Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈՉ ՄԻ ՄԱՐՏՈՒՆԱԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՉՈՒՆԻ՞

2005-2007 թվականներին Ուկրաինայի պաշտպանության նախարար Անատոլի Գրիցենկոն, որն այժմ գլխավորում է խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հարցերի հանձնաժողովը, երկրի նախագահին մեղադրել է անցած երկու տարիներին Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանության վերաբերյալ ոչ մի հիմնարար փաստաթուղթ չհաստատելու համար, ինչի հետևանքով էլ 2010-2011 թվականները պետք է երկրի զինված ուժերի համար կորած տարիներ համարել:

ԻՍՐԱՅԵԼԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ երկրի կառավարությունը նախընտրում է Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված խնդիրը լուծել ուժային ճանապարհով: Նա ասել է, որ տարբեր երկրների հատուկ ծառայությունները գնալով ավելի հաճախ են զգուշացնում, որ երկու տարի անց Իրանը արդեն միջուկային զենք կունենա, իսկ ՄԱԳԱՏԵ-ն պնդում է, որ Իրանում արդեն ընթանում են միջուկային մարտագլխիկի համակարգչային մոդելավորման աշխատանքները: Համարվում է, որ այս զեկույցը կարող է շրջադարձային լինել Իրանի նկատմամբ Արևմուտքի որդեգրած քաղաքականության համար: Պաշտոնական Թեհրանն այս զեկույցն արդեն որակել է «կեղծ ու շինծու»:

ՄԻ՜ ՔՆՆԱԴԱՏԵՔ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ԱՄՆ զինված ուժերի գեներալ Պիտեր Ֆուլլերը Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորախմբի հրամանատարի տեղակալի պաշտոնից իսկույն հեռացվել է միայն այն բանի համար, որ Աֆղանստանի ղեկավարությանը հրապարակավ անվանել է «անշնորհակալ, անկանխատեսելի ու իրականությունից կտրված» և հայտարարել, որ նրանք չեն հասկանում, թե իրենց երկրի պատճառով որքան զրկանքներ է կրում Միացյալ Նահանգները: Գեներալի քննադատության համար առիթ էր դարձել նախագահ Քարզայի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-Պակիստան զինված բախման դեպքում Աֆղանստանը կպաշտպանի Պակիստանին:

ԱՄՆ-ՍԻՐԻԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՈՒՆԸ ՍՐՎՈՒՄ Է

Դամասկոսն ԱՄՆ-ին մեղադրում է ոչ միայն Սիրիայի ներքին գործերին կոպիտ միջամտելու, այլև ահաբեկիչներին ֆինանսավորելու համար: Նախօրեին, երբ Սիրիայի իշխանությունները, պահպանելով Արաբական պետությունների լիգայի հետ ձեռք բերված համաձայնությունը, ազատ արձակեցին զինված բախումներին անմիջականորեն չմասնակցած 550 քաղբանտարկյալի և ընդդիմությանը կոչ արեցին մեկ շաբաթվա ընթացքում հանձնել զենքը, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը սիրիական ընդիմությանը հրապարակավ կոչ արեց… շարունակել զինված պայքարը:

ՆԱՏՕ-Ն ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԼԻԲԻԱՅՈՒՄ ՈՒՐԱՆԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Թեև 2011 թվականի ապրիլին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը ժխտեց Լիբիայի ռմբահարումների ժամանակ ոչ հարստացված ուրան պարունակող ռումբերի կիրառման մասին լուրերը, սակայն հրաժարվեց մեկնաբանել այդպիսիք հետագայում օգտագործելու հավանականությունը: Իսկ այժմ, Քադաֆիի նախկին նստավայր Բաբ-Ալ-Ազիզիից, Սիրտից ու մի քանի այլ բնակավայրերից անկախ գիտնականների ու փորձագետների վերցրած նմուշների լաբորատոր փորձաքննությունն աներկաբայորեն վկայում է նրանցում ուրանի բավական մեծ պարունակության մասին:

ՀՐԵԱ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ

Իսրայելի բոլոր բանկերը պայմանագրային հարաբերություններ ունեն ժամկետային զինծառայողների սպառողական միության հետ, որին անդամակցելը զինծառայողին զորակոչվելու պահից սկսած թույլ է տալիս երկրի ողջ տարածքում տասնյակ խանութների ցանցում օգտվել զեղչերի ու արտոնությունների համակարգից:
Ընդ որում, պարտադիր չէ անգամ միությանն անդամակցելը: Իսրայելյան բանկերը, դիմելով «ռիսկային վարկավորման», ընդառաջ են գնում յուրաքանչյուր, նույնիսկ նվազագույն դրամական բավարարում ստացող շարքային զինծառայողի: Իսկ եթե վերջինս ունի աշխատող ծնողներ, վարկային արտոնությունների չափը, բնականաբար, մեծանում է:

T04-11-2011-006

Երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում այդ նպատակով արդեն Բիշկեկ է ժամանել 12 հրահանգիչ: Մինչև դեկտեմբերի 19-ը նախատեսված դասընթացների ընթացքում նրանք ղրղըզ զինծառայողներին կուսուցանեն քաղաքային պայմաններում մարտական գործողություններ վարելու, պատանդների ազատման և խոշոր ստորաբաժանումների շրջանում փոքր խմբերով գործելու գաղտնիքները: