Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՆԱՏՕ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ

ՆԱՏՕ-ն Հնդկաստանին առաջարկել է համագործակցել հակահրթիռային պաշտպանության ոլորտում, նաև տեղեկատվություն փոխանակել ՀՀՊ միջոցների ստեղծման վերաբերյալ:
Դաշինքի ներկայացուցիչները նշել են, որ համագործակցությունը կնպաստի երկու երկրների անվտանգության ապահովմանը, բացի այդ, Հնդկաստանը ռազմական տեխնոլոգիաներ կստանա:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՐՋԱՊԱՏԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԵՐՁԵՑՆԵԼ ՀԱՊԿ-Ը ԵՎ ՆԱՏՕ-Ն

Արդի զարգացման ինստիտուտը (Институт современного развития – փորձագիտական կազմակերպություն, որի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը) առաջարկներ է պատրաստել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բարեփոխման վերաբերյալ: Առաջարկները նախատեսում են ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի մերձեցում:
Տվյալ թեմայով զեկույցը կներկայացվի առաջիկա օրերին Յարոսլավլում անցկացվելիք համաշխարհային քաղաքական ֆորումում, որտեղ ելույթ է ունենալու նաև Դմիտրի Մեդվեդևը:

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ 23 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Ուկրաինայի արտգործնախարարություը հաստատել է, որ ի հեճուկս Լիբիայի տարածքը լքելու վերաբերյալ իր հետևողական կոչերին, Ուկրաինայի քաղաքացիների մի մասը մնացել է այս երկրում:
Նրանցից 23-ը տեղական ժամանակավոր իշխանությունների կողմից ձերբակալվել են` Քադաֆիին հավատարիմ զորքերի կազմում որպես դիպուկահար մարտական գործողություններին մասնակցելու կասկածանքով:
Ձերբակալվածները, սակայն, ժխտում են մեղադրանքը՝ պնդելով, որ խոհարարներ են կամ նավթագործներ:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՊՐՈՖԵՍՈՐ

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Բալթյան պետական տեխնիկական համալսարանի պրոֆեսորներ Ե. Աֆանասևին ու Դ. Ուստինովին:
Նրանց մեղադրում են 2009 թվականին ՉԺՀ-ում գտնվելիս վարձատրության դիմաց չինական ռազմական հետախուզությանը պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու համար:
Գործն արդեն ուղարկվել է Սանկտ-Պետերբուրգի քաղաքային դատարան: Նրանց սպառնում է 12-20 տարվա ազատազրկում:

ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏՈՏԱԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Այդ մասին հայտարարել է զինված ուժերի թիկունքի զորքերի հրամանատար, գեներալ Էյալ Այզենբերգը` նշելով, որ այդ մռայլ սցենարի իրականացմանը մեծապես նպաստում է նաև թուրք-իսրայելական հարաբերությունների սրումը:
Գեներալը նաև չի բացառել մարտական գործողությունների ընթացքում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հնարավորությունը և մտահոգություն հայտնել քաղաքացիական բնակչության պաշտպանության ասպարեզում Իսրայելի պատրաստվածության ցածր մակարդակի առնչությամբ:

ՀՐԱԶԵՆԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՍԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ

Ենթադրվում է, որ միայն այս տարի ԱՄՆ-ում կվաճառվի 15 միլիոն ատրճանակ: Ամենամեծ սպահանջարկը վայելում են այսպես կոչված Ռեմբո-ատրճանակները՝ ամերիկյան մարտաֆիլմերի հերոսների հիմնական զենքը:
Հրազենի արտադրությամբ և վաճառքով զբաղվող տեխասյան Sturm Ruger ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ Բարաք Օբամայի նախագահության ընթացքում ընկերության բաժնեթղթերի արժեքն աճել է 400%-ով, այն դեպքում, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ոսկին թանկացել է ընդամենը 113%-ով:

ՎՐԱՍՏԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հերքել է Wikileaks-ի հրապարակած այն տեղեկությունը, որ Վրաստանը Ռուսաստանին թույլ է տվել իր օդային տարածքով ռազմական նշանակության բեռներ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն և հայտարարել է, որ Ռուսաստանը նման խնդրանքով վերջին անգամ պաշտոնական Թբիլիսիին դիմել է 2008 թվականի օգոստոսին և մերժում ստացել: