Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿԱԶՄԱԼՈՒԾՈՒՄ Է ՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

Սլովակիայի Անվտանգության խորհուրդը որոշել է կազմալուծել երկրի զինված ուժերի տանկային ստորաբաժանումները:
Որոշման պատճառը երկրի ռազմական գերատեսչության տարեցտարի նվազող բյուջեն է, որի միջոցներով զինվորականները չեն կարողանում լուծել բոլոր անհրաժեշտ խնդիրները:
Չեխոսլովակիայի բաժանումից հետո Սլովակիան ստացել է շուրջ 1000 տանկ: Այժմ շարքում են միայն 30-ը, սակայն նույնիսկ դրանց շահագործման ծախսերը նախարարության «գրպանին» համապատասխան չեն:

ՊԱՏՐԱՍՏ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ

«Մաքս-2011» ավիացուցահանդեսում կներկայացվի ռուսական «Լուչ» առաջին հարվածային անօդաչու թռչող ապարատը, որը նախատեսված է օպտիկա-էլեկտրոնային, ռադիոտեղորոշումային, ռադիոտեխնիկական հետախուզության, տվյալների վերահեռարձակման համար:
Ապարատի վրա տեղադրվում է 170 կգ ծավալով սպառազինություն` իր կառավարման համակարգով: Մինչ այժմ ռուսական ռազմարդյունաբերությունը պատրաստում էր միայն հետախուզական բնույթի անօդաչուներ:

ԻՍՐԱՅԵԼԸ ԿԳՆԻ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐԱԾ ՏԵԽՆԻԿԱՆ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը բանակցում է Պենտագոնի հետ` Իրաքից ամերիկյան զորքերը հանելուց հետո դուրս գրման ենթակա տեխնիկան գնելու հնարավորության վերաբերյալ:
Իսրայելը նախատեսում է գնել նաև ազատված զենքն ու զինամթերքը:
Այդպիսով երկիրը զգալիորեն ցածր գնով ձեռք կբերի տարատեսակ տեխնիկա, հատկապես HMMWV զրահափոխադրիչներ:
Գործող պայմանավորվածության համաձայն` ամերիկյան զորքերը պետք է հեռանան Իրաքից 2011թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ:

«ԿԱՄԱԶ»-Ը ԻՏԱԼԱԿԱՆ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՆԵՐ ՉԻ ԱՐՏԱԴՐԻ

Ռուսական «Կամազ» ընկերությունը չի մասնակցի իտալական IVECO LMV M65 զրահամեքենաները Ռուսաստանում հավաքելու ծրագրին: Մասնագետների կարծիքով, դա կապված է արտասահմանյան պահեստամասերի արտադրության արտոնագիր չունենալու հետ:
Իտալական զրահամեքենայի հիմնական մասերը այլ երկրների արտադրության են` կերամիկական զրահը գերմանական է` հոլանդական հումքով, շարժիչը ամերիկյան է:

ՄԻԳ-29-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ

ՄԻԳ կորպորացիան կդադարեցնի «դասական» ՄԻԳ-29 ինքնաթիռների արտադրությունը` արդեն կնքված պայմանագրերով նախատեսված տեխնիկան պատվիրատուներին մատակարարելուց հետո:
Այսուհետ կարտադրվեն միայն կործանիչի արդիականացված մոդելները:
ՄԻԳ-29 կործանիչի սերիական արտադրությունն սկսվել է 1982թ.: Արտադրվել է շուրջ 1700 ինքնաթիռ, որոնցով, բացի Ռուսաստանից, սպառազինված է ևս 27 պետություն: Պատվերների առկայության դեպքում կործանիչի բազային տարբերակի արտադրությունը հնարավոր է որոշ ժամանակով երկարացվի:

ԱՄՆ ռազմածովային ուժերը նախատեսվածից 8 ամիս շուտ ստացել են «Վիրջինիա» դասի «Կալիֆորնիա» նորագույն ատոմային սուզանավը: Պաշտոնապես այն սպառազինության կվերցվի հոկտեմբերի 29-ին:
«Վիրջինիա» դասի սուզանավերը նախատեսված են սուզանավերի, վերջրյա նավերի դեմ ինքնուրույն պայքարելու, ցամաքային օբյեկտներին հարվածներ հասցնելու, տարբեր ծովային գաղտնի օպերացիաներ իրականացնելու համար:

ԱՄՆ-ՈՒՄ ՎԵՐՁԱՅՆԱՅԻՆ ԱՊԱՐԱՏ ԵՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստվում են երկրորդ անգամ փորձարկել Falcon HTV-2 վերձայնային ապարատը: Առաջին փորձարկման ժամանակ ապարատը թռիչքի 9-րդ րոպեին ինքնաոչնչացվել է տեխնիկական խնդիրների պատճառով:
Հերթական թռիչքի ժամանակ Falcon HTV-2-ը 30 րոպեում պետք է 7,6 հազար կմ անցնի:
Ապարատը մշակում է Lockheed Martin ընկերությունը: 2003թ. մեկնարկած ծրագիրը Պենտագոնի մշակած բարձր ճշգրտության համատարած օպերատիվ հարվածի հայեցակարգի մաս է կազմում: Հայեցակարգով նախատեսվում է աշխարհի ցանկացած կետում 60 րոպեի ընթացքում հարվածներ հասցնելու ունակ խոցման միջոցներ ստեղծել: