Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է «Искандер-М»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր Կոլոմնայում կգումարի պաշտպանական արդյունաբերության համալիրի և մասնավորապես`օպերատիվ մարտավարական «Искандер-М» հրթիռային համալիրների արտադրության արդիականացման հարցերին նվիրված խորհրդակցություն, որին կմասնակցեն նաև փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Մոսկվայի մարզի նահանգապետ Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և ձեռնարկությունների ղեկավարները:

АН-124 «РУСЛАН»-Ը ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է

ՌԴ պաշտպանության նախարարությունը կմասնակցի Ан-124 «Руслан» նշանավոր ռազմափոխադրական ինքնաթիռների արդիականացված շարժիչների արտադրության վերսկսման ծրագրին, որն իրականացնելու է ռուսաստանյան և արտասահմանյան ինքնաթիռների համար 55 տարբեր շարժիչներ արտադրող ուկրաինական «Мотор Сич» բաց բաժնետիրական ընկերությունը:

ԳՈՐԾԵԼ ԱՆԾԱՆՈԹ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

ՌԴ արևմտյան զինվորական օկրուգի բանակային ավիացիայի օդաչուները երեկ սկսված զորավարժությունների անծանոթ օդանավակայաններում գործելու վարժանք են իրականացրել: Սմոլենսկի մարզի «Դորոգոբուժ» և Լենինգրադի մարզի «Կինգիսեպպ» զորավարժարաններում անցկացվող մարտական պատրաստության ստուգատեսին մասնակցել է ավելի քան երկու տասնյակ «Ми-24» և «Ми-8» մարտական ուղղաթիռ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ 2013-ԻՆ ԿԱՃԻ ՄԵԿ ՔԱՌՈՐԴՈՎ

Ռուսաստանի 2013 թվականի պետական բյուջեում ազգային պաշտպանության բաժնում նախատեսված ծախսերը կավելանան 25,8, իսկ ազգային անվտանգության ու իրավապահ մարմինների գործունեության համար նախատեսված հատկացումները` 9 տոկոսով: Սակայն պաշտպանական բնագավառին հատկացումների աճի դինամիկան 2014-2015 թվականներին անհամեմատ կնվազի: Ընդհանուր առմամբ, 2013-2015 թվականներին պաշտպանությանը, անվտանգությանը և իրավապահ մարմիններին կհատկացվի ՌԴ պետբյուջեի 32-33 տոկոսը:
Առաջիկա երեք տարիներին կաճեն նաև զինծառայողների համար նախատեսված սոցիալական ծախսերը:

2018-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՏԻԵԶԵՐԱՆԱՎ

Նրանով հնարավոր կլինի իրականացնել երկարաժամկետ թռիչքներ, ինչպես նաև թռչել Լուսին: 2018-ին կսկսվեն նոր տիեզերանավի փորձարկումները: Հայտնելով այդ մասին, «Роскосмос»-ի ղեկավար Վլադիմիր Պոպովկինը նաև հայտարարել է, որ իրենք մտածում են դեպի Լուսին և ավելի հեռավոր ուղեծիրներ թռիչքների իրականացման մասին:
Նոր տիեզերանավը նախատեսված է վեց տիեզերագնացի համար և Ռեակտիվ-պարաշյուտային համակարգի շնորհիվ ընդունակ է տասը անգամ ավելի ճշգրիտ վայրէջք կատարել, քան «Союз» տիեզերանավը:

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՈՒՂՂԱԹԻՌ Է ՋԱԽՋԱԽՎԵԼ

Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ուղղաթիռը երեկ աղետի է ենթարկվել երկրի արևմուտքում: Վիրավորվել է երկու զինծառայող: Զորախմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում աղետի ճշգրիտ վայրն ու վիրավորված զինծառայողների ազգությունը չեն նշվում:

ԱՎԵԼԻ ՔԱՆ 7 ՄԻԼԻԱՐԴԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ

2012 թվականին Հնդկաստանին կվաճառվի 7,34 միլիարդ ԱՄՆ դոլարի ռուսաստանյան արտադրության սպառազինություն: Ռուս-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության նման ծավալները պայմանավորված են մի քանի խոշոր ծրագրերի իրականացումով, որոնցից գնային առումով ամենամեծը «Վիկրամադիտիյա» ավիակրի արդիականացումն է, որն արժեցել է 2,34 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացի այդ, նախատեսվում է այս տարվա ընթացքում Հնդկաստանին վաճառել 971 նախագծի «Ներպա» ատոմային սուզանավը, որն արժե 920 միլիոն դոլար, «Ми-17В-5» քառասուն ուղղաթիռ, «Су-30МКИ» քսանմեկ կործանիչ և «МиГ-29К/КУБ» ինը տախտակամածային կործանիչ: