Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՆՏՈՒ ԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ

Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում հակակառավարական ընդվզումների սկսվելուց հետո Մեծ Բրիտանիան մեկ երրորդով ավելացրել է զենքի արտահանումը այդ երկրներ: Մասնավորապես, այս տարվա փետրվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում արտահանվել է 30.5 մլն ֆունտի զենք` անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվածից 8.3 մլն-ով ավելի: Ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելք է արտահանվում 1.45 մլրդ ֆունտի բրիտանական զենք:

ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՆԸ

ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից փորձարկվող նոր գերձայնային անօդաչու ինքնաթիռը` «HTV-2»-ը, ընկել է Խաղաղ օվկիանոս:
Անկումից առաջ նրա արագությունը 20 անգամ գերազանցել է ձայնի արագությունը` հասնելով 6 կմ/վ –ի (!): Սա 12 անգամ ավելի մեծ արագություն է, քան «F-18» ռեակտիվ կործանիչինը:

F-35-ԻՆ ԱՌԱՅԺՄ ԿՓՈԽԱՐԻՆԻ SUPER HORNET-Ը

Ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 Lightning II հեռանկարային կործանիչի մշակման և արտադրման ժամկետների պարբերական հետաձգումից սկսել են օգտվել ավիաշինական այլ ընկերություններ, մասնավորապես Boeing-ը:
Շատ պետություններ, որոնց սպառազինության մեջ են ամերիկյան մարտական օդանավեր, հետաձգում են իրենց ռազմական գնումները` հույս ունենալով ստանալ F-35 նորագույն կործանիչներ: Սակայն ինքնաթիռի մատակարարման ժամկետները մշտապես հետաձգվում են, իսկ մարտական տեխնիկան հնանում է. այն հարկավոր է կամ նորոգել ու արդիականացնել, կամ դուրս գրել և ձեռք բերել նորը: Որոշ երկրներում սպասվում է կործանիչների պակասուրդ:

ՌՈՒՍԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՄՆ-Ը ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻՑ

ԱՄՆ-ում անհանգստացած են այն փաստից, որ Չինաստանը ցանկանում է ձեռք բերել ռուսական արտադրության «Կլաբ» թևավոր հրթիռներ` սուզանավերի վրա տեղակայելու համար:
Ռուսաստանը արտահանում է այս հրթիռների արձակման կոնտեյներանման համալիրներ` «Կլաբ-Կ» անվանումով: Կոնտեյներում տեղավորվում է 4 հրթիռ: Կայանը սպասարկում են 2 օպերատորներ, որոնք արբանյակային կապի միջոցով ուղղորդում են հրթիռները: ՆԱՏՕ-ի դասակարգմամբ հրթիռն ունի SS-N-27 Sizzler անվանումը:

ԱՄՆ-ՈՒՄ ՊՈՂՊԱՏԻ ՈՐԱԿՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՆՈՐ ՆՅՈՒԹ ԵՆ ՄՇԱԿԵԼ

ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գործակալությունում ստեղծվում է նոր նյութ, որը կարող է մարտագլխիկի մարտական հատվածում փոխարինել պողպատը: Դա թույլ կտա ավելացնել կիրառվող զենքի հզորությունը և ճշգրտությունը:
Նոր նյութում կիրառվող տեխնոլոգիաների շնորհիվ ոչ միայն ավելանում է պայթյունի հարվածային ուժը, այլև պայթյունի ժամանակ դուրս է գալիս քիմիական լրացուցիչ էներգիա` ավելի հավանական դարձնելով հակառակորդի լիակատար ոչնչացումը:

ԼԻԲԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ՆԱՏՕ-ՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ դեսպան Կուրտ Վոլկերը հայտարարել է, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունները չի կարելի հաջողված համարել: Նրա կարծիքով պատասխանատուները պետք է մտահոգվեն դաշինքի ներսում առկա խնդիրներով, որոնք ի հայտ են եկել ռազմական օպերացիայի ընթացքում:
Նա խոսել է տարբեր խնդիրների մասին` առաքելության սահմանումից մինչև գործողությունների համաձայնեցում:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՌՈՒՍ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 16-23-ը ՌԴ «Գորոխովեցկի» և «Աշուլուկ» հրաձգարաններում կանցկացվի «Միության վահան-2011» ռուս-բելառուսական համատեղ օպերատիվ զորավարժությունը:
Երկու կողմից զորավարժությանը կմասնակցի 12 000 զինծառայող, 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 200 միավոր մարտական տեխնիկա, այդ թվում` 100 տանկ:
Զորավարժության օպերատիվ միացյալ իրավիճակի սցենարով նախատեսվում է իրագործել պաշտպանական բնույթի միջոցառումներ: