Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐ` ՀԵՏԱԳԱ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Արաբական Միացյալ Էմիրությունները 218 հատ «երկինք-երկինք» դասի ամերիկյան AIM-9X-2 Sidewinder հրթիռ է պատվիրել: Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու դեպքում պայմանագրի ամբողջական փաթեթը կարժենա 251 միլիոն դոլար: ԱՄԷ-ը պատվիրել է նաև մարտավարական համակարգեր, ուսումնական հրթիռներ և համակարգեր, ուղեկցող սարքավորումներ: ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության վարչության գնահատականի համաձայն` նոր սպառազինությունը թույլ կտա ԱՄԷ-ին մասնակցել միջազգային ռազմական օպերացիաների և օդային օժանդակություն ցուցաբերել ԱՄՆ-ին:

ՌԴ Պետդումայում կառավարության աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է, որ երկրի ռազմածովային ուժերի արդիականացման համար կծախսվի 5 տրիլիոն ռուբլի, ինչը 3 անգամ ավել է նախորդ հատկացումներից: Համապատասխան ծախսերը հաշվարկված են 2011-2020թթ. սպառազինման ծրագրում:

Իսրայելի ռազմաօդային ուժերը առաջիկա տարիներին կարող են կործանիչների պակաս զգալ: 2010թ. Իսրայելը ԱՄՆ հետ 2,75 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրել` F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ: Պայմանագրով հետագայում ևս 75 ինքնաթիռի գնում է նախատեսվում: Սկզբնապես ենթադրվում էր, որ առաջին կործանիչը Իսրայելը կստանա 2016թ., սակայն F-35-ի ստեղծման ծրագիրը երկարաձգվեց մինչև 2018թ.: Ժամկետների երկարաձգման պատճառով իսրայելական օդուժի հրամանատարությունը երկփուլ ծրագիր է մշակել, որը թույլ կտա պահպանել օդուժի մարտունակությունը մինչև F-35-ի մատակարարումը:

ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ ռազմաօդային ուժերում վերանայել են հինգերորդ սերնդի F-22 Raptor կոչծանիչների օդաչուների մարտական պատրաստության ռազմավարությունը: Այժմ օդաչուները պատրաստություն կանցնեն T-38C Talon ուսումնամարզական ինքնաթիռների դեմ «օդային մարտերի» ժամանակ: Դրանք փոքր չափսեր ունեն և թույլ են տալիս F-22-ի օդաչուներին ուսուցանել թիրախների հայտնաբերում` ցերեկը` դիտելու միջոցով, գիշերը` միայն ինֆրակարմիր սենսորների միջոցով: Նման մոտեցումն անհրաժեշտ է, քանի որ ինքնաթիռի կիրառման հայեցակարգը թույլ է տալիս ռադարները միացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է փոփոխել երկրի զինված ուժերի համար ռազմական գնումների կարգը: Նոր կանոնները թույլ կտան զինվորականներին ավելի մանրամասն հետևել գնման գործընթացին և ավելի արագ ստանալ ռազմական արտադրանքը: Նոր փաստաթղթում գնման կարգը սահմանելուց բացի, կներառվի սպառազինության ձեռքբերման հնարավոր ռիսկերի երեք աստիճան: Կստեղծվի ռազմական գնումների երկու վարչություն, որոնք պատասխանատու կլինեն նյութական (սպառազինություն, վառելիքա-քսուքային նյութեր, պահեստամասեր և այլն) և ոչ նյութական (նորոգման, արդիականացման, տեխնիկական շահագործման և այլ ծառայություններ) գնումների համար:

ԱՎԻԱՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը հիմնովին վերակառուցել է Ստեփանակերտի օդանավակայանը` համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: Սկզբում կօգտագործվեն մինչեւ 50-60 տեղանոց փոքր ինքնաթիռներ, եւ չվերթներ կիրականացվեն Ստեփանակերտ-Երեւան ուղղությամբ, որոնք ընդհատվել էին դեռ տասնյակ տարիներ առաջ:
Հարց է առաջանում՝ ի՞նչ կարիք կա այսօր Արցախի եւ մայր Հայրենիքի միջեւ օդային կապ հաստատելու, եթե հստակ եւ անխափան գործում է Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղին:

Ռուսական «Սեվմաշ» ձեռնարկությունում արդիականացման ենթարկվող հնդկական «Վիկրամադիտյա» (նախկին «Ծովակալ Գորշկով») ծանր ավիակիր նավը մինչև տարվա վերջ կսկսի ընթացիկ փորձարկումները: Արդիականացման ծրագրի շրջանակներում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, թռիչքային տախտակամածի, անգարների, կապի և այլ համակարգերի նորոգումից բացի, նավի ավելի քան 3500 բաժիններում փոխարինվել են ներքին պաստառները, 100 տոկոսով` մալուխները: Ինչպես նշել է ընկերության ներկայացուցիչը, դա, փաստորեն, նոր նավ է: