Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՓՈԽԱԴԱՐՁ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

«Վաշտի հրամանատար կապիտան Հարություն Հակոբյանը զորամասի երիտասարդ սպաներից է։ Ծառայության տարիներին նկատվեց, որ հիմնովին տիրապետում է իր մասնագիտությանը, աշխատասեր է, բարեխիղճ, միեւնույն ժամանակ՝ խստապահանջ ու հոգատար։ Ամենակարեւորը՝ զինվորներն ու հրամանատարը վստահում են միմյանց»,- այդպես բնութագրեցին վաշտի հրամանատարին։
Ծնվել է 1984թ. Վայոց ձորի Արտավան գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ՌԻ։ 2005-ին ավարտելով ինստիտուտը, անցել է ծառայության` որպես դասակի հրամանատար։ 2009-ից վաշտի հրամանատար է։

ԿԱՋԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Նոյեմբերի 7-9-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հարավային Կովկասի հանրապետությունների մասնակցությամբ տեղի է ունեցել Կարիքների ներկայացման համաժողովը: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արա Մեսրոպյանը:
Այս համաժողովն առաջին անգամ կազմակերպել է Եվրոպայում Ամերիկյան ուժերի հրամանատարությունը` 2002թ.:

ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերի 3-4-ը Բրյուսելում տեղի ունեցավ «Պաշտպանական քաղաքականություն եւ ռազմավարություն» թեմայով ամենամյա համաժողովը, որում Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արա Մեսրոպյանը:
«Համաժողովը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման վարչության կողմից եւ հետապնդում էր երկու նպատակ՝ քննարկել ՆԱՏՕ-ի դերը իր գործընկեր երկրների պաշտպանական կարողությունների զարգացման գործում և երկրորդ՝ ներկայացնել ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնությունները ընդհանուր, դաշնակցային եւ բազմազգ գործողությունների համար»,- ասաց Ա. Մեսրոպյանը:

ՄԱՍՆԱԿՑԵՑ 31000 ԴՊՐՈՑԱԿԱՆ

Նոյեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց ռազմամարզական սպարտակիադայի վերջին մրցումը՝ ռազմականացված փոխանցումավազք: Ռազմական ինստիտուտի ֆիզիկական պատրաստության եւ սպորտի ամբիոնի պետ փոխգնդապետ Հ. Մարգարյանը դպրոցականներին բացատրում է մրցման կանոնները, ապա մասնակից թիմերի դպրոցականները վազքուղում զբաղեցնում են իրենց տեղն ու թեժ պայքարի մեջ մտնում. 8 կիլոգրամանոց պարկը ձեռքին` վազորդը հաղթահարում է տարածությունը, այնուհետեւ շարունակում են ընկերները՝ վազում են եւ միաժամանակ պատգարակով տեղափոխում վիրավորին:

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց կոնֆերանս «Մարտական պատրաստության կազմակերպման եւ անցկացման արդյունքների վերլուծությունը, պարապմունքների կազմակերպման եւ անցկացման մակարդակի բարձրացման ուղիներն ու մեթոդները» թեմայով: Կոնֆերանսը կազմակերպել էր ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը, մասնակցում էին զորամիավորումների հրամանատարների` մարտական պատրաստության գծով տեղակալներ, տարբեր զորատեսակների համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 11-ին Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ՀՀ պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք՝ շուրջ 40 մարդ, պաշտպանության նախարարության կազմակերպած հավաք-պարապմունքների շրջանակում մասնակցեցին գործնական պարապմունքի:
Երեք ուսումնական կետից առաջինում կատարվում էր ավտոմատ զենքի քանդում-հավաքում՝ ըստ ժամանակային նորմացույցի, երկրորդում կրակային վարժություն էր ընթանում, իսկ երրորդում՝ ուսումնական (իմիտացիոն) նռնակներ նետում: Գործնական պարապմունքները ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի գնդապետ Հակոբյանը:

«ԲԺՇԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»

Առողջ զինվոր ունենալու նախադրյալները ձեւավորվում են դեռեւս քաղաքացիական կյանքից, նախազորակոչային շրջանից։ Այն, որ այսօր իջեցվել է նախազորակոչային տարիքի շեմը եւ համապատասխան հրամանով հանձնարարություն է տրվել տարածքային պոլիկլինիկաներին 13-14 տարեկանից սկսած` զինակոչիկներին պարբերաբար ենթարկել բուժզննման, հայտնաբերել հիվանդությունները եւ իրականացնել համապատասխան բուժսպասարկում, արդեն բանակում առողջ զինվոր ունենալու կարեւոր նախադրյալ է։