Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՉՆՉԱՑՆԵԼ «ՀԱՄԱՍ»-ԻՆ

Այդ մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները` հենվելով Իսրայելի զինված ուժերի հրամանատարության անանուն աղբյուրներից ձեռք բերված տեղեկությունների վրա,, սակայն դժվարանում են նշել, թե երբ կսկսվի գործողության իրականացումը:
Հաղորդվում է միայն, որ համաձայն Իսրայելի հատուկ ծառայությունների տեղեկությունների` Գազայի հատվածում են կուտակվել Լիբիայի զինապահեստներից գողացված մեծ քանակությամբ տարբեր հրթիռային համալիրներ, որոնց միջոցով ՀԱՄԱՍ-ը կարող է հարվածներ հասցնել անմիջապես Իսրայելի մայրաքաղաքին:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ 10 ՄԻԼԻՈՆ ՏՈՆՆԱ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս ՌԴ զինված ուժերի զինապահեստներում կուտակվել է 20 միլիոն տոննա զինամթերք ու մարտական տեխնիկա, որի ուղիղ կեսը ժամկետանց է և մինչև 2020թ. պետք է վնասազերծվի ու ոչնչացվի: Արդյունքում պետությունը կստանա մինչև 10,5 միլիարդ ռուբլու օգուտ` շուկայում վաճառելով մոտ 3,5 միլիոն տոննա սև, 520 հազար տոննա գունավոր և 35 տոննա թանկարժեք մետաղներ, ինչպես նաև 114 հազար տոննա վառոդ և այլ պայթուցիկ նյութեր:

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄ ՈՒԶԲԵԿԱ-ՏԱՋԻԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Փոխհրաձգության արդյունքում մահացու վերքեր է ստացել Ուզբեկստանի սահմանապահ զորքերի մեկ սերժանտ: Ուզբեկական կողմի պնդմամբ, երբ սահմանապահները հայտնաբերել ու կանխել են թմրանյութերի խոշոր խմբաքանակի՝ 3,8 կգ հերոինի տեղափոխումն Ուզբեկստանի տարածք, հայտնվել են մաքսանենգների և… տաջիկ սահմանապահների կրակի գոտում:
Տաջիկական կողմն էլ, հաստատելով փոխհրաձգության փաստը, պնդում է, որ Տաջիկստանի բնակիչը փորձել է անօրինական ճանապարհով հատել սահմանը և հայտնվել է ուզբեկական կողմի կրակի գոտում:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՐԱԳ ԲԱՑԱԶԱՏՎՈՂ ՌՄԲԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑ

Զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում ՌԴ մայրաքաղաքի բնակչությանը ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական սպառնալիքներից պաշտպանելու կոչված այս նախագծի ամբողջական մշակումը կավարտվի 2012թ. ամռանը: Նախագծման աշխատանքների համար քաղաքի բյուջեից հատկացվել է 125 միլիոն ռուբլի:
Նախատեսվում է ստեղծել երեք տեսակի՝ 50, 100 և 150 մարդու համար նախատեսված ապաստարաններ, որոնք զանգվածային ոչնչացման զենքի կիրառման վտանգի դեպքում շինարարները կմոնտաժեն մի քանի օրվա ընթացքում:

ԱՄՆ-Ը ԶԵՆՔ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ` ԻՐԱՆԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄՆ ղեկավարությունը ծրագրում է Պարսից ծոցի իր առանցքային գործընկերներին մատակարարել նորագույն սպառազինություն, այդ թվում` բունկերների ոչնչացման համար նախատեսված ռումբեր, ինչը Իրանին հակազդելու նպատակով տարածաշրջանային կոալիցիա կազմելու ամերիկյան ծրագրերի մաս է կազմում: Բացի այդ, Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո հենց նրանք են դառնալու Իրանի գլխավոր հակակշիռը:

ԻՆՔՆԱԿԱՄ ԻՍՐԱՅԵԼ ՄԵԿՆՈՂ ԻՐԱՆՑԻՆԵՐԸ ԽԻՍՏ ԿՊԱՏԺՎԵՆ

Իրանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել ինքնակամ Իսրայել այցելող իրանցի քաղաքացիների համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքում: Այս օրենքն ընդունվել է դեռ 1972թ., որում թվարկված են այն պետությունները, դեպի ուր երկրի բնակիչները կարող են մեկնել առանց սահմանափակումների, և այն երկրները, որտեղ շրջագայելու համար պահանջվում է իշխանությունների թույլտվությունը:

«ԻՍԿԱՆԴԵՐ» ՀԱՄԱԼԻՐԻ ՀՐԹԻՌԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ 5 ՄԵՏՐ Է

Ռուսաստանի զինված ուժերում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի փորձարկումներ են անցկացվել ուղղորդման նոր համակարգով: Նոր համակարգով ծրագրավորված հրթիռի թռիչքի ուղղությունը ճշգրտվել է հատուկ լուսանկարներով: Արդյունքում խոցման ճշգրտությունը կրկնակի աճել է` հասնելով մինչև 5 մետրի:
Նոր մեթոդի էությունը հետևյալն է. հրթիռի թռիչքի ընթացքում արտաքին սենսորների միջոցով ստացված տեղանքի ընթացիկ պատկերները համեմատվում են նախապես պատրաստված թվային էտալոնային պատկերի հետ: