Նորություններ
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար գերծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է ռազմական ներկայություն ապահովել ԱՄՆ ափերի մոտ: Նա նշել է, որ եթե ամերիկյան նավերը գտնվում են Իրանի ծովային սահմանների մոտ, ապա իրանական նավերն էլ կարող են հզոր ռազմական ներկայություն ապահովել ԱՄՆ սահմանների մոտ:
Օրեր առաջ Սայարին ասել էր, որ Պարսից ծոցում Արևմուտքի զինված ուժերի ներկայությունը միայն նպաստում է տարածաշրջանում անկայունության առաջացմանը, և որ Պարսից ծոցի երկրները ի վիճակի են ապահովել իրենց անվտանգությունը:
Գերծովակալը նաև ասել է, որ իրանական ռազմանավերը Պարսից ծոցից բացի նավարկում են նաև Ադենի ծոցում և Կարմիր ծովում և առաջիկայում ուժեղացնելու են իրենց ազդեցությունը միջազգային ազատ ջրերում:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն հայտարարել է, որ Իրանի դեմ կարող է ռազմական օպերացիա անցկացվել, եթե Թեհրանը չդադարեցնի զարգացնել իր ատոմային ծրագիրը:
Միևնույն ժամանակ Ժերար Արոն նշել է, որ Իրանին հարվածներ հասցնելը անհավանական դժվար խնդիր կլինի, որը աղետալի հետևանքների կհանգեցնի ողջ տարածաշրջանի համար:
Դեսպանը փաստորեն կրկնել է ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հնչեցրած տեսակետը, որը հավանական էր համարել Իրանին կանխարգելիչ հարվածներ հասցնելը որոշակի հանգամանքների դեպքում: Իրանը պաշտոնապես դատապարտել է այդ մոտեցումը` հավելելով, որ հարձակման դեպքում անպայման համարժեք պատասխան կտա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է АК-74 ինքնաձիգների գնումներից: Զինվորականներին այսուհետ պետք կգա միայն ավելի ժամանակակից և հեռահար զենք: Ինքնաձիգներն արտադրող «Իժմաշ» ձեռնարկությունից գնումներ կկատարվեն նոր հրաձգային զենք ստեղծելու դեպքում:
Զինապահեստներում АК-74 ինքնաձիգների բազային տարբերակի մեծ պաշար է կուտակվել: Ներկայումս «Իժմաշ»-ը արտադրում է АК-74М մոդիֆիկացիան, որը բազային տարբերակից տարբերվում է օպտիկական և էլեկտրոնային-օպտիկական նշանոցների համար նախատեսված ամրակներով: Այդ նշանոցները հնարավորություն են տալիս թիրախը դիպուկ խոցել մինչև 600 մետր հեռավորության վրա բազային տարբերակի 300-400 մետր արդյունավետության փոխարեն:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում արևային մարտկոցներով աշխատող Vulture անօդաչու ապարատների ստեղծման ծրագրի նկատմամբ: Ծրագիրն իրականացնում է Boeing ընկերությունը Պենտագոնի հեռանկարային հետազոտական նախագծերի գործակալության վերահսկողության ներքո:
Զինվորականները նախատեսում են նոր ապարատը օգտագործել որպես կապի և ազդանշանների հեռարձակման կրկնօրինակող համակարգ արբանյակները շարքից դուրս գալու դեպքում: Հեռանկարում Vulture-ի միջոցով ավիակիր խմբավորումներին հրամաններ կփոխանցվեն, եթե դա հնարավոր չլինի անել արբանյակային կապուղիներով:
Թուրքիան սպառազինության է վերցրել սեփական արտադրության առաջին ռազմանավը` «Հեյբելիադա» կորվետը: Մինչ այժմ Թուրքիան կառուցել է միայն փոքր պարեկանավեր:
Ռազմանավը կառուցվել է 3 միլիարդ դոլար արժողությամբ MILGEM նախագծի շրջանակներում, որով նախատեսվում է Թուրքիայի ռազմական նավատորմին մատակարարել 8 ռազմանավ: Սեփական կարիքները բավարարելուց հետո Թուրքիան նախատեսում է նաև արտահանել կորվետները:
Ամերիկյան «The Daily Beast» պարբերականին տված հարցազրույցում Վրաստանի նախագահը Մոսկվային ու անձամբ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին վերստին մեղադրել է 2010 թ. ի վեր Վրաստանում 7 պայթյուններ (որոնցից մեկը ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ) կազմակերպելու մեջ և հայտնել, որ ծրագրված ևս հինգ պայթյուն կանխվել է երկրի հատուկ ծառայությունների զգոնության շնորհիվ:
Նա շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամայի վարչակարգին և հատկապես Հիլարի Քլինթոնին՝ ՌԴ ղեկավարության նկատմամբ գործադրած ճնշման համար, առանց ինչի անհնար կլիներ դադարեցնել Վրաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն միտված պայթյունների շարքը:
Եմենի լրատվամիջոցները հաղորդում են, որ մեքենան, որում տեղադրված էր պայթուցիկ սարքը, Ադեն քաղաքում պայթել է նախարարի ավտոշարասյան անցնելու պահին: Վիրավորվել են շարասյան առաջին ավտոմեքենայում գտնվող տասը զինծառայողներ, իսկ երկրորդ մեքենայում գտնվող պաշտպանության նախարար Մուհամեդ Նասեր Ալիի վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում: