Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՊԼԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է

Իսրայելի բանակի հրամանատարությունը յուրաքանյուր 36 ժամը մեկ համապատասխան ճշգրտումներ է մտցնում գործողությունների այդ պլանում, որը իրականացնելու են երկրի ռազմաօդային ուժերը, քանի որ նախատեսվում է զանգվածային հարվածներ հասցնել Իրանի միջուկային բոլոր օբյեկտներին:
Արևմտյան մամուլը նաև հաղորդում է, որ օդաչուներն արդեն հստակ գիտեն իրենց կատարելիք խնդիրը, իսկ Իսրայելի կառավարությունը, ինչպես վարչապետի այնպես էլ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների ճնշմամբ հավանություն է տվել խնդրի լուծման ուժային տարբերակին:

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Երեկվանից բարձրագույն սպայական կազմին են հավասարեցվել Բելառուսի բոլոր մարզերի և մայրաքաղաքի գործադիր կոմիտեների նախագահները, քանի որ նրանք են ղեկավարում իրենց վստահված տարածքների պաշտպանության խորհուրդները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հանձնարարել է Մինսկի տարբեր շրջաններում պարբերաբար կազմակերպել տարածքային պաշտպանության զորավարժություններ և հայտարարել, որ համաժողովրդական տարածքային պաշտպանության միջուկը պետք է դառնան գործարարները. «Այս ամենը չափազանց լուրջ է, բայց ոչ այն պատճառով, որ մենք վախենում ենք ինչ-որ մեկից:

ՀԵՏԱՔՆՆՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՆԱՏՕ-Ի ՈՒ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻԲԻԱՅՈՒՄ

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիսա Մորենո-Օկամպոն հայտարարել է, որ հետաքննվում են Լիբիայում ոչ միայն Քադաֆիի վարչակարգի, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի և ազգային անցումային խորհրդի ուժերի կատարած հանցագործությունները, և որ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ իրականացվելու է ազատ ու անկախ քննություն:

ՀԱԿԱՍԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ ՍԻՐԻԱՅԻՑ

Արաբական պետությունների լիգայի պատվիրակության հետ բանակցություններից հետո ազատ կարձակվեն գործող վարչակարգի դեմ բողոքի ելույթների ժամանակ կալանավորված անձինք: Սիրիական բանակը հեռանում է ըմբոստ քաղաքներից, իսկ իշխանությունները համաձայնել են օտարերկյա լրագրողներին թույլ տալ տեղում լուսաբանելու Սիրիայում տիրող իրավիճակը: Այսուհանդերձ Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր չէ թուլացնել Դամասկոսի նկատմամբ իրականացվող ճնշումը, քանի որ Ասադի վարչակարգը կորցրել է իր օրինականությունը և իրավունք չունի ղեկավարելու երկիրը:

ԱՖՂԱՆՍՏԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՆՈՐ` ՂԱԶԱԽՍՏԱՆՅԱՆ ԵՐԹՈՒՂՈՎ

Ղազախստանի սենատը վավերացրել է իր երկրի տարածքում գործող նոր տարանցիկ կետով դեպի Աֆղանստան հատուկ նշանակության բեռներ փոխադրելու մասին համաձայնագիրը, որով, ի լրումն ուզբեկ-աֆղանական սահմանին գործող տարանցիկ կետի, նախատեսվում է գործարկել նաև բեռնափոխադրման Բեյնեու-Կարակալպակիա երկաթուղային ճանապարհը: Մեկնաբանելով սենատի որոշումը` փոխարտգործնախարար Կոնստանտինա Ժիգալովան ասել է, որ կողմ քվերակելիս հաշվի են առնվել Ղազախստանի ազգային շահերը. Ամերիկյան կողմը վճարելու է բեռնափոխադրումների համար, բացվելու են նոր աշխատատեղեր, և ընդհանրապես` այս համաձայնագիրը «մեծ ավանդ է աֆղանական խնդրի լուծմանը միտված բազմազգ ջանքերի գործում»:

ՎՏԱՆԳՎԱԾ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Ըստ Իսրայելի մամուլի հրապարակած տեղեկությունների` փորձելով արգելել Իսրայելի ու Պաղեստինի միջև վեճի առարկա հանդիսացող տարածքներում հրեական նոր բնակավայրերի կառուցումը, Բեռլինը սպառնում է դադարեցնել գերմանական նավաշինարաններում Իսրայելի համար «Դելֆին» կարգի երկու նոր արդիական ռազմական սուզանավերի կառուցումը, որոնց համար Գերմանիան տրամադրել է շուրջ 135 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն:

«ՏՈՊՈԼ» ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ ԿԾԱՌԱՅԵՆ ՄԻՆՉԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԸ

Այդ մասին հայտարարել է զորատեսակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևը: ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի սպառազինությունում գտնվող շարժական գրունտային հրթիռային այս համալիրները, որոնք կազմում են զորատեսակի միջուկը, բարձր շարժունակության ու քողարկման, ինչպես նաև հրթիռարձակման համար անհրաժեշտ կարճ ժամանակի շնորհիվ առանձնանում են իրենց կենսունակությամբ, իսկ հուսալիության և տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները վկայում են մարտական հերթապահությունում նրանց գտնվելու ժամկետների հերթական երկարաձգման հնարավորության մասին, թեև նրանց երաշխավորված շահագործման տասնամյա ժամկետն արդեն իսկ երկարացվել է մինչև 24 տարի: