Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՔԵՆԻԱՆ ՈՒ ՍՈՄԱԼԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԿՊԱՅՔԱՐԵՆ «ԱԼ-ՇԱԲԱԲԻ» ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ

Համաձայնությունը ձեռք է բերվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում երկու պետությունների վարչապետների հանդիպման ընթացքում: Նրանք հայտարարել են, որ Սոմալիի հարավային ու կենտրոնական շրջանները և անգամ մայրաքաղաք Մոգադիշոյի զգալի մասը վերահսկող ահաբեկչական այս խմբավորումն իրենց ընդհանուր թշնամին է, և որ նրա դեմ պայքարում իրենք ակնկալում են նաև միջազգային հանրության աջակցությունը:

ՊՂԾԵԼ ԵՆ ՔԱԴԱՖԻՆԵՐԻ ՏՈՀՄԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ

Ազգային համաձայնության խորհրդի մարտիկները պղծել են Քադաֆիների տոհմական շիրմատունը և բացելով լիբիական հեղափոխության առաջնորդի մոր գերեզմանը՝ այրել նրա աճյունը: Մինչ այդ, գրավելով Տրիպոլին, ապստամբներն ավերել էին նաև մայրաքաղաքի օդային ռմբահարումների ժամանակ զոհված Քադաֆիի որդու և երեք թոռների գերեզմանները:

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԼԻԲԻԱՅՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Լիբիայի ազգային անցումային խորհրդի վարչապետ Մահմուդ Ջաբրիլը պաշտոնապես հայտարարել է երկրում քիմիական զենքի գոյության մասին, այն անվանելով «Քադաֆիի վարչակարգից մնացած ժառանգություն»:
Մեկ շաբաթվա ընթացքում Լիբիա կժամանեն միջազգային տեսուչներ, որոնք էլ կորոշեն այս զենքի հետագա ճակատագիրը: Ջաբրիլը հավաստիացրել է, որ, ազգային անցումային խորհրդի համոզմամբ, Լիբիային քիմիական զենք անհրաժեշտ չէ:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՄԵԾԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ

Իրաքից ամերիկյան զորախմբի դուրսբերումից հետո Օբամայի վարչակարգը մտադիր է Իրաքում իրավիճակի սրման և կամ Իրանի հետ դիմակայության խորացման դեպքում արագ արձագանքելու համար լրացուցիչ ուժեր տեղակայել Քուվեյթում, տարածաշրջանի միջազգային ջրեր ուղարկել նորանոր ռազմանավեր, ինչպես նաև առավել ընդլայնել առանց այն էլ սերտ ռազմական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի, Կատարի, Օմարի ու Արաբական Միացյալ Էմիրաթների հետ:

ՀԱԿԱՌԱԿ ԽՈՍՏՄԱՆԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԻ ՈՐՈՇ ՔԱՐՏԵԶՆԵՐ

Խոսքը վերաբերում է ամենամանրամասն՝ 1:50.000 մասշտաբի քարտեզներին: Ինչպես հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետ Սերգեյ Կոզլովը, դրանց պարունակած տեղեկատվության մի մասն անմիջականորեն օգտագործվում է մարտական գործողությունների պլանավորման ժամանակ, և նկատի առնելով հավանական հակառակորդների ունեցած խոցման միջոցների տեխնիկամարտավարական բնութագրերը, այդ տեղեկատվության գաղտնազերծումն անթույլատրելի է:

ՄԱԿ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԼԻԲԻԱՅՈՒՄ ԿՈՐԱԾ ԴՅՈՒՐԱԿԻՐ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ

Ամենայն հավանականությամբ արդեն այսօր ՄԱԿ անվտանգության խորհուրդը կքննարկի Ռուսաստանի մշակած որոշման նախագիծը, որի նպատական է թույլ չտալ Քադաֆիի վարչակարգի օրոք գնված շուրջ 20.000 այսօրինակ համալիրների հայտնվելն իսլամ ահաբեկիչների մոտ: Փաստաթղթում Լիբիայի և հարևան պետությունների իշխանություններից պահանջվում է գործուն քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, իսկ ՄԱԿ անդամ պետություններին և միջազգային հակահաբեկչական կազմակերպություններին կոչ է արվում ըստ ամենայնի աջակցել այդ ջանքերին:

ՀՈՒՅՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՎԻԺԵՑՐԵԼ ԵՆ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երկրում տիրող սոցիալական վիճակից դժգոհ երիտասարդությունը Սալոնիկում սև դրոշներով ներխուժելով հրապարակ, արգելել է զրահատեխնիկայի մասնակցությամբ զինվորական շքերթի անցկացումը և վիրավորական արտահայտություններ վանկարկել երկրի 82-ամյա նախագահ Պապուլյասի հասցեին, ով վրդովված հեռացել է հրապարակից, լրագրողներին ասելով, թե ինքը 15 տարեկան հասակում պայքարել է ֆաշիզմի դեմ, և ոչ ոք իրավունք չունի իրեն դավաճան անվանելու: