Նորություններ
ԱՄՆ-ում մշակվող թռչող ապարատը միաժամանակ ինքնաթիռի և դիրիժաբլի ունակություններ ունի:
Aeroscraft անվանումով օդային փոխադրամիջոցը կկարողանա ավելի քան 500 տոննա բեռ բարձրացնել: 70 մետր երկարությամբ և 30 մետր լայնությամբ առաջին մոդելը պատրաստ կլինի 2012թ.:
Օդանավի համապատասխան խցիկներում կլցվի հելիում գազ, որը կապահովի անհրաժեշտ վերամբարձ ուժը: Ճնշումն ավելացնելու դեպքում վայրէջք կկատարվի: Օդում Aeroscraft-ը կշարժվի սովորական ինքնաթիռի պես` տուրբոռեակտիվ շարժիչների և ավիացիոն վառելիքի միջոցով:
ՌԴ տիեզերական զորքերում պատրաստվում են մարտական հերթապահության ընդունել «Վորոնեժ-Մ» ռադիոտեղորոշիչ կայանը:
«Վորոնեժ-Մ-ը» նախատեսված է հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգի շրջանակներում տիեզերական տարածքի հսկողության համար` թիրախի հեռահար հայտնաբերման հնարավորությամբ (4500-6000 կմ):
ԱՄՆ-ում նախատեսում են նոր տեխնոլոգիա մշակել, որը թույլ կտա որոշել լուսանկարում պատկերված տարածքի աշխարհագրական դիրքը: Նոր մշակումը հատկապես օգտակար կլինի հետախույզների համար:
Այժմ համացանցում միլիարդավոր նկարներ են տեղադրվում ուղեկցող մանրամասն տեղեկատվությամբ: Նոր տեխնոլոգիայով մշակված ծրագրային ապահովումը կկարողանա ամբողջացնել լուսանկարին կից կողմնորոշիչներն ու այլ տվյալները և դրանք ավտոմատ համադրել աշխարհագրական կոնկրետ վայրի հետ:
Էստոնիայի օդային տարածքը մոտ 2 շաբաթ մնացել էր առանց ՆԱՏՕ-ի կործանիչների պաշտպանության:
Գործող կանոնների համաձայն` կործանիչների թռիչքի ժամանակ մշտական մարտական պատրաստության պետք է բերվեն նաև փրկարար ուղղաթիռները` անհրաժեշտության դեպքում օդաչուներին օգնության հասնելու համար: Տվյալ ժամանակահատվածում բոլոր 3 փրկարար ուղղաթիռները նորոգվում էին, այդ պատճառով էլ թռիչքները դադարեցվել են:
Օգոստոսի 8-11-ը Ռուսաստանի, ԱՄՆ և Կանադայի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Զորավարժության ընթացքում խնդիրներ կկատարեն հեռահար ռադիոտեղորոշման, լիցքավորման ինքնաթիռներ, կործանիչներ:
Ամերիկյան Boeing և բրիտանական BAE Systems ընկերությունները ԱՄՆ ռազմածովային ուժերի համար համատեղ մշակում են սպառազինման հիբրիդային համակարգ:
Հեռակառավարվող կայանքը կունենա 25 մմ-անոց թնդանոթ և 10 կիլովատտ հզորությամբ լազեր: Այն կօգտագործվի նավերի պաշտպանության համար: Կայանքում կիրառված տեխնոլոգիաները փորձարկվել են այլ համակարգերում և մարտական խնդիրների կատարման գերազանց արդյունք ցույց տվել:
Հունաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Հունաստանի և Թուրքիայի 120 կմ-անոց ցամաքային սահմանի երկայնքով հակատանկային փոս անցկացնել` 7 մետր խորությամբ և 30 մետր լայնությամբ:
Կառույցը միանգամից երկու նպատակի կծառայի. հավանական պատերազմի դեպքում կդժվարեցնի թուրքական զորքերի առաջխաղացումը և կկանգնեցնի թուրքական սահմանով Հունաստան անցնող անօրինական ներգաղթողների հոսքը: