Ազգային բանակ
Հրետանային զորամասերից մեկում անցկացվեց տոնական ճեպամրցում (էստաֆետ)` նվիրված Հրթիռային զորքերի եւ հրետանու օրվան: Ճեպամրցմանը մասնակցեցին հրանոթների հաշվարկներ տարբեր զորամասերից: Միջոցառումը ոչ թե մրցակցային բնույթի էր, այլ տոնական օրվա առիթով զինծառայողներին ոգևորելու, բոլորին ուրախ տրամադրություն հաղորդելու և հիշարժան պահեր պարգևելու նպատակ ուներ:
Հրթիռային զորքերի եւ հրետանու մարտական պատրաստության պլանի համաձայն` հրետանային զորամասերն ու ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են ճամբարային հավաքների եւ դաշտային ելքերի ուսումնական կենտրոններում կամ զորամասերի հրաձգարանների համապատասխան տարածքներում` ամառային եւ ձմեռային ուսումնական փուլերի ընթացքում: Հավաքների առաջին շաբաթվա ընթացքում անցկացվում են հաշվարկների, ապա դասակների ու մարտկոցների, վերջում` դիվիզիոնների միջեւ ներդաշնակման պարապմունքներ:
ՀՀ ԶՈՒ 2011թ. ուսումնական տարվա պատրաստության եւ ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու 2011թ. մարտական պատրաստության պլանի համաձայն` ՀՀ զինված ուժերի զորամասերում անցկացվեց հրետանավոր սպաների «Կրակային վահան» մասնագիտական համաբանակային մրցույթը: Այն նվիրված էր զորատեսակի կազմավորման 19-րդ տարեդարձին, արդյունքներն էլ հայտարարվեցին մասնագիտական տոնից օրեր առաջ:
ՀՀ ԶՈՒ 2011թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը անցկացվեց «Լավագույն հրետանային մարտկոց» համաբանակային մրցումների եզրափակիչ` երրորդ փուլը: Եզրափակիչի մասնակիցները որոշվեցին առաջին երկու փուլերում` զորամասերում, ապա զորամիավորումների ուժեղագույն մարտկոցների միջեւ կայացած «մրցավեճում»: Այնուհետեւ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության մասնագետներից կազմված քննական հանձնաժողովը շրջեց համապատասխան զորամասերում, համակողմանի ուսումնասիրեց եւ ստուգեց 7 մարտկոցների ամենօրյա ծառայությունը, առաջադրված խնդիրները կատարելու նրանց կարողությունը:
«Մենք այստեղ նոր համալրման զինվորներին հասու ենք դարձնում ինչպես նոր ստացված, այնպես էլ հայրենի ռազմարդյունաբերական ձեռնարկություններում արդիականացված զենիթահրթիռային համալիրներին, հրետանային հետախուզության եւ կրակի կառավարման ինքնաշխատ համակարգերին։ Ուրիշ նորագույն սարքերի ու զինատեսակների եւս այս դաշտային ելքի օրերին տղաները ծանոթանում ու հընթացս յուրացնում են։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ դրանց բացարձակ մեծամասնությունը, մանավանդ օպտիկական սարքերը, գրեթե ամբողջությամբ, հայկական արտադրության են, որոնցից աշխարհի ոչ մի բանակ չունի»։
ՀՀ զինված ուժերի կապի ստորաբաժանումներում ամփոփվեցին «Լավագույն կապի դասակի հրամանատար» մրցույթի արդյունքները: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց հոկտեմբերի 7-ին, իսկ մինչ այդ ներզորամասային եւ ներկորպուսային փուլերում արդեն որոշվել էին եզրափակչի մասնակիցները: Մրցույթի ընթացքում ամենաբարձր արդյունքն է գրանցել եւ լավագույն կապի դասակի հրամանատար է ճանաչվել կապի գնդի դասակի հրամանատար լեյտենանտ Վ. ՆԵՐԿՐԱՐԱՆՑԸ: Բարձր ցուցանիշներ են գրանցել նաեւ հրաձգային գումարտակի կապի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Տ. Սմբատյանը եւ կապի վաշտի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Պ. Մինոյանը:
2011թ. զինված ուժերի պատրաստության գործընթացը նշանավորվեց կարևոր մի իրադարձությամբ` մեկնարկեցին պահեստազորայինների առաջին վարժական հավաքները: Վարժական հավաքներ, որպես այդպիսին, զինված ուժերում նախկինում չեն անցկացվել: Պատերազմական տարիներին սովորական հավաքներում ընդգրկված անձինք պարզապես համալրել են մարտական ստորաբաժանումները, որի միջոցով լուծվել են առավելապես հաշվառման և կազմակերպչական խնդիրներ: Մինչդեռ վարժական հավաքները անչափ կարևոր նպատակ են հետապնդում` պահեստազորում կուտակել ռազմաուսուցանված մասնագետների: