Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՋ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուս օդաչուներին մեղադրել է օդային սահմանը խախտելու մեջ: Գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ ռուսական ՄԻ-8 երեք ուղղաթիռներ վրացական սահմանը հատել են Թանի կիրճի շրջանում, խորացել են երեք կմ և վրացական տարածքում մնացել են մոտ 15 րոպե:

ՆԻԺՆԻ ՏԱԳԻԼՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ՏԵՐՄԻՆԱՏՈՐԸ»

Նիժնի Տագիլում անցկացվող սպառազինության և ռազմական տեխնիկայի 8-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացվել է տանկերի աջակցման «Տերմինատոր» մարտական մեքենան:
«Տերմինատոր»-ը Т-90С տանկի բազայի վրա ստեղծված բազմանպատակ մարտական մեքենա է: Նախատեսված է հակառակորդի` հակատանկային նռնականետներով, հրթիռային համալիրներով, ինչպես նաև հրաձգային զենքով զինված կենդանի ուժի ոչնչացման համար:

ԼԻԲԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻՑ

Լիբիայի անցումային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ հետագայում իր երկիրը կհրաժարվի ռուսական սպառազինության գնումներից: Նրա կարծիքով, հետագայում Լիբիան այդքան մեծ ծավալի զենք-զինամթերքի կարիք չի ունենա, ինչպես Քադաֆիի օրոք:
Միաժամանակ Ջալիլը նշել է, որ Ռուսաստանը իր արժանի տեղը կունենա Լիբիայում` հեղափոխության աջակցմանը համապատասխան:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԵԼ Է ,ԲԱՐԲԱՐՈՍՍԱե ԾՐԱԳԻՐԸ

Թուրքիայի զինվորական հրամանատարությունը ռազմածովային նոր ռազմավարություն է մշակել, որն անվանվել է «Օպերացիա Բարբարոսսա-Էգեյան վահան»:
Նոր ռազմավարության շրջանակներում թուրքական ռազմական նավատորմն իր ուժերի մի մասը Սև և Մարմարի ծովերից կտեղափոխի Միջերկրական ծով: Մասնավորապես, խոշոր ուժեր կտեղակայվեն Կիպրոսի և Իսրայելի ափերի մոտ: Այնտեղ լրացուցիչ կուղարկվեն երկու ֆրեգատ, երկու կորվետ, մի քանի պահականավեր և հրթիռանավեր, ինչպես ապահովման և մատակարարման նավեր:

ՆԱՏՕ-Ն ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է. ԻՐԵՆՑ ԶԻՆՎՈՐԸ ՍՊԱՆԵԼ Է BBC-Ի ԼՐԱԳՐՈՂԻ

Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորախմբի հրամանատարությունը խոստովանել է, որ իրենց զինվորը սպանել է BBC ընկերության համար աշխատող տեղացի լրագրողին: Դաշինքի ներկայացուցիչների կարծիքով զինծառայողը սխալմամբ է գնդակահարել լրագրողին` նրան շփոթելով զինյալ գրոհայինի հետ:

ԼԱՎՐՈՎԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2014 թ. հետո Աֆղանստանում այլ ձևաչափով օտարերկրյա ռազմական ներկայություն չպետք է լինի: Նա հայտնել է, որ Ռուսաստանը տեղյակ է նման ծրագրերի մասին և այդ հարցը ներկայումս քննարկում Աֆղանստանի ու ԱՄՆ ղեկավարության հետ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ

ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ այդպիսին պետք է լինի Ռուսաստանի սահմանների մոտ հակահրթիռային պաշտպանության բաղադրատարրեր տեղակայելու վերաբերյալ դաշինքի ծրագրին տրվելիք պատասխանը: Նաև հավելել է, որ Ռուսաստանի հետ հաշվի կնստեն միայն լուրջ գիտատեխնիկական մշակում իրականացնելու դեպքում: