Ռազմական
Հարավկորեական Hyundai Heavy Industries ընկերությունը ջրարկել է FFX դասի առաջին ֆրեգատը` «Ինչխոն» անունով: Նավի կառուցումը կավարտվի ջրի վրա, որից հետո այն փորձարկումների կենթարկվի և 2013թ. կընդգրկվի սպառազինության մեջ: Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը նոր նավը կօգտագործեն հակասուզանավային պայքարի համար: FFX դասի առաջին նավը կառուցելու` մոտ 130 միլիոն դոլարի պայմանագիրը ստորագրվել է 2008թ.: Առայժմ այսպիսի 6 ֆրեգատ կառուցելու ծրագիր կա: Բոլորը պետք է պատրաստ լինեն մինչև 2015թ. վերջը:
Այսուհետ շվեդական բանակի Agusta Westland AW109 ուղղաթիռների տեխնիկական սպասարկումը կիրականացնի շվեդական SAAB ընկերությունը: Ընկերության և Շվեդիայի զինված ուժերի նյութական ապահովման գործակալության միջև համապատասխան պայմանագիր է ստորագրվել 6 տարի ժամկետով` դրա ավարտին ևս 2 տարով այն երկարացնելու հնարավորությամբ: Գործարքը կարժենա շուրջ 145 միլիոն դոլար: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2012 թվականից:
Գերմանիայի կառավարությունը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությանը երկրի զինված ուժերի մասնակցության մանդատը: Նույն որոշմամբ նախատեսվում է գերմանական զորակազմի առավելագույն թվաքանակը կրճատել 2500-ից մինչև 1850-ի: Որոշումը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, սակայն Կոսովոյում միջազգային ուժերի թվի աստիճանական կրճատման պայմաններում այն ամենայն հավանականությամբ կընդունվի:
ԱՄՆ-ը և Ռումինիան պայմանագիր են ստորագրել վերջինիս տարածքում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի բաղադրիչների տեղակայման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Իր հեռուստաելույթում նա հատուկ ընդգծել է, որ ՀՀՊ համակարգի բաղադրիչները ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար չեն: Նշված նպատակի համար կհատկացվի երկրի հարավում օդուժի նախկին ռազմաբազաներից մեկը, ուր կտեղակայվեն մի քանի հարյուր ամերիկյան զինծառայողներ:
Ավստրալիայում 110 տարեկան հասակում մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի մարտական գործաղությունների հայտնի մասնակիցներից վերջինը` Կլոդ Ստենլի Շուլը: Նա համարվել է նաև երկու համաշխարհային պատերազմներում կռված վետերաններից վերջինը: Վետերանը մահացել է Պերտ քաղաքի ծերանոցում: Նա Ավստրալիայի ամենածեր բնակիչն էր և մոլորակի ամենածեր մարդկանց տասնյակում էր:
Կլոդ Շուլը ծնվել է 1901թ. Մեծ Բրիտանիայում: 1916թ. անցել է ծառայության ռազմական նավատորմում և մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին:
ՌԴ Կասպյան նավատորմը` ռազմածովային ուժերի օպերատիվ միավորումներից մեկը, որի կենտրոնական ռազմակայանը Աստրախանն է, մինչև 2020թ. 16 նոր մարտական նավ կստանա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Վիսոցկին: Արդեն այս տարի նավատորմի կազմում կընդգրկվեն «Թաթարստան», «Վոլգոդոնսկ» հրթիռային մոտորանավակները և 3 դեսանտային նավ: Բացի այդ, Կասպիցի ափամերձ շրջանում կձևավորվեն հրթիռային նոր զորամասեր և ավիացիոն խմբեր:
Ամերիկյան Hydroid ընկերությունը Նորվեգիայի ռազմածովային ուժերին է փոխանցել Remus 100 ստորջրյա ավտոնոմ չբնակեցվող երկու ապարատ: Զինվորականները այդ ռոբոտները կօգտագործեն ականներ փնտրելու և վնասազերծելու, ափամերձ տարածքներում և ծովային բազաների մուտքերի մոտ ստորջրյա իրավիճակը վերահսկելու համար: Remus 100-ի կառուցվածքը թույլ է տալիս դրա վրա տեղադրել տարբեր տիպի տեսախցիկներ, սենսորներ և այլ տեխնիկա, ինչի շնորհիվ ապարատը ռազմական նպատակներից բացի հնարավոր է օգտագործել նաև ծովային հատակի ռելիեֆի քարտեզագրման, գիտական հետազոտությունների համար: