Ռազմական
ՌԴ հակաօդային պաշտպանության զորքերի ռազմաօդային ուժերի գծով տեղակալ, գեներալ-մայոր Պավել Կուրաչենկոն հայտարարել է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի «С-400» զենիթահրթիռային համալիրների հինգերորդ գնդային լրակազմը:
Ժամանակակից այս համալիրների երկու գունդ այժմ մարտական հերթապահություն է իրականացնում մերձմոսկովյան տարածաշրջանում, մեկը` Բալթիական նավատորմի տեղակայման շրջանում և վերջապես չորրորդը` Նախոդկայում:
Ղրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Տալայբեկ Օմուրալիևը հայտարարել է ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի տեղակայման դիմաց վարձավճարի մեծացման մտադրության մասին:
201-րդ ռազմաբազան տեղակայված է երկրի չորս վայրերում, սակայն «Կանտ» ավիաբազան հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում և, որպես ՀԱՊԿ անդամ պետություն, Ղրղզստանն ինքն է հոգում վերջինիս կոմունալ ծախսերը՝ տարեկան վճարելով ավելի քան 300 միլիոն սոմ` շուրջ 400 միլիոն ՌԴ ռուբլի:
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնը, որ մի քանի օր առաջ հայտարարել էր, թե մինչ Սիրիայում իրավիճակի կայունացումը Ռուսաստանը դադարեցնում է Դամասկոսին սպառազինության մատակարարումն ու նոր գործարքների կնքումը, երեկ հստակեցրել է, որ ուղղաթիռների ու հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման մասին բոլոր պայմանագրերն ամբողջությամբ կատարվելու են:
Սիրիական կառավարական ուժերը երեկ պետական սահմանի հինգ հատվածներում հետ են մղել Լիբանանից Սիրիա անցնելու նպատակով զինված ահաբեկչական խմբերի իրականացրած մի քանի հարձակումներ: Մարտերի ընթացքում վիրավորվել է մեկ սահմանապահ: Անհամեմատ մեծ են գրոհայինների կորուստները: Այդ միջադեպերից հետո լիբանանա-սիրիական սահմանի պահպանությանն են միացել նաև սիրիական բանակային ստորաբաժանումներ:
Երկրի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում մշակել զորահավաքային համակարգի բարեփոխման ծրագիր, որը հնարավորություն կտա առաջիկա տարիներին զորակոչելու տասնյակ-հազարավոր ուլտրաօրթոդոքս հրեաների, հրեական կրոնական ուսումնարանների սաների և, հնարավոր է, հրեական պատմության մեջ առաջին անգամ` արաբ փոքրամասնության ներկայացուցիչների:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ օրենքում կատարվող փոփոխությունների նպատակը երկրի պաշտպանության գործը պետության բոլոր քաղաքացիների միջև հավասար կիսելն է:
Մեկնաբանելով Ղրղզստանի խորհրդարանի «Հանրապետություն» խմբակցության պատգամավորներից մեկի այն հայտարարությունը, թե Իսիկ Կուլի մարզի Բալիկչի քաղաքի բնակչությունը գանգատվում է Կանտում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ինքնաթիռների թռիչքների պատճառով հավերի ձվատվության անկումից և այն բանից, որ անասունները փախչում են արոտավայրերից, ՌԴ կենտրոնական զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Յարոսլավ Ռաշչուպկինը հայտարարել է, թե օկրուգի զորքերի հրամանատարությունն այդ մասին երբևէ որևէ գանգատ չի ստացել Կանտի ավիաբազային մերձակա բնակավայրերի բնակչությունից և որևէ կապ չի տեսնում զորախաղերի ու հավերի ձվատվության անկման, ինչպես նաև անասունների՝ արածելուց հրաժարվելու միջև:
ՌԴ զինված ուժերի ֆիզպատրաստության վարչության պետը հայտարարել է զորամասերում ֆիզպատրաստության սերժանտ-հրահանգիչների հաստիքների ստեղծման մասին: Ռուսաստանյան բանակի բրիգադներում այսօր կան ֆիզպատրաստության մասնագետներ, իսկ սերժանտ-հրահանգիչներից յուրաքանչյուրն անձնակազմի հետ պարապմունքներ կանցկացնի ֆիզիկական պատրաստության մեկ ասպարեզում` ձեռնամարտ, արգելքների հաղթահարում, ատլետիկ պատրաստություն և այլն ու դաշտային հավաքների, զորախաղերի ժամանակ, ինչպես նաև առաջին գծում հրամանատարներին կօգնի կազմակերպելու ֆիզպատրաստության պարապմունքները:
Սերժանտ-հրահանգիչները կուսուցանվեն Սանկտ-Պետերբուրգի Ֆիզիկական կուլտուրայի զինվորական ինստիտուտում կազմակերպվելիք որակավորման բարձրացման դասընթացներում: