Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՋՐԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՍՈՒԶԱՆԱՎ Է ՀԱՅՏՆՎԵԼ

Այս մասին իր հեռուստաելույթում հայտնել է երկրի նախագահ Հուգո Չավեսը: Անհայտ պատկանելության սուզանավը զորավարժությունների ժամանակ Վենեսուելայի զինվորականները հայտնաբերել են Կարիբյան ծովի Օրչիլա կղզում, որտեղ գտնվում է երկրի ռազմակայաններից մեկը: Սուզանավը հասցրել է թաքնվել, և անհնար է եղել ճշտել նրա պատկանելությունը:

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆՆԵՐԸ

Ռուսական «Իզվեստիա» թերթի տվյալներով, Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի բոլոր ժամկետային զինծառայողներին կփոխարինեն պայմանագրային զինծառայողներ:
Թերթը նշում է, որ ժամկետային զինծառայողները Տաջիկստանում պարբերաբար ինչ-որ միջադեպի մասնակից են դառնում և որոշակի խնդիրներ առաջացնում: Իսկ պայմանագրայինները գիտեն, թե ուր են գնում և կարող են պատասխան տալ իրենց գործողությունների համար:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԻՊԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ռուսաստանի զինված ուժերի Արևմտյան ռազմական օկրուգում հաջողությամբ ավարտվել են ֆիզիկական պատրաստության նոր տիպային ծրագրի փորձարկումները, որոնցում ներգրավված էր մոտոհրաձգային և տանկային բրիգադների ավելի քան 500 ժամկետային զինծառայող:
Ծրագիրը մշակվել է ՌԴ ֆիզիկական կուլտուրայի ռազմական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնում: Նախկինում կիրառվող մեթոդներից նորը առանձնանում է նրանով, որ ֆիզիկական պատրաստությունը բաժանված է երեք փուլի` ադապտացիոն, չափավորված և ինտենսիվ: Դա ապահովում է ծանրաբեռնվածության աստիճանական ավելացում և ֆիզիկական կայուն զարգացում:

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ԿԻԲԵՌԳՐՈՀՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հարձակողական միջոցների համակարգ է մշակում` պետության ենթակառուցվածքների ռազմական և քաղաքացիական որոշ տարրեր կիբեռհարձակումներից պաշտպանելու համար:
Պենտագոնի առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալության ղեկավար Ռեջինա Դագանի գնահատմամբ, ներկայում համակարգիչների միջոցով կառավարվող ֆիզիկական, ենթակառուցվածքային և այլ համակարգերի աշխատանքի անվտանգությունը խաթարող սպառնալիքների աճ է գրանցվում:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՈՒՄ ԻՐ ԶՈՐՔԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Գերմանիայից իր զորքերը դուրս բերելու մասին: Բրիտանացի զինծառայողների թիվը ԳԴՀ-ում շուրջ 20 000 է, քաղաքացիական աշխատողների և ընտանիքների անդամների հետ միասին` 43 000 մարդ:
Զինվորական հրամանատարությունը մտադիր է զորախումբն ամբողջությամբ դուրս բերել մինչև 2020թ., նախատեսվածից 15 տարի շուտ, ինչը թույլ կտա նվազեցնել ռազմական ծախսերը և տարեկան խնայել շուրջ 250 միլիոն ֆունտ:

ԴԱՇՏԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼՆԵՐԸ ԱՆՊԻՏԱՆ ԵՆ ԵՂԵԼ

ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերին է մատակարարվել շահագործման համար ոչ պիտանի 15 դաշտային հոսպիտալ 264 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ:
Քննության տվյալներով, ԶՈՒ հասցված վնասի համար պատասխանատու է պաշտպանության նախարարության աշխատակից Ալեքսանդր Սուգարովը: Նա, օրենքը շրջանցելով, ընդունել է անպիտան արտադրանքը, թեև այն չի համապատասխանել սահմանված տեխնիկական չափանիշներին:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ը ՄԻԱՍԻՆ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ԴԵՄ

Ռուսաստան կատարած այցի ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերի` Եվրոպայում և Աֆրիկայում քաղաքականության, ռեսուրսների և ռազմավարության հարցերով վարչության պետ ծովակալ Քեննետ Նորթոնը բանակցել է ՌԴ ռազմական նավատորմի զարգացման պլանավորման վարչության պետ գերծովակալ Վասիլի Լյաշոկի հետ: