Ռազմական
Ամերիկացի ուսանող Տրիստան Լորին ստեղծել է մետաղյա հաստ պատերի միջով առանց մալուխի տվյալներ և սնուցում մատակարարելու համակարգ, որը կարող է կիրառվել, մասնավորապես, սուզանավերում: Նոր համակարգը հնարավորություն կընձեռի բարձրացնելու նավերի անվտանգության մակարդակը:
Այսօր ԱՄՆ ՌԾՈՒ սուզանավերում անվտանգության տվիչներ տեղադրելու համար նավի իրանի (կորպուսի) մեջ անցքեր են բացում, որոնց միջով անցնում են էլեկտրական սնուցման և տվյալների փոխանակման մալուխները:
Գիտնականների հաշվարկով, առաջիկա 90 տարիների ընթացքում երկրագնդի բևեռների սառույցի հալչելու պատճառով համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 0.4-2 մետրով, առավել հավանական է` 0.8 մետրով: Սա նշանակում է, որ Արկտիկայի սահմանները փոխվում են, փոքրանում է սառույցի մակերեսը, մեծանում` ջրային մակերեսը: Ակնկալվում է, որ Արկտիկայում խոշոր միջազգային ծովային անցումները բաց կլինեն արդեն 2030թ., համենայն դեպս, ամռան ամիսներին: Սա, իր հերթին, կհանգեցնի տարբեր երկրների ավելի մեծ թվով նավերի հոսքին ջրային նոր տարածքներ, ինչը, բնականաբար, դառնում է վեճերի առարկա:
«Ռոսօբորոնէքսպորտ» գործակալությունը 2010թ. 8,6 միլիարդ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա է վաճառել: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը` նշելով, որ վերջին տարիներին ռազմական արտահանման ծավալներն աճում են տարեկան շուրջ 700 միլիոն դոլարով: Ռուսական տեխնիկայի արտահանման շուկայի 60 տոկոսը բաժին է ընկել Հնդկաստանին, Ալժիրին և Չինաստանին: Ընդհանուր առմամբ, 2010 թ. այլ պետությունների հետ մոտ 1300 պայմանագիր է կնքվել, ինչի արդյունքում պատվերների գնային արժեքը հասել է 48 միլիարդ դոլարի, ռուսական բոլոր ընկերությունների համատեղ ռազմական արտահանման ծավալը կազմել է տասը միլիարդ դոլար:
ԱՄՆ Սենատը ուշացումով հաստատել է 2011 ֆինանսական տարվա ռազմական բյուջեն: Ֆինանսական տարին այս երկրում սկսվում է հոկտեմբերի մեկին և ավարտվում է մյուս տարվա սեպտեմբերի երեսունին: Ուշացումը կապված էր ռազմական ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ, օրինագծում մի շարք փոփոխություններ մտցվեցին: Մինչ այժմ զինված ուժերի ֆինանսավորումը կատարվում էր նախորդ տարվա ռազմական բյուջեի սխեմայի համաձայն: Նոր բյուջեն կազմել է 672 միլիարդ դոլար, որից 158 միլիարդը կուղղվի Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների անցկացմանը:
Հարավային Կորեայի կառավարությունը որոշել է արագացնել հետախուզական անօդաչու թռչող ապարատների և նոր սերնդի կործանիչների գնման գործընթացը: Պաշտպանության նախարարի խոսքով, դրա նպատակը ԿԺԴՀ կողմից աճող վտանգի պայմաններում երկրի ռազմական ներուժի ամրապնդումն է: Ավելի վաղ Հարավային Կորեան հայտարարել էր 2015 թ. ամերիկյան RQ-4 Global Hawk անօդաչու ապարատների գնման, ինչպես նաև անտեսանելիության տեխնոլոգիայով պատրաստված շուրջ վեց տասնյակ կործանիչների խմբաքանակ պատվիրելու ծրագրերի մասին:
Հնդկաստանում նոր հակաբալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է իրականացվել: Բալիստիկ հրթիռի մեկնարկից մի քանի րոպե հետո արձակվել է հակահրթիռը: Այն մինչև 5,2 հազար կմ/ժ արագություն է հավաքել և դիպուկ խոցել թիրախը 16 կմ բարձրության վրա: Հնդկաստանը նախատեսում է ստեղծել հակահրթիռային պաշտպանության համակարգ և պարբերաբար դրա բաղադրիչների փորձարկումներ է իրականացնում:
Ճապոնիայում նախատեսում են 2014 թ. սկսել անտեսանելիության տեխնոլոգիայով պատրաստված սեփական արտադրության ինքնաթիռի փորձարկումները: 2009թ. Սկսած՝ ճապոնացիները ծրագրի վրա ծախսել են 473 միլիոն դոլար: Որոշումը պայմանավորված է ԱՄՆ կոնգրեսականների կողմից ընդունված՝ տվյալ ոլորտի նորագույն տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներով, թեև պետք է նշել, որ Ճապոնիայի պաշտպանական քաղաքականության իրականացումը մեծապես հենվում է ԱՄՆ հետ ռազմական համագործակցության վրա: