Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՔԱԴԱՖԻԻՆ ԶԻՆՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ԶԻՆԱԹԱՓԵ՞Ն

Լիբիայի դեմ ռազմական գործողությունների սկսվելուց ընդամենը 4 ամիս առաջ Մեծ Բրիտանիան Մուամար Քադդաֆիի ռեժիմին վաճառել է ավելի քան 60 մլն ֆունտ ստեռլինգի զենք` դիպուկահար հրացաններ, զինամթերք, արցունքաբեր գազ և ցույցեր ճնշելու միջոցներ:
Վերջին 2 տարում Մեծ Բրիտանիայի կառավարությունը Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներ է մատակարարել ավելի քան 2.3 մլրդ ֆունտ ստեռլինգի սպառազինություն: Այս մասին ասվում է երկրի խորհրդարանի զեկույցում:

ԻՐԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Իրանը Ռուսաստանի դեմ հայցով դիմել է միջազգային դատարան: Նա Ռուսաստանից պահանջում է կատարել 2007թ. կնքված պայմանագրի դրույթները և մատակարարել խոստացված «С-300» զենիթահրթիռային համալիրները, որոնց վաճառքը, պաշտոնական Թեհրանի կարծիքով, չի հակասում 2010թ. հունվարին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառմանը: Որպես տարբերակ` Իրանը Ռուսաստանին առաջարկում է մատակարարումն իրականացնել Վենեսուելայի միջնորդությամբ:

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԳՅՈՒՏԸ

Վաշինգտոնում տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) նախագծողների կոնֆերանս, որի ընթացքում իսրայելական «Israel Aerospace Industries» ընկերությունը ներկայացրել է իր նորագույն գյուտը` մինի-ԱԹՍ, որը հատուկ մշակվել է` քաղաքի պայմաններում մարտեր վարելու համար:
Սարքի զանգվածը 4 կգ է, այն հետախուզական տեղեկություն է հավաքում քաղաքում ընթացող փողոցային մարտերի ժամանակ: Մինի-ԱԹՍ-ի ղեկավարման համակարգը հիմնված է համակարգչային խաղերի ծրագրավորման վրա և շատ պարզ է:

ԱՄԵՐԻԿԱՆ ՇՈՒՏՈՎ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԿՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է ՌՕՈՒ զարգացման հետ կապված խնդիրները լուծել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ավտոնոմ (ինքնաբավ) ցանցեր ստեղծելու միջոցով:
Հարյուրավոր թռչող սարքեր միջատների պարսի նման կգրոհեն հակառակորդի վրա` բացահայտելով նրա ՀՕՊ միջոցները և ոչնչացնելով դրանք: Նման գրոհին հակազդել գործնականում հնարավոր չէ: Մեծ թվով ԱԹՍ-ների գործողությունների փոխհամաձայնեցման խնդիրը արդեն լուծման փուլում է:

ԳԱԼԻՍ Է ՆԱԵՎ ՌՈԲՈՏ-ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

ԱՄՆ-ը ակտիվորեն աշխատում է առանց անձնակազմի սուզանավեր ստեղծելու ուղղությամբ: Այս տարվա մայիսին ստեղծված «Proteus»-ը նախագծի առաջնեկն է: Դրա երկարությունը 7.6 մ է, սպառազինված է փոքր տրամաչափի և 200 կգ ընդհանուր զանգվածով 2 ռումբերով, առանց վերալիցքավորման ունակ է շարժվելու 92 ժամ` 3-5 հանգույց արագությամբ:
Սա, իհարկե, չի բավարարում մշակողների պահանջները: Նպատակը այնպիսի ռոբոտ-սուզանավ ստեղծելն է, որն ունակ կլինի անցնելու հազարավոր կիլոմետրեր, ամիսներ շարունակ մնալու ջրի տակ` առանց հայտնաբերվելու հակառակորդի սուզանավերի կողմից:

Ո՟Վ ԿԳՆԻ ՉԵԽԻԱՅԻ ՏԱՆԿԵՐԸ

Չեխիայի պաշտպանության նախարարությունը որոշել է վաճառել պահեստում գտնվող խորհրդային արտադրության 100 հատ «Т-72» տանկերը: Վաճառքից ստացված գումարով Չեխիան մտադիր է իրականացնել մի շարք ռազմական նախագծեր:
Երկրի խորհրդարանի հավանությունը ստանալու դեպքում Չեխիան իր սպառազինության մեջ կթողնի 30 հատ «T-72M» արդիականացված տանկ, որոնց շահագործման ժամկետն ավարտվում է 2025թ.: «T-72M»-ի զանգվածը 48 տ է, արագությունը` 61կմ/ժ: Տանկի վրա տեղադրված է 120 մմ տրամաչափի հրանոթ և 7.62 մմ տրամաչափի գնդացիր, ինչպես նաև 12.7մմ-անոց զենիթային գնդացիր:

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 6 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Աստրախանի շրջանում գտնվող Աշուլուկ ռազմափորձադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են առնվազն 6 զինծառայողներ, 12-ը վիրավորվել են:
Պայթյունը տեղի է ունեցել օգտահանման ենթակա զինամթերքը բեռնատարից դուրս բերելիս: Փաստի առթիվ ՌԴ Զինվորական գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ շրջապատի համար վտանգ ներկայացնող զենքի և առարկաների հետ վարվելու անվտանգության կանոնները չպահպանելու հոդվածով: