրն իրականացնում է Boeing ընկերությունը Պենտագոնի հեռանկարային հետազոտական նախագծերի գործակալության վերահսկողության ներքո:
Զինվորականները նախատեսում են նոր ապարատը օգտագործել որպես կապի և ազդանշանների հեռարձակման կրկնօրինակող համակարգ արբանյակները շարքից դուրս գալու դեպքում: Հեռանկարում Vulture-ի միջոցով ավիակիր խմբավորումներին հրամաններ կփոխանցվեն, եթե դա հնարավոր չլինի անել արբանյակային կապուղիներով:
Թուրքիան սպառազինության է վերցրել սեփական արտադրության առաջին ռազմանավը` «Հեյբելիադա» կորվետը: Մինչ այժմ Թուրքիան կառուցել է միայն փոքր պարեկանավեր:
Ռազմանավը կառուցվել է 3 միլիարդ դոլար արժողությամբ MILGEM նախագծի շրջանակներում, որով նախատեսվում է Թուրքիայի ռազմական նավատորմին մատակարարել 8 ռազմանավ: Սեփական կարիքները բավարարելուց հետո Թուրքիան նախատեսում է նաև արտահանել կորվետները:
Boeing ընկերությունը ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտությունների լաբորատորայի հետ համատեղ իրականացրել են բարձր հզորության միկրոալիքային ճառագայթիչով CHAMP հրթիռի առաջին փորձարկումները:
Փորձարկումներն անցկացվել են այս տարվա սկզբին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: Դրանք լիովին հաջողված են ճանաչվել:
Հրթիռներ արձակվել են պայմանական հակառակորդի էլեկտրոնային համակարգեր նմանակող մի քանի նշանակետերի ուղղությամբ: CHAMP հրթիռը, որը համարվում է ոչ մահացու ելքով սպառազինություն, ճնշել կամ ամբողջովին շարքից հանել է հակառակորդի պաշտպանված էլեկտրոնային սարքավորումները` նվազագույնի հասցնելով հարակից վնասները:
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը մինչնախագծային աշխատանքներ է իրականացնում նոր սերնդի արագընթաց մարտական ուղղաթիռներ ստեղծելու նպատակով:
Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, եթե այժմ ուղղաթիռների առավելագույն արագությունը 300-320կմ/ժ է, ապա մարտական նոր մեքենան կթռչի 450-500 կմ/ժ արագությամբ:
Նախագծի նախնական արժեքը մի քանի տասնյակ միլիարդ ռուբլի է:
Հնդկաստանի ռազմական նավատորմի արդիականացումը առաջիկա մի քանի տարիներին կարժենա շուրջ 60,1 միլիարդ դոլար: Այդ գումարը կծախսվի վերջրյա ռազմանավերի և սուզանավերի, տախտակամածային կործանիչների և ափամերձ պարեկային ինքնաթիռների գնման նպատակով:
Մասնավորապես, տվյալ գումարով նախատեսվում է նորոգել և արդիականացնել նախկին «Ծովակալ Գորշկով» ավիակիր հածանավը, որը Հնդկաստանում կստանա «Վիկրամադիտյա» անվանումը, աշխատանքներն արդեն եզրափակիչ փուլում են: Բացի այդ, Ռուսաստանում հնդկական կողմի պատվերով այժմ կառուցվում է «Տալվար» դասի երեք ֆրեգատ: