Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՄԱՏԵՂ ԳԱՂՏՆԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Մամուլի հաղորդումների համաձայն` Ադրբեջանի ներքին գործերի և ՌԴ իրավապահ մարմինների «Սահման-Վահան» անվանմամբ համատեղ զորավարժություններն ընթանում են պետական սահմանին հարակից ադրբեջանական 6 շրջաններում:
Զաքաթալայի շրջանում, տեղի բնակիչների հաղորդմամբ, անգամ պահակակետեր են տեղակայվել, ուր ներքին գործերի և ոստիկանության զինված աշխատակիցները մանրամասն ստուգում են ավտոմեքենայով շրջան մտնող և դուրս եկող բոլոր անձանց:
Շրջանի ոստիկանությունում հաստատել են այդ փաստը, սակայն գործողության գաղտնիությունը վկայակոչելով, այլ տեղեկություններ չեն հաղորդել:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՊՔԸ

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է զբաղվել տորպեդային սպառազինության մշակման ու փորձարկման` դեռևս ԽՍՀՄ օրոք Իսիկ Կուլ լճի ափին կառուցված «Դաստան» կենտրոնի արդիականացմամբ: Խորհրդային տարիներին այստեղ իրականացվում էին ժամանակի համար եզակի ու գերարագ, ինչպես նաև միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ «Շկվալ» թևավոր ռեակտիվ տորպեդների ստորջրյա փորձարկումները:
ԽՍՀՄ փլուզումից հետո կենտրոնը մատնվել էր փաստական անգործության: Բայց թեև Կիրգիզիայում որևէ գաղտնիք գնելն առանձնապես դժվար չէր, օտարերկրյա հատուկ ծառայություններին տարիներ շարունակ չէր հաջողվում անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այս հրթիռների մասին:

ՌԴ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՅՔԵՐԸ ԹԱՐՄ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Թեև ՌԴ նախագահի օգոստոսի 10-ի հրամանագրով սահմանված մեկամսյա ժամկետը լրացել է, սակայն Ռուսաստանի 19 ուժային գերատեսչությունների և ծառայությունների պաշտոնական ինտերնետ կայքերն այնպես էլ ձեռք չեն բերել ներկային ու նրա թելադրած իրական խնդիրներին առնչվող բովանդակություն և հետևողականորեն շարունակում են այցելուներին առաջարկել հիմնականում պատմական բովանդակության տեղեկանքներ:
Խոսքը վերաբերում է հատկապես Պահպանության դաշնային ծառայությանը, Արտաքին հետախուզական, ինչպես նաև Սուրհանդակային պետական ծառայություններին: Իսկ «Рособоронзаказ»-ն ընդհանրապես մոռացել էր պաշտոնական կայքէջում զետեղել անգամ… իր լրատվական ծառայության հեռախոսահամարը:

ՔԱԴԱՖԻԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒԺԵՐԸ ԳԵՐԵԼ ԵՆ ԵՎՍ 17 ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ

Քադաֆիի վարչակարգի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ գնդապետին հավատարիմ ուժերը Բանի Վալիդ քաղաքի ուղղությունում գերել են 17 օտարերկրյա վարձկանների, որոնց մեծամասնությունը ֆրանսիացիներ են: Կան նաև երկու բրիտանացիներ և Կատարի մեկ քաղաքացի:
Այդ մարտերի ընթացքում ազգային անցումային կառավարության ուժերը փորձել էին մտնել քաղաք, սակայն ծանր կորուստներով հետ էին շպրտվել, իսկ Քադաֆիին հավատարիմ զորքերի հակահարձակումը կանգնեցվել էր միայն ՆԱՏՕ-ի օդային նոր հարվածների միջոցով:

ԼԻԲԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԱՐ ՊԱՅՔԱՐԻ

Այդ մասին հայտարարել է Քադաֆիի վարչակարգի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը, նշելով, որ ճակատամարտը դեռ չի ավարտվել, իսկ իրենք ունեն պայքարը դեռ ամիսներ շարունակելու համար անհրաժեշտ զենք ու զինամթերք: Նա վերստին հավաստիացրել է, որ Քադաֆին գտնվում է Լիբիայում և լրիվությամբ ղեկավարում իրեն հավատարիմ ուժերի գործողությունները, հանդիպում մարդկանց հետ, մասնակցում բոլոր խորհրդակցություններին և տալիս համապատասխան ցուցումներ:

«ՍՎԴ»-ն ՉԻ ՀԱՆՎՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Դրագունովի դիպուկահար հրացանը ոչ միայն չի հանվում ՌԴ զինված ուժերի սպառազինությունից, այլև շարունակելու է մնալ ոչ միայն նոր ստեղծվելիք դիպուկահարների ստորաբաժանումների, այլև մյուս զորատեսակների սպառազինության կարևոր բաղկացուցիչներից մեկը:
Պաշտպանության նախարարությունը սահմանափակվելու է միայն արտասահմանյան արտադրության որոշ դիպուկահար հրացանների ձեռքբերմամբ:

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ ՄՈՏԵՑՆԵԼ ԿԻՊՐՈՍԻ ԱՓԵՐԻՆ

Անկարան հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում վիճելի պատկանելության նավթագազային հանքավայրում Կիպրոսի կողմից հորատման աշխատանքների սկսման դեպքում այդպիսին կլինի Թուրքիայի պատասխանը: Թուրքիան ինքն է պատրաստվում երկրաբանական հետախուզություն սկսել այդ վայրում և ռազմածովային նավատորմը ետ կդարձնի հանքավայրին մոտեցող Կիպրոսի նավերին:
Չնայած դրան, նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի իրականացնել իր ինքնիշխան իրավունքները, որոնց թվին է դասվում նաև միջազգային իրավունքի շրջանակներում բնական պաշարների շահագործումը և Կիպրոսը սկսել է հանքավայրի հետախուզական հորատումը: