Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ» ԳՐԱՎԱԾ ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Թուրքական Sabah թերթը տպագրել է 174 իսրայելցիների անունները, որոնք կապ են ունեցել 2010թ. Գազայի հատված ուղևորվող Ազատության նավատորմի վրա հարձակման հետ:
Այդ մարդկանց անունները ճշտել է թուրքական հետախուզությունը միջադեպի ժամանակ արված լուսանկարների, տեսաձայնագրությունների, ինչպես նաև Facebook-ում և Twitter-ում ենթադրյալ մասնակիցների նամակագրության վերլուծության միջոցով: Առայժմ չեն ճանաչվել թուրքական կողմի տրամադրության տակ գտնվող լուսանկարներում պատկերված մոտ տասը մարդ:

ԱՐԴՅՈ՞Ք ՌՈՒՍ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ ՍՈՄԱԼԻԻ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻՆ

ՌԴ զինվորական դատախազությունը ուսումնասիրում է համացանցում հայտնված մի տեսանյութ, ուր պատկերված է, թե ինչպես են ռուս զինվորական նավաստիներին նման անձինք գնդակահարում նավակների մեջ գտնվող մարդկանց, ովքեր ենթադրաբար Սոմալիի ծովահեններ են:
Ամենայն հավանականությամբ տեսագրությունը կատարվել է 2010թ. Ադենի ծովածոցում, «Մարշալ Շապոշնիկով» ռազմանավի վրա: Ռուս մասնագետների գնահատմամբ տեսանյութն իրենից ներկայացնում է հակածովահենային պայքարում ընդունված մարտական պատրաստության հնարքներից մեկը` դատարկ նավակների վրա ուսումնական կրակի վարումը, իսկ կադրերում երևացող մարդիկ ավելացվել են պարզ մոնտաժի միջոցով:

ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԳԵՐԵԼ ԵՆ 14 ՍՊԱՆԵՐԻ

Սիրիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է բանակի 14 սպաների հետ կապը կորցնելու մասին: Ավելի ուշ պարզվել է, որ նրանց գերել են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող ապստամբները:
Լիբանանին սահմանակից Կուսայր քաղաքի մոտ նրանք դարան են կազմակերպել, ոչնչացրել են կառավարական զորքերի վեց զինծառայողի ու տեղի անվտանգության ծառայության աշխատակցին և գերի վերցրել սպաներին:

ԵՄԵՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ

Գրոհելով մայրաքաղաք Սանայից 60 կիլոմետր հյուսիս գտնվող ռազմակայանը` շեյխ Համիդ ալ-Ախմարին ենթարկվող ապստամբները գերել են երկրի նախագահին հավատարիմ 30 զինծառայողների և սպանել Հանրապետական գվարդիայի 63-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Աբդուլլա ալ Կուլանբիին: Գրոհի արդյունքում ընդիմադիր ցեղերին հաջողվել է առժամանակ տիրանալ ռազմակայանին:
Եմենում հուզումների հերթական ալիքը սկիզբ առավ Սաուդյան Արաբիայում բուժվելուց հետո երկրի նախագահ Սալեխի վերադարձից անմիջապես հետո: Հանգստյան օրերին բանակը սկսեց ընդդիմադիրների վրանային ավանների գրոհը, որն ուղեկցվում էր ականանետների ու դիպուկահարների կրակով, ինչի պատճառով ավելի քան 40 մարդ զոհվեց, 60-ը` վիրավորվեց:

ՔԱԴԱՖԻԻ ՕԳՆԱԿԱՆ. ԳՆԴԱՊԵՏՆ ԱՂՔԱՏ ՄԱՐԴ Է

Քադաֆիի մամուլի քարտուղար Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ գնդապետի ընտանիքը երբեք չի հարստացել երկրի նավթային պաշարների հաշվին: Նրա խոսքերով դեռ ոչ ոքի չի հաջողվել ապացուցել, որ ընտանիքի անդամներից որևէ մեկն անձնական հաշիվներ ուներ արտասահմանյան դրամատներում: Մուսա Իբրահիմը պնդել է, որ բոլոր գումարները ծախսվում էին լիբիական ձեռնարկություններ ու ինստիտուտներ հիմնելու վրա:
Մինչև լիբիական հեղափոխությունը արևմտյան լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում էին, որ գնդապետն ու իր որդիները մեծ գումարներ են ներդնում արտասահմանում անշարժ գույքի շուկայում, նորանոր հաշիվներ բացում շվեյցարական դրամատներում, իսկ Տրիպոլի ժամանող շոուբիզնեսի աստղերին վճարում են մեծ հոնորարներ:

ԱՐԴՅՈ՞Ք ՔԱԴԱՖԻԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՊԱՍՏԱՆԵԼ Է ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Լիբիական մամուլի պնդմամբ Քադաֆիի ընտանիքի ութ անդամներ Ալժիրից Կահիրե են թռել անցած շաբաթ օրը: Ենթադրվում է, որ նրանցից մեկը գնդապետի դուստր Աիշան է եղել:
Քադաֆիի կինը, Աիշան և երկու որդիները` Մուհամմեդն ու Հաննիբալը, Ալժիրի հետ սահմանը հատել էին դեռ օգոստոսի 29-ին, իսկ Ալժիրի իշխանությունները հայտարարել էին, որ առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով` ընդունում են փախստականներին: Սահմանը հատելիս էլ Աիշան լույս աշխարհ է բերել Սաֆիյա դստերը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԼՐՋՈՐԵՆ ԳՐԱՔՆՆԵԼ ՀԱՄԱՑԱՆՑԸ

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդը և արտգործնախարարությունը պատրաստել են ՄԱԿ կոնվենցիայի նախագիծ «Միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման մասին», որը ներկայացվել է Եկատերինբուրգում գումարված 52 պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների փակ խորհրդակցության քննարկմանը:
Նախագծով առաջարկվում է թույլ չտալ համացանցի օգտագործումը ռազմական, ինչպես նաև իշխող վարչակարգերի տապալման նպատակով, և ըստ այդմ՝ արգելել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը պետությունների քաղաքական, տնտեսական ու սոցիալական համակարգերի քայքայման, այլ պետությունների տեղեկատվական տարածքներում տեղեկատվական հոսքերին միջամտության, ղեկավարման և ուղղորդման, ինչպես նաև իրավիճակի ապակայունացման նպատակով բնակչության լայն զանգվածների գիտակցության վրա հոգեբանական ազդեցության նպատակով: