Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

Հնդկական Hindustan Aeronautics ընկերությունն ավարտել է Tejas կործանիչի թռիչքային նոր փորձարկումների առաջին փուլը: Փորձարկումների ընթացքում ստուգվել է ինքնաթիռի` գիշերային պայմաններում թիրախներ հայտնաբերելու և հարվածներ հասցնելու կարողությունը: Ինքնաթիռը հաջող է հանձնել քննությունը և հաստատել է գիշերային օպերացիաներին մասնակցելու հնարավորությունը: Կործանիչի վրա տեղադրված EL/M-2032 ռադարն ու նման թռիչքների համար անհրաժեշտ այլ սարքավորումներ իսրայելական արտադրության են` Israel Aerospace Industries և Rafael ընկերությունների:

ԱՄՆ-ի բանակը պատրաստվում է ստանալ առաջին «UH-72A Lakota Light Utility Helicopter» ուղղաթիռը, որը հագեցած է կատարելագործված նոր համակարգով: Այն ներառում է էլէկտրաօպտիկական և ինֆրակարմիր սենսորներ, կատարելագործված լուսավորության համակարգ, անալոգա-թվային տվյալների մշակման և նոր կատարելագործված «GPS» տեղորոշիչ համակարգեր:
Ապրիլի 17-ից 20-ը այս համակարգը ցուցադրվել է ԱՄՆ-ի բանակի ավիացիոն ցուցահադեսում, որը կայացել է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում:

ԱՄՆ-ի կիբեռ պաշտպանության տեղեկատվության փոխանակման ցանցը օպտիմիզացման կարիք ունի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունները պաշտպանության նախարարությունից հանձնարարություն են ստացել նորարարություն մտցնելու այդ ոլորտի մեջ:
-Պետք է ստեղծել տեղեկատվության փոխանակման այնպիսի ցանց, որը նույն համակարգում կընդգրկի ռազմական բոլոր ցանցերը: Դժվար է պաշտպանել 15000 ենթացանց պարունակող ապակենտրոնացված ցանցը:

Կարծես գտնվել է աֆղանական զինվորների առողջական տարածված խնդրի` ատամնացավի, լուծումը: Աֆղանստանի Քանդահար օդանավակայանի զինվորական ատամնաբույժները փորձարկում են ռենտգենյան ճառագայթների վրա հիմնված նոր շարժական համակարգը, որը կարող է ամբողջովին լուծել այդ հարցը: «Nomad Pro» ռենտգենյան նոր համակարգը կշռում է 5,5 ֆունտ` մոտ 3 կգ, դրա միջոցով ստացվում են ռենտգենյան թվային լուսանկարներ, իսկ աշխատանքի համար չի պահանջվում մութ միջավայր:

ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Ամերիկյան հեռանկարային F-35 Lightning ΙΙ կործանիչը, որ ստեղծվում է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենաթանկ ինքնաթիռի` F-22 Raptor-ի այլընտրանք, տարեցտարի ավելի թանկարժեք է դառնում: ԱՄՆ պաշտպանական գերատեսչություն ներկայացրած վերջին վերլուծությունների համաձայն՝ մինչև 2450 միավոր ինքնաթիռների շահագործման համար 30 տարիների ընթացքում կպահանջվի շուրջ մեկ տրիլիոն դոլար: 2009թ. նմանատիպ վերլուծություններում խոսվել է 915 միլիարդ դոլարի մասին:

ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Բուլղարիայի պաշտպանության նախարարության հրապարակած վերազինման ծրագրի համաձայն՝ առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա գնել, այդ թվում՝ կործանիչներ, տեղորոշիչ համակարգեր ռազմածովային ուժերի համար, կապի միջոցներ և այլն: Այդ նպատակների համար կծախսվի 1,5 միլիարդ դոլար: Ծրագրում ներառված են 13 կարևոր նախագծեր, որոնցից առաջնահերթը բազմանպատակային կործանիչի ձեռքբերումն է: Գումարի գրեթե կեսը կհատկացվի հենց կործանիչների գնման համար:

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Չինաստանն ակտիվացրել է մարտական նոր ինքնաթիռների նախագծման և փորձարկման աշխատանքները: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ հինգերորդ սերնդի չինական կործանիչի` J-20-ի թռիչքային փորձարկումների մասին, իսկ օրերս համացանցում հայտնվեցին նաև J-15-ի` տախտակամածային ինքնաթիռի լուսանկարներ: J-15-ը տեղակայվելու է «Շի Լան» ավիակրի վրա, որի ընթացիկ փորձարկումները կսկսվեն մինչև այս տարվա վերջ: