Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՆԱԿՆԿԱԼ ՍՏՈՒԳԱՅՑ

«ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը: Այցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզությունը: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է»:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

Փետրվարի տասնյոթին ազգային բանակի զորամասերում սկսվեց նոր՝ 2014թ. ուսումնական տարին: Ինչպես միշտ, այս անգամ էլ գործընթացն սկսվեց շարային ստուգատեսով (զորամասերն այն հիմնականում անցկացրել էին նախորդ շաբաթվա վերջում) և հանդիսավոր արարողությամբ՝ միտինգով, որին հաջորդեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքները: Ծավալուն ու մարտական պատրաստականության կարևոր մաս կազմող այս միջոցառումների անցկացումը վերահսկելու և զորամասերի հրամկազմերին տեղում գործնական օգնություն ցույց տալու համար պաշտպանության նախարարությունից և ԶՈՒ ԳՇ-ից զորամասեր էին մեկնել ղեկավարներ, հանձնաժողովներ:

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասի նորակոչիկները երբեք չեն մոռանա 2014թ. փետրվարի 2-ը: Հենց այդ օրը նրանք կատարեցին իրենց կյանքի ամենակարևոր քայլը, զինվորական երդում տվեցին: Այո՛, երիտասարդ տղաները իրենց ընկերների, հարազատների, հրամանատարների առջև հպարտորեն երդվեցին անգամ կյանքի գնով պաշտպանել հայրենիքն ու հայրենի սրբությունները:

ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԸ ԵՎ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական շրջանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդիպումներ ունենալով զորամիավորումների, կայազորների սպայակազմերի հետ, հատկապես կարևորում էր վաշտերի (մարտկոցների) հետ տարվող աշխատանքը և զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների առջև խնդիր էր դնում ավելի ուշադիր լինել նշված ստորաբաժանումների հրամանատարների նկատմամբ և իրենց փորձից ելնելով՝ ցուցաբերել ամենօրյա գործնական օգնություն, որովհետև հենց այդ օղակներում են կյանքի կոչվում մարտական պատրաստության խնդիրները, ինչպես նաև այդ օղակներում են ձևավորվում կրթական, դաստիարակչական տարբեր պատրաստվածություն ունեցող զինծառայողների միջանձնային ե՛ւ դրական, ե՛ւ բացասական երևույթները, նրանց վերաբերմունքը զինվորական ծառայության և զորամասի՝ որպես իրենց ընդհանուր տան նկատմամբ: Իսկ գումարտակի հրամանատարը և ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող սպաները, որոնք ժամանակին վաշտերի (մարտկոցների) հրամանատարներ են եղել, պարտավոր են օգնել և իրենց փորձը փոխանցել զորամասերի հիմքը հանդիսացող ստորաբաժանումների երիտասարդ հրամանատարներին:

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ

2014թ. հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը: Հայկական ստորաբաժանման տեղափոխումը Հայաստանից Գերմանիա եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով:

ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

«Թեեւ կարող էի վեց ամսից զորակոչվել, բայց ընկերուհիս` Աննան, պնդեց, որ գնամ ու ծառայեմ: Միասին էլ զինկոմիսարիատ գնացինք: Դիմում գրեցի եւ, ահա, մեկնում եմ ծառայության: Աննայի համար կարեւոր է, որ իր ընտրյալը բանակում ծառայած լինի: Ասում է` չի ամուսնանա հայրենիքի հանդեպ իր պարտքը չկատարած երիտասարդի հետ: Սովորում եմ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետի առաջին կուրսում: Ընկերուհիս կարծում է, որ պատմություն դասավանդելու, հայրենիքի մասին խոսելու իրավունք ձեռք կբերեմ ոչ թե համալսարանն ավարտելուց, այլ գերազանց ծառայելուց հետո: Ես համամիտ եմ եւ վստահ` կարդարացնեմ Աննայի ակնկալիքները, նա ինձնով հպարտանալու առիթներ դեռ շատ կունենա: Աննան ծնվել է նոյեմբերի 25-ին, Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը: Նրա համար Մոնթեն հայրենասիրության, նվիրումի, ազնվության, արդարամտության, արժանապատվության մարմնացում է: Աննան ասում է, որ Մոնթեն այն իդեալն է, որին պետք է ձգտել: Խոստացել եմ շարունակել Մոնթեի գործը… Կծառայեմ ու կսպասեմ Աննայի նամակներին: Որոշել եմ` հենց զորացրվեմ, Աննային ամուսնության առաջարկություն եմ անելու: Վստահ եմ՝ չի մերժի»:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ

1-ին բանակային զորամիավորումում նոր ուսումնական տարին մեկնարկեց մի շարք պլանային միջոցառումներով, որոնցից առանձնանում է հնգօրյա հրամանատարական հավաքը, որին մասնակցում էին ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, եւ որի բարձր մակարդակով անցկացման համար լրացուցիչ խթան եղավ պաշտպանության նախարարի` վերջերս զորամիավորում կատարած այցը, որի ընթացքում Սեյրան Օհանյանը, ի թիվս այլ հարցերի, կարևորեց վաշտ-մարտկոց օղակների դերը, որպես ուսուցման ու դաստիարակության կենտրոնների: Հրամանատարական հավաքի տեսական պարապմունքներն ընթացան անհրաժեշտ մեթոդական բազայով համալրված, լավ կահավորված լուսավոր լսարաններում, ցուցադրականը` շարահրապարակում, մարտավարական դաշտում և այլ բացազատված տեղամասերում: