Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԵԿԻՆՆ ԱՆՑԵԼ Է ԿԻԲԵՌՆԵՏԻԿ ՀԱՐՁԱԿՄԱ՞Ն

Հատկապես չինացի ծրագրահեններն են կասկածվում հուլիս-սեպտեմբեր ամիսներին աշխարհում առաջատար դիրքեր ունեցող 19 պաշտպանական և 29 քիմիական ընկերությունների դեմ իրականացված կիբեռնետիկ հարձակման մեջ: Փորձագետների պնդմամբ, ԱՄՆ-ում, Դանիայում ու Սաուդյան Արաբիայում գործող ընկերությունների վրա հարձակման հիմնական նպատակն է եղել արդյունաբերական լրտեսությունը, իսկ համակարգիչը, որից ուղարկվել են համապատասխան վիրուսներով «զինված» էլեկտրոնային հաղորդագրությունները, գտնվում է Չինաստանի Հեյբեյ նահանգում:

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՆԳԼԻԱՅԻ ԴԵՄ ԿԻԲԵՌՆԵՏԻԿ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ

Պաշտոնական Լոնդոնը պնդում է, թե Ռուսաստանն ու Չինաստանը մեղսակից են բրիտանական կառավարական հաստատությունների նկատմամբ իրականացված կիբեռնետիկ հարձակումներին, և որ այս գործում մեղքի բաժին ունեցող երկրները պետք է հասկանան, որ նման գործողությունները ոչ միայն արդյունավետ չեն, այլև վնասում են իրենց իսկ շահերին:

ՈՉ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ…

Մեծ Բրիտանիայի ВВС հեռուստակայանն իր աշխատակիցների հետ վարժանքներ է անցկացնում Անգլիայի 85-ամյա թագուհու հնարավոր վախճանի դեպքում եթերում համապատասխան պահվածք մշակելու վերաբերյալ: Լրագրության քոլեջում անգամ ուսումնական տեսահոլովակներ են պատրաստել, որոնցով բացատրվում է, թե ինչպես պիտի հաղորդել այդ տխուր լուրը և մինչ հուղարկավորությունն ինչ բնույթի հաղորդումներ պիտի հեռարձակել:

ԻՍՐԱՅԵԼՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՈՒ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՈՒ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԶԻՆԱՆՈՑԸ

Համաձայն բրիտանական «The Guardian» պարբերականի տվյալների, որոնք քաղված են սպառազինության հարցերով բրիտանական անկախ հանձնաժողովի հաշվետվությունից, Իսրայելը նախատեսում է մեծացնել «երկիր-երկիր» դասի «Իերիհոն» հրթիռների հեռահարությունը` դրանք դարձնելով միջմայրցամաքային խոցման հրթիռներ: Համաձայն գործող դասակարգման, այդպիսիք են համարվում 5.000 կիլոմետրից ավելի հեռահարություն ունեցող հրթիռները: Բացի այդ, Թել-Ավիվը մտադիր է արդիականացնել նաև իր սպառազինությունում եղած թևավոր հրթիռները և դրանք հարմարեցնել սուզանավերից արձակելու համար: Իսրայելն այսօր ունի երեք ռազմական սուզանավ, ևս երկուսը կառուցվում են Գերմանիայի նավաշինարաններում, իսկ վեցերորդի կառուցման վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են:

ՆՈՐ ԶԵՆՔ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՄ

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը հայտարարել է, որ տիրացել է նոր զինատեսակների, որոնք «սիոնիստներին դիմակայելու բավական լուրջ միջոցներ են», և եթե Գազայի հատվածում իսրայելական հարձակումները չդադարեն, ապա իրենք կկիրառեն այդ զինատեսակները, որոնք պաղեստինցի զինյալներին նաև հնարավորություն են տալիս որդեգրելու զինված պայքարի նոր մարտավարություն, ինչպես նաև` արագ արձագանքելու Իսրայելի ձեռնարկած հարձակումներին:

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽԱՂԵՐԸ

Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են լեռնային պայմաններում պաշտպանական մարտական գործողությունների վարման ընթացքում համատեղ խնդիրների մշակման նպատակով Հայաստանում գտնվող «Ալագյազ» զորավարժարանում հոկտեմբերի 27-ից 31-ն անցկացված համատեղ զորախաղերին:
Նշվում է, որ զորախաղերի ընթացքում մշակվել են բանակային և ինժեներասակրավորական հետախուզության անելիքները, կատարելագործվել է հրետանային, տանկային, մոտոհրաձգային և հակաօդդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը:

ԵՄԵՆԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայնին հարող «Էդ-Դալայմի» ավիաբազայում գիշերը որոտացած չորս ուժգին պայթյունների հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել: Երեք կործանիչներ պայթեցվել են, իսկ երեքը՝ մասնակիորեն տուժել: Բոլոր ինքնաթիռներն առավոտյան պետք է մեկնեին մարտական առաջադրանքի: Ավիաբազան բերվել է մարտական պատրաստության բարձր վիճակի, ողջ տարածքում խուզարկություններ են իրականացվում: Դիվերսիայի հետևանքով երկու ժամով փակվել է նաև Սանայի միջազգային օդանավակայանը: