Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՆ-Ը ԿԿՌՎԻ ՆԱԵՎ ՈՒԳԱՆԴԱՅԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բոլորի համար անսպասելի վճիռ է կայացրել հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող Աֆրիկա ուղարկելու մասին: Նրանք մասնակցելու են աֆրիկյան թերևս ամենադաժան իսլամական գրոհային խմբավորման՝ «Դիմադրության աստվածային բանակի» դեմ մղվող պայքարին, որը տխուր հռչակի է արժանացել աֆրիկյան մի քանի պետությունների տարածքում իր գործած գազանությունների, տասնյակ-հազարավոր մարդկանց սպանությունների և կազմակերպության շարքերը համալրելու կամ սեռական ստրկության նպատակով բազմաթիվ երեխաների առևանգումների պատճառով:

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌՆԵՐ Է ՏԵՂԱԿԱՅՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ

290 կմ հեռահարություն ունեցող «Բրամոս» հրթիռներ ունեցող գունդը, որի գործողությունների շառավիղն ընդգրկում է Տիբեթի ինքնավար օկրուգի տարածքի զգալի մասը, կտեղակայվի երկրի հյուսիս-արևելքում, որ սահմանի մյուս կողմում էլ գտնվում են չինական բանակի հրթիռային ստորաբաժանումները:
Մինչ այժմ Հնդկաստանի ունեցած հրթիռային ողջ պոտենցիալն ուղղված էր դեպի Պակիստան, սակայն այժմ Դելին անհանգստացած է Իսլամաբադի ու Պեկինի սերտացող ռազմական համագործակցությունից և մտավախություն ունի, որ դրա արդյունքում կթուլանա Պակիստանի հետ ունեցած սահմանի պաշտպանությունը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՍՊԱ Է ԶՈՀՎԵԼ

Անդրբայկալյան երկրամասում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարանում ժամկետանց զինամթերքի ոչնչացման ժամանակ մեծ տրամաչափի հրետանային արկերի դետոնացիայի պատճառով առաջացած տրոտիլի բոցավառումը հանգեցրել է պայթյունի, որից վիրավորվել է ոչնչացման համար նախատեսված հորում գտնվող ավագ լեյտենանտը: Երբ կապիտանը փորձել է փրկել ծառայակից ընկերոջը, որոտացել է երկրորդ ու ճակատագրական պայթյունը: Թեթև վերքեր է ստացել նաև ժամկետային ծառայության երկու զինվոր:

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄԵՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Մարտերը սկսվել են տեղական ժամանակով գիշերը ժամը երեքին մոտ, երբ կառավարամետ ուժերը գնդակոծել են ընդիմության ճամբարը: Մարտին միջամտած բանակային ստորաբաժանումներն անցել են երկրի նախագահի հակառակորդների կողմը, և սկսվել են իսկական մարտական գործողություններ: Զոհվել է 13, վիրավորվել 30 մարդ:
Եմենում իրադրությունը վերջնականապես սրվեց հանգստյան օրերին, երբ հայտնի դարձավ, որ հանրապետական գվարդիայի շուրջ 7.000 զինծառայող միացել է ընդիմադիրներին:

ՔԵՆԻԱԿԱՆ ՏԱՆԿԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՍՈՄԱԼԻ

Իսլամ արմատականների «Ալ Շաբաբ» կազմակերպության գրոհայիններին վնասազերծելու նպատակով Սոմալիի հարավային շրջաններում Քենիայի բանակի ձեռնարկած գործողությունները ծավալվում են նոր թափով: Երեկ Սոմալիի տարածք են մտել տանկերի և անձնակազմ տեղափոխող 40 զինվորական զրահապատ բեռնատարների շարասյուներ, իսկ ռազմական ավիացիան օդային ռմբահարվածներ է հասցրել գրոհայինների ճամբարներին:
Քենիայի արտգործնախարարը հայտարարել է, որ այս գործողությունները ձեռնարկվում են ինքնապաշտպանության նպատակով, և որ իր երկրի զինված ուժերը կռվում են գրոհայինների և ոչ թե Սոմալիի բանակի դեմ:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ՀԱԿԱՔԱՅԼԵՐ Է ՄՏՄՏՈՒՄ

Ըստ ռուսական «Կոմերսանտ» թերթի` Ռուսաստանը հակաքայլ է նախապատրաստում Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղադրմանը, քանի որ Վաշինգտոնը պաշտոնապես հրաժարվել է երաշխավորել, որ ՀՀՊ-ն ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ:
«Մեր պատասխանը էժան կնստի, բայց կլինի չափազանց արդյունավետ»,- ասել է Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը և հավելել, որ Մոսկվան արդեն իսկ ձեռնարկում է ռազմատեխնիկական հակաքայլեր:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՈՐԱԿՅԱԼ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻՑ

ԱՄՆ բանակի հրամանատարությունը մտադիր է հրաժարվել «Boeing» ընկերության կողմից մշակվող հեռանկարային JTRS GMR (Joint Tactical Radio System Ground Mobile Radio) համապիտանի (ունիվերսալ) ռադիոկայաններից և ռադիոլրակազմերից:
Վերջիններիս անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ ամերիկյան բանակվում գործածվում են 30 տեսակի ռադիոկայաններ, որոնք հաճախ ի վիճակի չեն լինում կապ հաստատելու միմյանց հետ, իսկ JTRS-ը լուծում է այդ խնդիրը: