Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարությունը մտադիր է մինչև 2025թ. երկու անգամ կրճատել վառելիքի օգտագործումը` կիրառելով վերականգնվող, գործնականում անվճար էներգիա: Կիրառման փորձի շրջանակներում մի ջոկատ Աֆղանստանում երեքշաբաթյա պարեկության ընթացքում օգտվել է կապի միջոցների, GPS տեղորոշիչների և նմանատիպ այլ սարքավորումների վերալիցքավորման համար նախատեսված արևային վահանակներից: Սովորաբար մարտկոցները ծովային հետևակայինների կրած բեռի ընդհանուր ծավալի շուրջ 20 տոկոսն են կազմում:

ՃԳՆԱԺԱՄԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է

Թայվանի իշխանությունները որոշել են հետաձգել ամերիկյան UH-60 Black Hawk ուղղաթիռների և Patriot հակահրթիռային համակարգերի գնումը: Նման որոշման պատճառը պետական բյուջեի միջոցների սուղ լինելն է: 6 Patriot-ների գնումը նախատեսվում էր 2014թ.. իսկ ուղղաթիռներինը` 2016թ.: Այժմ ժամկետները տեղափոխվել են համապատասխանաբար 2017 և 2019թթ.:
2011թ. Թայվանի պաշտպանական հաստատված բյուջեն կազմում է 12,92 միլիարդ դոլար: Ներկայումս երկրի համար առաջնահերթություններից է սպառազինության մեջ գտնվող 146 F-16A/B կործանիչների նորոգումն ու արդիականացումը ու ևս 66 հատ F-16C/D նոր կործանիչների գնումը:

ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Հունաստանի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին F-16 Fighting Falcon կործանիչների պահեստամասեր է պատվիրել` 100 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության վարչությունը համապատասխան կարգով տեղեկացրել է կոնգրեսին, որն էլ պետք է հավանություն տա գործարքին: Ամենայն հավանականությամբ, գործարքը հավանության կարժանանա, քանի որ Հունաստանը 1952թ. ՆԱՏՕ-ի անդամ է:

ՍՈՒԶԱՆԱՎ` ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ

Իսրայելն ու Գերմանիան պայմանավորվել են իսրայելական ռազմածովային ուժերի համար «Դելֆին» դասի Type 209 նախագծի վեցերորդ սուզանավը մատակարարել: Ներկայումս իսրայելական ռազմական նավատորմում «Դելֆին» դասի 3 սուզանավ կա` «Դելֆին», «Լեվիաֆան», «Տեկամաքս», որոնք մատակարարվել են 1998-2000թթ.: Եվս 2 սուզանավի կառուցման պայմանագիր կնքվել է 2006թ., դրանք պատվիրատուին կհանձնվեն առաջիկա երկու տարիների ընթացքում:

ՉԵԽԻԱՆ ԴՈՒՐՍ Է ԳՐԵԼ ՀԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

Չեխիայի ռազմաօդային ուժերը դուրս են գրել ռազմատրանսպորտային ԱՆ-26 բոլոր ինքնաթիռները: Դրանց հիմնական մասը Չեխոսլովակիայի, ապա Չեխիայի զինված ուժերում շահագործվել է 29 տարի և վստահելի մեքենաների համբավ ձեռք բերել: Մասնավորապես, ինքնաթիռներից մեկը 1995թ. 70 ժամյա թռիչք է կատարել Աֆրիկայի 14 պետությունների տարածքով, և որևէ անսարքություն չի արձանագրվել:
Դուրս գրված ԱՆ-26-երը նախատեսվում է փոխարինել CASA C-295M իսպանական արտադրության ռազմատրանսպորտային ինքնաթիռներով:

F-22-ՆԵՐԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԵՆ

ԱՄՆ օդուժի հրամանատարությունը անորոշ ժամանակով դադարեցրել է F-22 Raptor կործանիչների թռիչքները` թթվածնի փոխանցման համակարգում հնարավոր թերությունների պատճառով: Մարտի վերջին նույն պատճառով կործանիչների թռիչքի առավելագույն բարձրության սահմանափակում էր սահմանվել, օդաչուներին արգելվել էր սովորական վարժաթռիչքների ժամանակ 7,6 հազար մետրից վերև բարձրանալ: Նման որոշում ընդունելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ թթվածնի փոխանցման համակարգի շարքից դուրս գալու դեպքում օդաչուն 10 վայրկյան ունի մինչև ուշաթափվելը, իսկ նշված բարձրությունից այդ ժամանակահատվածում նա կհասցնի ինքնաթիռը իջեցնել մինչև 5,4 հազար մետր բարձրություն, ուր արդեն հնարավոր է շնչել առանց հատուկ դիմակի:

ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

Ամերիկյան General Electric և բրիտանական Rolls Royse ընկերությունների կոնսորցիումը սեփական միջոցներով կշարունակի F-35 հեռանկարային կործանիչների համար նախատեսված F136 այլընտրանքային շարժիչի ստեղծման աշխատանքները: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր այլընտրանքային շարժիչի ծրագրի փակման մասին: Այդ որոշման օգտին քվեարկել էր նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը: Որոշման նպատակը միջոցների խնայումն է և դրանց ուղղորդումը առավել կարևոր ծրագրերի իրականացմանը: