Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՐՇԵՋ ՄԵՔԵՆԱՆԵՐ` ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻՆ

ՌԴ Հյուսիսային նավատորմը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ համալրվել է հրշեջ նոր մեքենաներով: Հակահրդեհային պաշտպանության ստորաբաժանումներն ստացել են 21 ԱՑ 6-40 մեքենաներ, մինչև տարեվերջ կմատակարարվի ևս 12-ը:
Առաջին հերթին նոր տեխնիկայով համալրվել են զինապահեստները, հրթիռահրետանային սպառազինության պահեստները, վառելիքա-քսուքային նյութերի պահպանման բազաները: Մեքենաներն ունեն բարձր անցանելիություն, հրդեհի մարման միջոցների օպտիմալ ընտրության և տեղակայման շնորհիվ զգալիորեն նվազեցված է մարտական հաշվարկի ծավալման ժամանակը:

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՄՆ-ը համաձայնվել է Թուրքիային փոխանցել F-16 Fighting Falcon կործանիչների ծրագրային ապահովման մեկնարկային կոդերը, ինչի արդյունքում երկիրը հնարավորություն կստանա ինքնաթիռների վրա տեղադրել սեփական մշակման լրացուցիչ սարքավորումներ և սպառազինություն:
Թուրքիան կստանա սպառազինության և ինքնաթիռի կառավարման համակարգերի համագործակցումն ապահովող ծրագրի կոդերը և կարդիականացնի 213 կործանիչ: Ինքնաթիռներից յուրաքանչյուրի վրա կատարվող աշխատանքները գնահատվում են շուրջ 5,2 միլիոն դոլար:

ԽԼԱՄՆ ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Ամերիկյան սպառազինության համակարգերում լայնորեն օգտագործվում են չինական արտադրության դետալներ և կեղծ էլեկտրոնային սարքավորումներ: Այսպիսի եզրակացության է հանգել ԱՄՆ Սենատի` զինված ուժերի հարցերով հանձնաժողովը:
Հանձնաժողովը ուսումնասիրել է ավելի քան 100 սարքավորումներ և պարզել է, որ դրանց դետալների 70 տոկոսը գնվել է Չինաստանում: Եվս 20 տոկոսը ստացվել է Կանադայից և Մեծ Բրիտանիայից, սակայն դետալները միջնորդների միջոցով կրկին Չինաստանից են ձեռք բերվել:

ՈՎ Է ԱՄԵՆԱՇԱՏԸ ՕԳՏՎԵԼ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ արաբական հեղափոխություններից ամենամեծ օգուտը քաղել են իրենք՝ տիրանալով լիբիական զենքին, սակայն չի հստակեցրել, թե ինչ քանակությամբ ինչ զինատեսակներ են հայտնվել իրենց ձեռքում:
Նա ապստամբներին կոչ է արել ոչ մի դեպքում չհանձնել զենքը, որը Լիբիայում իսլամական կարգերի հաստատման գլխավոր գրավականն է:

ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԱՆԴԱՌՆԱԼԻ» ՊԱՏԵՐԱԶՄԻ

Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ առաջիկայում Իսրայելը պատերազմ կսկսի արաբական մեկ կամ մի քանի պետությունների դեմ, և հնարավոր է, որ ստիպված լինի բոլոր ճակատներում կռվելու համար մոբիլիզացնել բոլոր ուժերը: Նման հեռանկարը նա բացատրել է տարածաշրջանային անկայունությամբ, արաբական հեղափոխություններով և իրանական սպառնալիքով:
Միաժամանակ, արևմտյան լրատվամիջոցները, հիմնվելով Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ունեցած տեղեկությունների վրա, պնդում են, որ վերջին օրերին ԱՄՆ-ը Իսրայելին է փոխանցել յուրաքանչյուրը մոտ մեկ տոննա կշռող 55 ռումբ, որոնք նախատեսված են մեծ խորության ստորգետնյա բունկերների ոչնչացման համար: Ենթադրվում է, որ դրանք կօգտագործվեն Իրանին հարված հասցնելու ընթացքում:

ՎՐԱՍՏԱՆՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ

Թբիլիսիում սկսված Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի հերթական նիստում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և հավելել, որ Դաշինքը կշարունակի ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու ճանապարհին աջակցել Վրաստանին և ուշադրությամբ հետևել պաշտպանական բնագավառում բարեփոխումների իրականացման, օրենքի գերակայության հաստատման ու ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ընթացքին:

ԹԲԻԼԻՍԻՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ Է «ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԲԱՆԱԿ»

Ռուսական լրատվամիջոցների պնդմամբ, այս կազմավորումների ստեղծումը պայմանավորված է առաջիկա ընտրություններից առաջ Վրաստանի ներքաղաքական դաշտում նոր արմատական ընդդիմության՝ գործարար Բիձինի Իվանիշվիլիի հայտնվելով:
Նորագիրները, ովքեր «ծառայության» համար ստանում են ամսական 300 լարի, մարտական պատրաստության դասընթացներ են անցնում Սենակիի ռազմաբազայում: Ըստ վրացական աղբյուրների` նախատեսվում է հավաքագրել մինչև 25.000 ռեզերվիստ: