Ռազմական
Վերջերս կայացած ավիացիոն կոնֆերանսի ժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչները կարևորեցին «Boeing AH-64 Apache» մարտական ուղղաթիռի համար նախատեսված տեղորոշիչ նոր համակարգը: Ըստ գնդապետ Շեյն Օփենշոուի` համակարգն իր մեջ ներառում է մի շարք տեսախցիկներ, որոնք հնարավորություն կտան հետևել վերգետնյա մարտերին և կանխորոշել վերգետնյա հարձակումները:
Հնդկաստանի Պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (ՊՀԶԿ) վերջապես սկսել է անօդաչու մարտական օդանավերի արտադրման աշխատանքները: Ծրագրի հիմնական նպատակն է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար մշակել մարտական անօդաչու օդանավեր, որոնք զինված կլինեն լազերային նշանառությամբ հրթիռներով:
Սանկտ Պետերբուրգի «Ալմազ» նավաշինական ընկերությունը ջրարկել է Վիետնամի ռազմածովային ուժերի համար կառուցվող երրորդ պահականավը: Առաջին երկուսն արդեն վիետնամական զինված ուժերի կազմում են, ընդհանուր առմամբ պայմանագրով պետք է մատակարարվի 4 նավ: Տվյալ դասի նավերն ունեն 375 տոննա ջրատարողություն, կարող են շարժվել մինչև 30 հանգույց արագությամբ, նավարկության հեռավորությունը 2,2 հազար մղոն է: Սպառազինված են 30 մմ-անոց ԱԿ-306 հրետանային կայանքով, 76,2 մմ-անոց ԱԿ-176Մ հրետանային կայանքով, ԻԳԼԱ-1Մ հրթիռների արձակման 16 կայաններով և 14,5 մմ-անոց երկու գնդացրով:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ամերիկյան Sikorski ընկերության արտադրած 109 հատ T-70 ուղղաթիռ գնելու որոշում է կայացրել: Գործարքը կարժենա 3,5 միլիարդ դոլար: Պայմանագիրը կնախատեսի նաև առաջիկա 10 տարիներին ևս 500 ուղղաթիռի մատակարարում: Ամերիկյան ուղղաթիռների արտադրությանը կմասնակցի նաև թուրքական TUCAS ընկերությունը, որը որոշ պահեստամասեր կարտադրի: T-70-ը հաղթել է մրցույթում, որին մասնակցում էր նաև իտալական Agusta Westland ընկերությունը: Վերջինս թուրք զինվորականներին ներկայացրել էր TUHP149 ուղղաթիռը:
Ամերիկյան բանակը տարբեր ընկերությունների հարցում է արել 60 000 հատ HMMWV զրահամեքենաների արդիականացման հնարավորության վերաբերյալ: Յուրաքանչյուր մեքենայի վրա կատարվող աշխատանքները գնահատվում են 180 000 դոլար, ամբողջական փաթեթը` 10,8 միլիարդ դոլար: Արդիականացման շրջանակներում նախատեսվում է ուժեղացնել զրահապատումը:
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունում սկսվել են անօդաչու թռչող ապարատների համար նախատեսված Tracer նոր ռադարների փորձարկումները: Նոր ռադարը կարող է հայտնաբերել անտառային ծածկույթի տակ թաքնված հակառակորդի թիրախները: Նման ռադարներ սկսել են մշակել նախկին Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի իրականացրած ռազմական օպերացիայից հետո, երբ պարզ դարձավ, որ ռազմական տեխնիկայի զգալի մասը սերբերը թաքցրել են անտառներում կամ համապատասխան քողարկող ծածկոցների տակ:
ԱՄՆ ծովային հետևակի` մարտական գործողությունների վարման լաբորատորիան հեռակառավարվող բեռնատարների նախագծման աշխատանքներ է իրականացնում: Դրանք կկիրառվեն զինամթերքի, սննդի և այլ տեսակի բեռների տեղափոխման համար: Նման մեքենաներ կստեղծվեն առնվազն երկու տարբերակով, այդ թվում 7 տոննա բեռնատարողությամբ: Առաջին փորձարկումներն արդեն նշանակված են այս տարվա մայիսին: