Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԻՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԵՆՏԱԳՈՆԸ ԿԽՆԱՅԻ 15 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կկրճատի ռադիոկայանների գնման ծավալը: Նախատեսված 86956 միավորի փոխարեն զորքերը կստանան 11030 ռադիոկոմպլեկտ: Այս որոշման շնորհիվ Պենտագոնը կխնայի մինչև 15 միլիարդ դոլար:
Կրճատումը կկատարվի կապի JTRS հեռանկարային համակարգերի ստեղծման և արտադրության ծրագրի շրջանակներում կապի նոր միջոցների գնման նպատակով:

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ ԿԼԻՑՔԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՕԴՈՒՄ

Իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը մտադիր է Heron անօդաչու ապարատի արդիականացված տարբերակը համալրել օդում լիցքավորելու համակարգով: Արդիականացված տարբերակը նախատեսված է ռազմածովային ուժերի համար:
Նոր անօդաչու ապարատը կստանա նաև ծովային հետախուզության ռադար, օպտիկա-էլեկտրոնային կատարելագործված սենսորներ և այլ լրացուցիչ սարքավորումներ:
Ծովային կիրառման Heron-ը թռիչքներ կկատարի 1000 կմ հեռավորության վրա` օդում մնալով մինչև 8 ժամ:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊՆ-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը սկսել է վաճառել գաղտնի ծառայությունների և հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմի ծառայողական ունեցվածքը` բյուջեի` 36 միլիոն ֆունտ ստերլինգի չափով պակասորդը լրացնելու նպատակով:
Վաճառքի են հանվել քողարկող համազգեստներ, դիվանագիտական միջավայրում աշխատող գործակալների ներկայացուցչական դասի ժամացույցներ, զրահապատ ավտոմեքենաներ, ուղղաթիռներ, մարտական զրահամեքենաներ և այլն:

ՊԱԿԻՍՏԱՆԻ ՈՒ ԱՄՆ-Ի ՎԱՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԸ

Պակիստանը Չինաստանին թույլատրել է ծանոթանալ Բեն Լադենի ոչնչացման օպերացիայի ժամանակ վթարված ամերիկյան գաղտնի ուղղաթիռի բեկորներին: Չինացի զինվորականները լուսանկարել են ուղղաթիռի բեկորները, անտեսանելիությունն ապահովող հատուկ ծածկույթի նմուշներ վերցրել:
Այս տեղեկությունը կարող է ավելի բարդացնել ԱՄՆ և Պակիստանի միջև հարաբերությունները, որոնք սրվել էին Բեն Լադենի ոչնչացումից հետո: Պակիստանը դժգոհում է, որ օպերացիան անցկացվել է առանց իր գիտության, իսկ ամերիկացիները այդ երկրի հետախուզական ծառայություններին մեղադրում են ահաբեկչության դեմ պայքարելու ցանկություն չունենալու մեջ:

ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ԿՀԱՄԱԼՐՎԻ 130 «ՍՈՒ-34» ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐՈՎ

ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերն առաջիկայում կստանան 120 «ՍՈՒ-34» ռազմաճակատային ռմբակոծիչ: Կկազմավորվի 5 էսկադրիլիա` յուրաքանչյուրում 24 ինքնաթիռ:
2012թ. զորքեր կմատակարարվի 12 այդպիսի ինքնաթիռ:

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԳՆԻ ԾԱՆՐ ԲԵՌՆԱՏԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը CH-47F Chinook 6 տրանսպորտային ուղղաթիռ գնելու պայմանագիր է ստորագրել ամերիկյան Boeing ընկերության հետ: Գործարքի արժեքը կազմել է 400 միլիոն դոլար:
Թուրքիան նախատեսում էր գնել 14 այդպիսի ուղղաթիռ, սակայն ստիպված էր նվազեցնել պատվերի քանակը` ռազմական բյուջեի դեֆիցիտի պատճառով: Chinook-ները կլինեն Թուրքիայի զինված ուժերի կազմում ծանր բեռնատարողության առաջին տրանսպորտային ուղղաթիռները:

ՌԱԶՄԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՉԵՆ ԼԻՆԻ

Հատուկ շինարարության դաշնային գործակալությունը մինչև տարեվերջ կառանձնացվի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից` դառնալով ինքնուրույն շինարարական կազմակերպություն` 130 միլիարդ ռուբլի տարեկան բյուջեով:
Գործակալության կազմում ծառայող ավելի քան 3000 զինվորական շինարարների մի մասը կզորացրվի, մի մասն էլ կնշանակվի քաղաքացիական հաստիքների: