Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՓԱԿԻ ՄԱՆԱՍԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ

Ղրղզստանի նոր ընտրված նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է, որ չի ցանկանում ներգրավված լինել իրանա-ամերիկյան հնարավոր հակամարտությանը: Նա նշել է, որ 2014թ., երբ կլրանա Մանաս օդանավակայանը ամերիկացիներին վարձակալությամբ հանձնելու ժամկետը, ինքն այլևս չի երկարաձգի պայմանագրի գործողության ժամկետը:
Նրա խոսքով, Մանասը քաղաքացիական նշանակության օդանավակայան է, որը չի կարելի օգտագործել որպես ռազմական բազա: Սակայն Վաշինգտոնի հետ կնքվել է պայմանագիր, և կողմերը պարտավոր են հարգել և կատարել պայմանագրի պահանջները:

ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ԼԻԲԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Լիբիայում զենքի տարածումն արգելելու վերաբերյալ: Ռուսաստանի ներկայացրած բանաձևի օգտին միաձայն քվեարկել են Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները:
Փաստաթղթում Լիբիայի նոր իշխանություններին կոչ է արվում ոչնչացնել երկրի տարածքում պահվող քիմիական զենքի բոլոր պաշարները, ինչպես նաև թույլ չտալ սովորական սպառազինության, հատկապես դյուրակիր զենիթահրթիռային համալիրների տարածումը հարևան պետություններ:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՌՑԱՀԱԲԵՐ

Այսուհետ Աֆղանստանում տեղակայված ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի` ծանր վիրավորված զինծառայողները կօգտագործեն հզոր ներգործության սառցահաբեր` մորֆինի ավանդական ներմկանային սրսկման փոխարեն: Սկզբում այդ հաբերը նույնիսկ մրգային համ կունենան:
Սառցահաբերը կպարունակեն ֆենտանիլ սինթետիկ նյութ` ուժեղ ներգործող թմրանյութ, որը բժշկության մեջ կիրառվում է որպես անզգայացնող և ցավազրկող միջոց:

«ԶՈՒ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՀՍՏԱԿ ՍԱՀՄԱՆ»

ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին -Հասկանալի պատճառներով հասարակությունը բավական զգայուն է բանակին առնչվող հարցերի նկատմամբ, բնականաբար, առավել պահանջկոտ է դարձել և պաշտպանական գերատեսչությունից ակնկալում է թափանցիկություն: -Շատ բնական է հասարակության զգայուն արձագանքը բանակի խնդիրների նկատմամբ: Ես չէի ցանկանա բանակը առանձնացնել հասարակությունից: Բանակը և հասարակությունը օրգանական կապի մեջ են: Բանակում արտակարգ պատահարների դեպքում […]

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԵՊՔԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

Պիտի ասեմ, որ վերջին ամիսներին՝ բանակի շուրջ բարձրացված աղմուկը եւ բանակի հայտնվելը հասարակության ուշադրության էպիկենտրոնում պայմանավորված է ոչ թե հանցագործությունների աճով, օրինապահության մակարդակի անկումով, այլ զորքերը հասարակության առջեւ ավելի թափանցիկ դարձնելու եւ հրապարակային գործունեությունը խրախուսելու քաղաքականությամբ։ Բացի դրանից, կան որոշակի ուժեր եւ խմբեր, որոնք կազմակերպված եւ նպատակային ջանքերով փորձում են սասանել բանակի հեղինակությունը եւ հարվածել երկրի զինված ուժերի մարտունակությանը։ Այսինքն՝ ապակայունացնել երկրի ներքին մթնոլորտը, խարխլել հասարակության հավատը բանակի հանդեպ, սերմանել վախի, անպաշտպանվածության մթնոլորտ, ուռճացնել բանակի թերությունները, խտացնելով գույները՝ արթնացնել տագնապ, խուճապային տրամադրություն եւ անել ամեն ինչ, որ եթե չստացվի տապալել, ապա գոնե ինչ-որ չափով ձախողել գալիք զորակոչը, բանակի համալրման աշխատանքները։

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ «ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ» ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Ալագյազ» հրաձգարանում հոկտեմբերի 24-28-ը անցկացվեց հայկական և ռուսական զինված ուժերի միացյալ զորախմբի համատեղ գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժության թեման էր` պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, պաշտպանական մարտի վարումը, հակագրոհի իրականացումը, նպաստավոր բնագծի զբաղեցումը: Յուրաքանչյուր կողմից զորավարժությանը մասնակցում էր մեկ մոտոհրաձգային գումարտակ իր ուժեղացման միջոցներով` հաուբիցային հրետանային մարտկոց, ինժեներա-սակրավորային, ականանետային, ռքկ պաշտպանության դասակներ, հատուկ նշանակության ջոկատներ:

...ՈՎՔԵՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Դիրքեր ենք ուղեւորվում փոխգնդապետներ Գ. Խեչոյանի եւ Վ. Սարիբեկյանի ուղեկցությամբ։
-Սարերում ձյունը մի քանի անգամ արդեն իջել է ու հալվել։ Հաջորդ ձյունը կմնա մինչեւ գարուն, կկուտակվի ու անանցանելի կդառնա,- նկատում է այս կողմերի բնակլիմայական պայմաններին քաջատեղյակ փոխգնդապետ Սարիբեկյանը եւ անջատում մեքենայի շարժիչը։ -Ստիպված ենք ոտքով շարունակել ճանապարհը, ձյունն ու ցեխը խառնվել են, «ուազիկը» չի բարձրանա,- ասում է նա եւ ոտքերի տակ ձյունը ճռճռացնելով՝ սովոր մարդու վստահ քայլվածքով շարժվում հենակետ տանող ճանապարհով։