Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Դրանք օգտագործվել են ՌԴ հարավային զինվորական օկրուգում անցկացված հրամանատարաշտաբային մարզումների ժամանակ, որը ղեկավարել է օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
Նոր մուլտիմեդիային միջոցների օգնությամբ մոդելավորվել է իրականին առավելագույնս մոտեցված օպերատիվ իրավիճակը, իսկ ստրատեգիական հրամանատարության պահպանությունն իրականացնող ստորաբաժանումները ետ են մղել հավանական հակառակորդի ավիացիայի ու հետախուզական-խափանարար խմբերի հարձակումները:

ԻՐԱՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է ԲԱՐՁՐ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՄԲ ԱՐԿԵՐ

Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է ինքնուղղորդման լազերային գլխիկով օժտված իրանական բարձր ճշգտության նոր արկերի փորձարկումները:
Նույն օրն ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Վաշինգտոնը կդիմի անհրաժեշտ բոլոր քայլերին` արգելելու Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը և չի բացառել հարկ եղած դեպքում Իրանի տարածքին օդից հասցվելիք հարվածների հնարավորությունը:

ՋԱԽՋԱԽՎԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԱԹՍ-Ն

Իսրայելի ռազմաօդային ուժերի և «Տաասիյա Ավիրիտ» կոնցեռնի համատեղ զորախաղերի ժամանակ ջախջախվել է աշխարհում ամենամեծ «Էյթան» անունը կրող ռազմավարական հետախուզության անօդաչու թռչող սարքը: Թևերի 26 մետր բացվածք ունեցող հսկան, որի չափերը համադրելի են Boeing 737 մարդատար ինքնաթիռի հետ, նախատեսված էր մինչև 13 կիլոմետր բարձրությունում 36 ժամ շարունակ աշխատելու համար, և, համաձայն արևմտյան լրատվամիջոցների պնդումների, բացի դիտարկման ու հետախուզական աշխատանքներից, իրականացնում էր ցամաքային և օդային ուժերի գործողությունների ներդաշնակում, շրջափակում հակառակորդի կապը, և կարողանալով օդ բարձրացնել մինչև 1 տոննա բեռ` սպառազինությունում ուներ նաև ծանր հրթիռներ:

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱՎՏՈՄԱՏ

Իժևսկի մեքենաշինական գործարանի կոնստրուկտորներն արդեն ավարտել են «АК-12»-ի մշակումը, պահպանելով այս ավտոմատների դասական պարզ կառուցվածքը և միաժամանակ նրանում օգտագործելով նորագույն նյութեր ու տեխնոլոգիաներ: Դրա շնորհիվ բարելավվել է հատկապես ավտոմատի փողի որակը, թույլ տալով բարձրացնել մենահատ կրակի ճշգրտությունը: Բացի այդ, հաջողվել է թուլացնել նաև հետհարվածի ուժը, ինչն ինքնին բարձրացրել է ավտոմատ կրակի արդյունավետությունը:
Նոր ավտոմատն արդեն գտնվում է գործարանային փորձարկումների փուլում, իսկ շուրջ մեկ տարի անց կհանձնվի պետական հանձնաժողովի դատին:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է… «ՄՈՍԻՆԻ» ՀՐԱՑԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կարգադրությամբ դադարեցվել է Առաջին աշխարհամարտում հռչակված 1891-1930 թվականներին արտադրված 7,62մմ տրամաչափի այս հրացանների ոչնչացումը: Այդ մասին Ռոգոզինը հայտարարել է ռուսական հրաձգային զենքի արտադրության առաջատար «ԻԺՄԱՇ» գործարանում և հավելել, որ Մոսինի հրացանները Ռուսաստանի ռազմական պատմության մի մասն են ու նաև թանգարանային արժեքավոր նմուշներ, որոնք ողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեն որսորդների ու զենքի կոլեկցիոներների շրջանում և որոշ փոքրիկ լրամշակումից հետո այդ հրացաններից յուրաքանչյուրը կունենա հարյուրավոր, եթե ոչ հազարավոր եվրո գին:

ՌԴ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԵՏԱՆԻՆ 2012-ԻՆ ՄԵԿ ԵՐՐՈՐԴՈՎ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԻ

Զորատեսակը կստանա «2С25 «Спрут-СД» 10 ժամանակակից ինքնագնաց հրետանային կայանքներ: Լողացող ավիադեսանտային թեթև թրթուրավոր հակատանկային այս կայանքներն ունեն 125 միլիմետրանոց հրանոթ, կրակի 4 կիլոմետր հեռահարություն և մեկ րոպեում 7 կրակոց արագահարություն: Նրանք նախատեսված են տանկերի, ինքնագնաց հրետանային կայանքների, զրահապատ շարժական այլ թիրախների դեմ պայքարի, ինչպես նաև դեսանտային ստորաբաժանումների կրակային աջակցության համար:

ՌԴ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԹԻՌ

Սկզբնապես նրանք կտեղադրվեն «МиГ-31БМ» կործանիչ-կալանիչ ինքնաթիռների, իսկ հեռանկարում՝ 5-րդ սերնդի օդային հարձակողական միջոցների վրա: Նոր հրթիռը, որն ունի ներֆյուզելաժային տեղադրություն (գտնվելու է ինքնաթիռի ներսում), օդային մարտում էապես կմեծացնի ՌԴ ռազմաօդային ավիացիայի մարտական ներուժը և մեծապես կընդլայնի նրա մարտական կիրառման որակների ու հնարավորությունների շրջանակը: Այդ մասին հայտարարել է զորատեսակի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը: