Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԱՄՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԽՈՏԱՆՎԱԾ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆՆԵՐ

ԱՄՆ բանակը հետ է կանչել և լրամշակման է ուղարկել շուրջ 5 միլիոն զրահաբաճկոն, այդ թվում Աֆղանստանում և Իրաքում զինծառայողներին արդեն տրամադրված նմուշներ:
Ստուգումների ընթացքում պարզվել է, որ բանակին մատակարարվող զրահաբաճկոնների վերևի մասի կերամիկական սալիկները ճաքճքած են և չեն կարող լիարժեք պաշտպանել զինվորին, իսկ 7 մատակարար ընկերություններ, որոնց հետ 2,5 միլիարդ դոլարի պայմանագրեր էին կնքվել, չեն ապահովել իրենց արտադրանքի հուսալիությունը:

“ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ” ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը 2012թ. ավելի քան 10 տոկոսով կավելացնի ռազմական և քաղաքացիական ուղղաթիռների արտադրությունը: Մինչև այս տարվա վերջ կարտադրվի 267 ուղղաթիռ: Այս մասին «Մաքս-2011» ավիացուցահանդեսի ժամանակ հայտարարել է հոլդինգի գլխավոր տնօրեն Դմիտրի Պետրովը:
Ավելի վաղ նա ասել էր, որ 2011թ. ՌԴ պաշտպանության նախարարությունը կստանա 450 ուղղաթիռ: Հավանաբար, խոսքը ինչպես նոր մեքենաների մատակարարման, այնպես էլ արդեն օգտագործվող տեխնիկայի արդիականացման մասին է:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՁԱՅՆԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ

«Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիան հետազոտական աշխատանքներ է իրականացնում վերձայնային հրթիռի ստեղծման ուղղությամբ: Կորպորացիայի գլխավոր կոնստրուկտոր Բորիս Օբնոսովի խոսքով, նոր հրթիռը ձայնի արագությունը 12-13 անգամ գերազանցող արագություն կկարողանա հավաքել:
Ներկայումս վերձայնային հրթիռ է մշակվում նաև «ԲրաՄոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունում: Նոր նախագծի հիմքում ընկած են Ռուսաստանի և Հնդկաստանի զինված ուժերի սպառազինության մեջ ընդգրկված «ԲրաՄոս» գերձայնային հրթիռներում կիրառված տեխնոլոգիաները:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՎԻԱՑԻՈՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ

Ռուսական 3 ընկերություններ ավիացիոն հարվածային նոր համալիր ստեղծելու պայմանագիր են ստորագրել: Նոր համալիրը «Կլաբ-Կ» համալիրի հրթիռներ կարձակի:
«Կլաբ-Կ»-ն կոնտեյներանման հրթիռային համակարգ է: Այն ունիվերսալ է, կարող է տեղադրվել ինքնաթիռների, տարբեր տեսակի նավերի, գնացքների, բեռնատար ավտոմեքենաների վրա, նաև բեռների ծովային տեղափոխման ստանդարտ կոնտեյներում: Նախատեսված է վերջրյա և ցամաքային թիրախների խոցման համար:

ԵՐԿՐՈՐԴ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐԸ MAKC-2011 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Լատվիական «Բալթյան մեղուներ» թռիչքային խմբի L-39 ուսումնամարզական ինքնաթիռն աջ անիվի անսարքության և կողային քամու պատճառով վայրէջք է կատարել թռիչքուղուց դուրս: Սակայն հերքելով որոշ լրատվամիջոցների հաղորդած լուրերը, MAKC-2011-ի լրատվական ծառայությունը հաղորդել է, որ ինքնաթիռը գտնվում է սարքին վիճակում և կշարունակի մասնակցել ծրագրով նախատեսված ելույթներին:
Իսկ նախօրեին տեխնիկական խնդիրների պատճառով ցուցադրական թռիչքն ընդհատել էր ռազմածովային ուժերի համար նախատեսված ռուսական МиГ-29 կործանիչը, որը սակայն, բարեհաջող վայրէջք էր կատարել, և օդաչուն ու ինքնաթիռը չէին տուժել:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԶԻՆՎՈՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԻՐ ՆՈՐ ԼՐԱԿԱԶՄԸ

Լրակազմը, որը բաղկացած է խոցման, պաշտպանության, ղեկավարման, կենսա- և էներգաապահովման համակարգերից, բոլոր առումներով գերազանցում է ժամանակակից արտասահմանյան նմանակներին: Հանդերձանքի լրակազմի մշակման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է ղեկավարման համակարգին, որը մարտիկին կապում է ցանցակենտրոն համակարգին և թույլ է տալիս մշտական կապի մեջ գտնվել հրամանատարական բարձր օղակների հետ:

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հավաքակայանում բռնկված հրդեհը մարելիս անհրաժեշտ է մեքենաները դուրս բերել սեփական ընթացքով, իսկ ձեռքի քարշակների /կամ հերթապահ քարշակի/ օգնությամբ՝ առաջին հերթին վառվող, ապա անսարք մեքենաները՝ օգտագործելով հրդեհի վայր եկած ստորաբաժանումների անձնակազմը:
Մեքենայում հրդեհ բռնկվելիս անհրաժեշտ է նախ անջատել շարժիչը, հնարավորության դեպքում դադարեցնել վառելիքի սնուցումը, ապա կրակմարիչով, ավազով կամ ծածկոցով սկսել մարել կրակը: Շարժիչի և դրա տակ թափված վառելիքի բռնկման դեպքում նախ պետք է հանգցնել կրակը, ապա հետո միայն անջատել շարժիչը: