Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԼԻԲԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԿՌՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ԴԵՄ

Լիբիացի ապստամբներն արդեն սկսել են կռվել իրար դեմ: Օրերս երկու խմբավորումների միջև տեղի ունեցած ընդհարման արդյունքում զոհվել է առնվազն 12 մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել են:
Ընդհարման պատճառ է եղել տարբեր քաղաքների ներկայացուցիչների միջև եղած հին թշնամանքը:
Ինչպես երևում է, Քադաֆիի հեռանալուց հետո էլ մարտական գործողությունները երկրում դեռ երկար ժամանակ չեն դադարի:

ՔՐԴԵՐԸ ԻՐԱՆՑԻ ԳԵՆԵՐԱԼ ԵՆ ՍՊԱՆԵԼ

Քրդական Փեժակ խմբավորման` Քուրդիստանի Ազատ կյանքի կուսակցության զինյալ գրոհայինները սպանել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկին` բրիգադի գեներալ Աբբասալի Ջանեսարիին:
Գեներալի մահվան մանրամասները առայժմ հայտնի չեն: Հաղորդվում է, որ նա սպանվել է Իրանի արևմուտքում գրոհայինների հետ տեղի ունեցած մարտի ժամանակ: Որոշ աղբյուրներ նշում են, որ նա տանջամահ է արվել, սակայն հայտնի չէ, թե ինչպես է գերի ընկել:

ԻՐԱՆԸ ԿՁԵՌՆԱՐԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Իրանն առանց երկմտելու համարժեք պատասխան կտա ցանկացած արտաքին հարձակմանը: Այդ մասին է խոսվում ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Մոհամեդ Հազաիի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Անվտանգության խորհրդին ուղարկված գրավոր բողոքում:
Բողոքը ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախազգուշացմանն ի պատասխան: Վերջինս օրեր առաջ հայտարարել էր, որ Իրանի ռազմական, ատոմային և բալիստիկ հավակնությունները աճող վտանգ են ներկայացնում, ինչը կարող է հանգեցնել իրանական օբյեկտների դեմ կանխարգելիչ հարվածներ հասցնելուն:

ԻՐԱՆԸ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

Իրանցի մասնագետները մշակել են հեռահար գործողության շառավղով հակահրթիռային պաշտպանության համալիր և արդեն անցկացրել են առաջին հաջողված փորձարկումները: Այդ մասին հայտնել է Իրանի Հատամ ալ Անբիա զենիթահրետանային բազայի հրամանատար գեներալ Ֆարզադ Էսմաիլին:
Նոր ռադարի միջոցով հնարավոր կլինի գրանցել հակառակորդի թևավոր հրթիռների, կործանիչների, հեռահար ռազմավարական ավիացիայի թռիչքները, ապա իրականացնել դրանց ոչնչացումը:

ԻՍՐԱՅԵԼԸ «ԲԱՐԲԱՐՈՍԱՅԻՆ» ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ՔՐԴԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՎ

Իսրայելը Թուրքիայի նկատմամբ պատասխան քայլերի ծրագիր է մշակել վերջինիս կողմից դիվանագիտական «հարձակմանն» ի պատասխան: Մասնավորապես, Իսրայելը պատրաստ է Թուրքիայի ոչ բարեկամական քաղաքականությանն արձագանքել քրդերին և հայերին օգնություն տրամադրելով:

ԻՐԱՔԸ ՍՏԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ 140 ՏԱՆԿ

ԱՄՆ-ը ավարտել է M1A1 Abrams տանկերի մատակարարումը Աֆղանստանին: 140 տանկերի մատակարարման գործարքը ռազմական գերատեսչության հավանությանն է արժանացել 2008թ.: Մասնագետների գնահատմամբ, այդ երկիրը ստացել է ամերիկյան տանկերի ամենաժամանակակից մոդիֆիկացիան:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԿՍՏԵՂԾԵՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում մտադիր են մշակել արտաքին ներգործության հանդեպ բարձր կայունությամբ զինամթերքներ:
Նոր զինամթերքները կպայթեն միայն սեփական պայթուցիչների գործարկումից, կդիմանան բարձրությունից ընկնելուն, բեկորային վնասվածքներին, հրդեհին: Դրանց լայն կիրառումը կարող է սկսվել արդեն 2015թ.` կախված ֆինանսավորման ծավալից: