Նորություններ
Ռուսաստանը ճանաչել է Լիբիայի անցումային ազգային խորհուրդը` որպես երկրի օրինական իշխանություն: Ռազմական փորձագետների կարծիքով, դա ճիշտ քայլ էր, որը թույլ կտա հեռանկարում վերականգնել երկու երկրների միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցությունը:
Լիբիայում ռազմական գործողություններ սկսվելուց հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած սպառազինության մատակարարման արգելքի պատճառով Ռուսաստանը կորցրեց ավելի քան 4 միլիարդ դոլար:
Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին` միաժամանակ դադարեցնելով ռազմական երկկողմ բոլոր համաձայնագրերի կատարումը:
Որոշման պատճառ է դարձել 2010թ. մայիսին Գազայի հատված ուղևորվող «ազատության նավատորմիղի» հետ կապված միջադեպը, երբ իսրայելցի զինվորականները սպանեցին Թուրքիայի 9 քաղաքացու: Իսրայելը հրաժարվել է ընդունել իր մեղքը և ներողություն խնդրել, ինչպես դա պահանջում էին թուրքական իշխանությունները:
Արխանգելսկի շրջանի «Պլեսեցկ» տիեզերակայանում արձակվել է РС-12М «Тополь» միջմայրցամաքային բալիստիկ փորձնական հրթիռ:
Փորձարկման նպատակը շահագործման երկարացված ժամանակաշրջանում այս դասի թռիչքա-տեխնիկական հիմնական բնութագրերի կայունության հաստատումն է և հրթիռների հեռանկարային մարտական համալրման փորձարկումը: Արձակված հրթիռը հաջողությամբ խոցել է նշանակետը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաջիկստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու մասին: Համապատասխան պայմանագիրը կստորագրվի 2012թ.:
Տաջիկստանում ռուսական ռազմաբազան ստեղծվել է 2005թ.` 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա, որն այնտեղ էր գտնվում փոխօգնության պայմանագրով: Համաձայնագրի ժամկետների երկարաձգմանն ի պատասխան` Ռուսաստանը Տաջիկստանին կհատկացնի ժամանակակից ռազմական տեխնիկա և կուսուցանի տեղի զինվորական անձնակազմին:
Հինգերորդ սերնդի F-35 հեռանկարային կործանիչի ստեղծման ծրագրին անսպասելի հարված է հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարի տեղակալ Ռոբերտ Ուորկը: Նրա կազմած նախագծում ռազմական նավատորմի հրամանատարությանն առաջարկվում է ուսումնասիրել կործանիչի F-35B և F-35C տարբերակներից մեկից հրաժարվելու հնարավորությունը:
Նպատակը այդ տիպի ինքնաթիռների ստեղծման և շահագործման վրա ծախսվող գումարի խնայումն է: Ուորկը նաև առաջարկել է նվազեցնել ռազմածովային ուժերի և ծովային հետևակի կորպուսի` այս կործանիչներով համալրվող էսկադրիլիաների թիվը` միաժամանակ արագացնելով այլընտրանքային անօդաչու ապարատների մշակումը:
ՌԴ Հյուսիսային նավատորմում ընթացող փորձարկումների ժամանակ ԿԱ-52-«Ալիգատոր» գրոհային ուղղաթիռը վայրէջք է կատարել «Փոխծովակալ Կուլակով» մեծ հակասուզանավային նավի վրա:
Սկզբում ուղղաթիռը վայրէջք է կատարել անշարժ նավի վրա, ապա` շարժվող: Ուղղաթիռը վարել է փորձարկող-օդաչու Վիտալի Լեբեդևը:
Այս ուղղաթիռների ծովային տարբերակը նախատեսվում է տեղակայել «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի վրա, որոնք Ռուսաստանը գնել է Ֆրանսիայից: Ծովային պայմաններին լիովին հարմարվելու համար անհրաժեշտ է անցկացնել մի շարք փորձարկումներ, այդ թվում անհրաժեշտ է ստուգել անիվների աշխատունակությունը ուժեղ ճոճքի ժամանակ:
Սպառազինության համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի մասնագետների կանխատեսմամբ ռուսական ճակատային հեռանկարային կործանիչի (Т-50) մշակման ծրագրի շրջանակներում մինչև 2050թ. կարտադրվի առնվազն 1000 մարտական մեքենա:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերից բացի, շուրջ 250 ինքնաթիռ կպատվիրի Հնդկաստանը: Հավանական գնորդների թվում նշվում են նաև Բրազիլիան, Արգենտինան, Ալժիրը, Վենեսուելան, Վիետնամը, Իրանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Ղազախստանը, Չինաստանը, Սիրիան (ընդհանուր առմամբ մինչև 388 ինքնաթիռ): Կենտրոնի մասնագետները չեն բացառում նաև այն տարբերակը, որ պատվիրատուների թվում կհայտնվեն արևմտաեվրոպական երկրներ: