Նորություններ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանում պաշտպանության և անվտանգության ոլորտում կատարվող ծախսերը կմնան շատ բարձր մակարդակի վրա, իսկ դրա հետ չհամաձայնվող պետական պաշտոնյաները պետք է այլ աշխատանք փնտրեն:
Մեդվեդևը նշել է, որ երկրի պաշտպանունակության ամրապնդման, ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զինծառայողների դրամական բավարարման, նրանց կենցաղային, բնակարանային պայմանները բարելավելու համար կատարվող ծախսերը կմնան որպես պետության գործունեության առաջնահերթություն:
Boeing ընկերությունը ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտությունների լաբորատորայի հետ համատեղ իրականացրել են բարձր հզորության միկրոալիքային ճառագայթիչով CHAMP հրթիռի առաջին փորձարկումները:
Փորձարկումներն անցկացվել են այս տարվա սկզբին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: Դրանք լիովին հաջողված են ճանաչվել:
Հրթիռներ արձակվել են պայմանական հակառակորդի էլեկտրոնային համակարգեր նմանակող մի քանի նշանակետերի ուղղությամբ: CHAMP հրթիռը, որը համարվում է ոչ մահացու ելքով սպառազինություն, ճնշել կամ ամբողջովին շարքից հանել է հակառակորդի պաշտպանված էլեկտրոնային սարքավորումները` նվազագույնի հասցնելով հարակից վնասները:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է բանակցություններ սկսել եվրոպական Eurofighter ընկերության հետ Typhoon կործանիչների գնման վերաբերյալ: 42 ինքնաթիռների գնման մասին վերջնական որոշում պետք է ընդունվի մինչև տարեվերջ: Գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 6 միլիարդ դոլար:
Կործանիչների գնումն իրականացվելու է ապրիլին հայտարարված մրցույթի շրջանակներում: Առայժմ նախատեսվում է գնել 42 ինքնաթիռ, սակայն իրական պահանջարկը կարող է հասնել 150 միավորի:
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը մինչնախագծային աշխատանքներ է իրականացնում նոր սերնդի արագընթաց մարտական ուղղաթիռներ ստեղծելու նպատակով:
Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, եթե այժմ ուղղաթիռների առավելագույն արագությունը 300-320կմ/ժ է, ապա մարտական նոր մեքենան կթռչի 450-500 կմ/ժ արագությամբ:
Նախագծի նախնական արժեքը մի քանի տասնյակ միլիարդ ռուբլի է:
Ամերիկյան լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ 2009թ. ԱՄՆ-ը Իսրայելին գաղտնի մատակարարել է 55 հատ GBU-28 կառավարվող ավիառումբ: Ռումբերը մատակարարելու խնդրանքով Իսրայելը ԱՄՆ-ին դիմել է դեռ 2007թ. Ջորջ Բուշ կրտսերի օրոք, սակայն գործարքը չի կայացել այն մտավախությունների պատճառով, որ Իսրայելը կարող է ռազմական տեխնոլոգիաներ փոխանցել Չինաստանին:
Բարաք Օբամայի` պաշտոնավարման անցնելուց մի քանի ամիս անց ռումբերի առաջին խմբաքանակը հասել է Իսրայել:
ԱՄն պաշտպանության նախարարությունը սկզբից էլ հավանություն է տվել գործարքին, սակայն զգուշացել է Իրանի արձագանքից, քանի որ Իսրայելը ռումբերը կարող էր օգտագործել իրանական ատոմային օբյեկտները ոչնչացնելու համար:
Լիբիայում ռազմական օպերացիայի անցկացման համար Մեծ Բրիտանիայի կառավարության կատարած ծախսերը կարող են գերազանցել 1,75 միլիարդ ֆունտ ստերլինգը: Այդ մասին հայտնում է անգլիական The Guardian-ը` հենվելով ռազմական փորձագետների վերլուծության վրա:
Հրապարակման համաձայն` երկրի կառավարությունը կարող էր սխալվել և շուրջ 7 անգամ քիչ հաշվարկել մարտական թռիչքներ կատարող կործանիչների համար անհրաժեշտ ծախսերը:
Հնդկաստանի ռազմական նավատորմի արդիականացումը առաջիկա մի քանի տարիներին կարժենա շուրջ 60,1 միլիարդ դոլար: Այդ գումարը կծախսվի վերջրյա ռազմանավերի և սուզանավերի, տախտակամածային կործանիչների և ափամերձ պարեկային ինքնաթիռների գնման նպատակով:
Մասնավորապես, տվյալ գումարով նախատեսվում է նորոգել և արդիականացնել նախկին «Ծովակալ Գորշկով» ավիակիր հածանավը, որը Հնդկաստանում կստանա «Վիկրամադիտյա» անվանումը, աշխատանքներն արդեն եզրափակիչ փուլում են: Բացի այդ, Ռուսաստանում հնդկական կողմի պատվերով այժմ կառուցվում է «Տալվար» դասի երեք ֆրեգատ: