Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

Ապրիլի 12-ից 15-ը Ռիո Դե Ժանեյրոյում տեղի ունեցավ «Latin American Aerospace and Defence (LAAD) 2011» ավիացիոն ցուցահանդեսը: Իսրայելական «Elisra» ընկերությունը ցուցադրել էր իր « Foxtrack » միջին և բարձր հեռահարության շարժական վերգետնյա ռադարային համակարգը: Համակարգը աչքի է ընկնում օգտագործման և կառավարման դյուրին համակարգով և չի պահանջում հատուկ վերապատրաստման դասեր: Ռադարները արդյունավետ են թե տրանսպորտային միջոցների, թե մարդկանց տեղորոշման համար:

ԱՄՆ բանակը վերգետնյա թիրախների ոչնչացման օդային հրթիռների արտադրության մրցույթ է հայտարարել: Հրթիռները պետք է համալրված լինեն նշանառության նոր սերնդի համակարգով: «Lockheed Martin», «Raytheon» և «Boeing» ընկերություններն առաջինը հայտնեցին իրենց պատրաստակամությունը մասնակցելու մրցույթին:

Միացյալ Նահանգների բանակը աշխատանքներ է կատարում անօդաչու թռչող համակարգերի կառավարման հեռահարության ընդլայման ուղղությամբ: Ջեորջիա նահանգի Բեննինգ Ֆորտ քաղաքում փորձարկվել է նոր «RQ-11 Raven» անօդաչու օդանավերի կառավարման համակարգը, որը թույլ է տալիս թռիչքը կառավարող վերգետնյա օպերատորներին ղեկավարել մինչև 1 կմ հեռահարությամբ թռչող անօդաչու օդանավը:

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը նախագծում են նոր էլեկտրամեխանիկական համակցված համակարգ «Arleigh Burke» դասի ռազմական նավերի համար: Եթե աշխատանքները հաջողությամբ պսակվեն, ապա համակարգը կնվազեցնի նավի օգտագործվող վառելիքի ծախսը 10 տոկոսով: «Jane’s» շաբաթաթերթին ԱՄՆ ռազմածովային ուժերի տեխնոլոգիական և գիտական դեպարտամենտի պետ Գլեն Ստյուրտեվանտը հայտնել է, որ համակարգը կազմված է էլեկտրամագնիսական հավելյալ շարժիչից, որը կկցվի նավի հիմնական շարժիչին:

ԱՄՆ բանակը «Lockheed Martin» ընկերության հետ 1.5 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել, համաձայն որի ընկերությունը պետք է սկսի ուղղաթիռների համար նախատեսված «Kinetic Energy Net (KEN)» զրահապատման համակարգի կատարելագործումը` նվազեցնելով վերջինիս քաշը: Ընկերության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ զրահապատման համակարգի կատարելագործման աշխատանքներն արդեն սկսվել են: Շնորհիվ նոր տեխնոլոգիական լուծումների համակարգի քաշը 13 տոկոսով կնվազի: Աշխատանքները կավարտվեն 2013 թվականին:

Ապրիլի 28-ին, երկու օր անց այն պատահարից, երբ Պակիստանի Կարաչի քաղաքում երկու ավտոբուս պայթեցվեց, որոնց մեջ էին երկրի ռազմածովային նավատորմի զինվորները, ևս մեկ ավտոբուս է պայթեցվել: Ավտոբուսում գտնվող հինգ նավաստիներն էլ մահացել են:

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՏԱՐԲԵՐԱԿԸ

IDEF-2011 սպառազինությունների մրցույթում կներկայացվի թուրքական Otokar ընկերության ևս մեկ արտադրանք` Arma զրահամեքենայի արտահանվող տարբերակը: 18,5 տոննա քաշով ամֆիբիա-զրահամեքենան կարող է շարժվել մինչև 105 կմ/ժ արագությամբ, երկարությունը 6,4 մետր է, լայնությունը` 2,7 մետր, բարձրությունը` 2,2 մետր: Անիվների 6×6 կառուցվածքով զրահամեքենան նախատեսված է 8 մարտիկի տեղափոխման համար: Արտահանվող տարբերակն ունի անիվների 8×8 կառուցվածք: