Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում ներդրվում է նոր սերնդի մարտական ղեկավարման ավտոմատացված համակարգ: Այն ապահովում է ռազմավարական սպառազինության կիրառման ծրագրերի օպերատիվ փոփոխություն և հրթիռների ապաուղղորդում: Ընդ որում, մարտական ղեկավարման հրամաններն անմիջականորեն հասցվում են մինչև հրթիռների արձակման կայաններ` շրջանցելով միջանկյալ օղակները, այդ թվում ատոմային ներգործության և ռադիոէլեկտրոնային ճնշման պայմաններում:

Կանադայի պաշտպանության նախարարությունը մտադիր է տարբեր տիպի 1500 ռազմական բեռնատար, մերձամարտի համար նախատեսված 108 մեքենա, պարեկային 500 զրահամեքենա և ինժեներական արգելափակման 13 մեքենա գնել: Այդ նպատակով կծախսվի 5 միլիարդ կանադական դոլար (5,26 միլիարդ ԱՄՆ դոլար): Բոլոր մեքենաները կգնվեն մրցույթի հիման վրա, որին կմասնակցեն BAE Systems, Daimler, Oshkosh, Renault, Textron և այլ ընկերություններ: Պայմանագիրը կնքելուց հետո առաջին մատակարարումները կսկսվեն 2015թ.:

Մարտի 24-ին Իրաքի պաշտպանության նախարարը պաշտոնապես ընդունել էր Machine-building Design Bureau (KMDB) ուկրաինական ընկերության 26 զրահապատ մարտական մեքենաները: Ապրիլի 20-ին արդեն «KMDB»-ն 8×8 BTR-4 զրահապատ մարտական մեքենաների առաջին խմբաքանակն ուղարկել է Իրաք: Ակնկալվում է, որ մնացած մեքենաները Իրաք կժամանեն մայիս ամսին:

Ապրիլի 10-ին Սիրիան տանկեր է տեղափոխել դեպի Բանիաս քաղաք: Այդ քայլը ուղղված էր ճնշելու նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմից դժգոհ ցուցարարներին: Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով չորս մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են:

Նորվեգայի կառավարության լեյբորիստական ուժերը ձգտում են ֆինանսներ ձեռք բերել խորհրդարանից Kongsberg’s Joint Strike Missile (JSM) հրթիռների հետագա կատարելագործման համար: «JSM»-երը բարձր ճշգրտությամբ հրթիռներ են, որոնք նախատեսված են F-35 Lightning II Joint Strike Fighter (JSF) մարտական օդանավերի համար:

Ապրիլի 25-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ դադարեցնում է F-35 Lightning II Joint Strike Fighter (JSF) օդանավերի համար նախատեսված F136 շարժիչների արտադրության պայմանագիրը , որը կնքել էր General Electric (GE)/Rolls-Royce ընկերության հետ: Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի կարծիքով` «F-35»- երի համար այլընտրանքային շարժիչների արտադրությունը ավելորդ ծախս է:
-Այլընտրանքային շարժիչների արտադրության համար օրական ծախսվում էր 1 միլիոն դոլլար, ինչը Պենտագոնը համարում է անիմաստ շռայլություն,-նշվում է հայտարարության մեջ:

ՆՈՐ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆՆԵՐ

Աֆղանստանում գտնվող ամերիկյան բանակի ստորաբաժանումները որոշ քանակությամբ XM2010 նոր դիպուկահար հրացաններ են ստացել: Թեև դրանք Մ-24 դիպուկահար հրացանի արդիականացված տարբերակն են, փոփոխություններն այնքան մեծ են, որ զինվորականները նոր անվանում են շնորհել դրան: Մասնավորապես, նոր հրացաններում օգտագործվում է ՆԱՏՕ-ի չափանիշներից տարբերվող Winchester Magnum (7,62×67մմ) փամփուշտ: Դրա շնորհիվ նշանառու կրակոցի հեռավորությունը 800-ից հասել է 1200 մետրի: XM2010-ը ունի արագ փոխարինվող Titan-QD խլացուցիչ, որը 98 տոկոսով պակասեցնում է կրակոցի պահին փողից դուրս եկող կրակի լուսավորությունը, հետհարվածը` 60 տոկոսով, իսկ կրակոցի ձայնը` 32 դեցիբելով: