Նորություններ
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ տարկետումների տրամադրման տարեցտարի ավելացման պատճառով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ռեսուրսը փաստականորեն սպառվում է: Զորակոչիկների շուրջ 60 տոկոսը զինծառայությունից տարկետման իրավունք է ստանում կամ ընդհանրապես ազատվում առողջական խնդիրների պատճառով: Գեներալն առաջարկել է հետևել բազմաթիվ պետություններում ընդունված չափանիշներին և պետական ծառայության ընդունել միայն ու միայն զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայություն անցած անձանց:
Երեկ Դամասկոսից իր դեսպանին ետ է կանչել նաև Մարոկկոն, որի դիվանագիտական ներկայացուցչությունն օրերս ենթարկվել էր զայրացած ցուցարարների հարձակմանը:
Իսկ Արաբական պետությունների լիգայի արտգործանախարարների համաժողովը կազմակերպության անդամ բոլոր պետություններին կոչ է արել Սիրիայից ետ կանչել իրենց դեսպաններին:
Շուրջ 150 բարձրաստիճան սպաների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունը նոր կազմավորվող Լիբիայի ազգային բանակի գլխավոր շտաբի պետ է ընտրել գեներալ Խալիֆ Բելկասեմ Խավթարին, որի թեկնածությունն առաջիկա օրերին կներկայացվի երկրի Անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլի հաստատմանը:
Խորհրդակցության ընդունած որոշման մեջ նշվում է, որ գեներալն ունի զորքերում ծառայության և զինվորական ստորաբաժանումներ ղեկավարելու մեծ փորձ, ինչպես նաև` մեծ ավանդ լիբիական հեղափոխության հաղթանակի գործում:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ 2012թ. օլիմպիական խաղերի ընթացքում Լոնդոնի պաշտպանությունը ապահովելու համար իրենք պատրաստ են օգտագործել հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրներ, եթե անվտանգության մյուս միջոցառումների հետ մեկտեղ անհրաժեշտ համարվի «երկինք-օդ» դասի հրթիռների տեղակայումը:
Այս մասին նախարարը խոսել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել օլիմպիադայի անվտանգության ապահովման ոչ բավարար մակարդակի մասին: Ամերիկացիները ցանկանում են հատուկ ծառայությունների շուրջ 1000 աշխատակցի ուղարկել Լոնդոն իրենց մարզիկների և դիվանագետների անվտանգության համար:
«Սիրիայի անկախ բանակի» մարտիկները հարձակվել են Դամասկոսի արվարձաններից մեկում տեղակայված երկրի ռազմաօդային ուժերի հետախուզական ծառայության համալիրի վրա: Այս հարձակումը սիրիական բանակի նախկին զինծառայողների խոշորագույն ակցիան էր մարտ ամսից շարունակվող հակակառավարական ելույթների ընթացքում:
Սկզբում շենքերը գնդակոծվել են ականանետներով և գնդացիրներով, ապա մարտեր են ծավալվել տանկերի և նույնիսկ ուղղաթիռների ներգրավումով: Առայժմ այնտեղ տիրող իրավիճակի, զոհերի մասին ստույգ տեղեկություններ չկան, քանի որ տարածքը շրջապատված է կառավարական ուժերով:
Իրանի ատոմային օբյեկտներին հարվածելու շուրջ հավանական զարգացումնրը վերջին օրերին բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Արդյունքում մեծ ճանաչում է ստացել Persian Incursion խաղը, որը հնարավորություն է տալիս մոդելավորել երկու պետությունների միջև հավանական հակամարտության տարբեր սցենարներ:
Խաղը շուկայում հայտնվել է 2010թ., սակայն միայն այժմ է դուրս եկել ռազմական խաղերի սիրահարների նեղ շրջանակից: Հատկանշական է, որ խաղի տեսությունը հրապարակել է նաև Foreign Report հեղինակավոր հանդեսը, այն էլ` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հրապարակելու հաջորդ օրը:
Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության (ատոմային օբյեկտների շինարարությամբ և պահպանությամբ զբաղվող ստորաբաժանում) հրամանատար գեներալ Գոլամրեզա Ջալալին հայտնել է, որ թեև երկրի տարածքում մի քանի համակարգիչներ վարակվել են Duqu վիրուսով, բայցեւայնպես իրանցի մասնագետները արդեն հակավիրուս են ստեղծել, և իրավիճակը վերահսկվում տակ է:
Duqu «որդը» մի քանի տարրերից է բաղկացած, որոնք օգտագործում են Windows-ի ատոմի մինչ այժմ անհայտ խոցելի հատվածը, բաց են թողնում վնասարար կոդը, որն էլ ձայնագրում և փոխանցում է ստեղնաշարով հավաքվող գաղտնաբառերը և այլ տվյալներ: