Նորություններ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրի համաձայն` փոփոխություններ են կատարվել երկրի զինված ուժերի կայազորային և պահակային, ներքին ծառայության, կարգապահական կանոնադրություններում:
Պարետային ծառայությունը ստացել է առանձին ինքնուրույն կառույցի կարգավիճակ և այսուհետ կայազորներում պահպանելու է զինվորական իրավակարգն ու կարգապահությունը:
RQ-4 Global Hawk անօդաչու ապարատը կփոխարինի 1957թ. ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինությունում կանգնած U-2 Dragon Lady հետախուզական ինքնաթիռներին: Այժմ Global Hawk-ը մարտական կիրառման փորձարկումներ է անցնում:
Անօդաչուի մշակումն իրականացվում է 2000թ.: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 միլիարդ դոլար է: Այդ միջոցներով զինվորականները նախատեսում են ավարտել բոլոր փորձարկումները և սպառազինության վերցնել 55 անօդաչու ապարատ:
Չինաստանը J-10B կործանիչների 1 էսկադրիլիա (12-16 ինքնաթիռ) կնվիրաբերի Պակիստանին: Այդ մասին չինական զինվորական հրամանատարությունը հայտնել է Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վահիդ Արշադի` Չինաստան կատարած այցի ընթացքում:
Նման որոշումը պայմանավորված է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ամրապնդելու ցանկությամբ:
2009թ. Պակիստանը 1,4 միլիարդ դոլար արժողությամբ 36 J-10 կործանիչներ գնելու պայմանագիր էր կնքել` հետագայում նման ինքնաթիռների թիվը զինված ուժերում նախատեսելով հասցնել 150 միավորի: Երկիրը նաև գնում է չինական արտադրության ռազմական այլ ինքնաթիռներ:
ԱՄՆ զինվորական հրամանատարությունը դադարեցրել է MULE ARV մարտական ռոբոտի մշակման ծրագիրը: Ռոբոտը նախատեսված էր հետախուզության, դիտարկման, ինչպես նաև հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու համար:
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը նախապես ծրագրում էր ստեղծել ռոբոտի 3 տեսակ` տրանսպորտային, սակրավորային և զինված: Առաջին երկուսից հրաժարվել են դեռ նախորդ տարի, այժմ էլ հերթը երրորդ մոդելինն է:
ՌԴ Բալթյան նավատորմը համալրվում է Ս-400 Տրիումֆ ՀՕՊ համակարգերով:
Ս-400-ը նախատեսված է բոլոր տեսակի թռչող ապարատների խոցման համար: Իր արդյունավետությամբ կարող է փոխարինել Ս-300 տիպի 3 համակարգի: Միաժամանակ ուղեկցում է 300 թիրախ` հրթիռներով խոցելով 36-ը:
Մինչև տարեվերջ Բալթյան նավատորմը կստանա Ս-400 ՀՕՊ համակարգի 2 մարտկոց:
ԱՄՆ-ում ավիամոդելավորման խանութի սեփականատեր Մայք Թեյսին և ռազմաօդային ուժերի նախկին ինժեներ Ռիչարդ Փերկինսը WASP անվանումով անօդաչու թռչող ապարատ են ստեղծել:
180 սմ երկարությամբ, թևերի նույնքան բացվածքով ապարատը կշռում է ընդամենը 6,5 կգ: Այն բավականաչափ փոքր է ռադարների էկրանին չերևալու, որոշ դեպքերում էլ մեծ թռչունի տեղ անցնելու համար:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հանել է ՄԻԳ-29Կ/ԿՈՒԲ ինքնաթիռների թռիչքի համար հայտարարված արգելքը, որը մտցվել էր հունիսի 23-ին այդպիսի ինքնաթիռի կործանումից հետո:
Հատուկ հանձնաժողովը պարզել է վթարի պատճառները և ձեռնամուխ եղել դրանց վերացմանը:
Օրերս էլ «ՄԻԳ» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանի զինված ուժերը գնելու են 24 միավոր ՄԻԳ-29Կ/ԿՈՒԲ տախտակամածային կործանիչներ, պայմանագիրը հավանաբար կստորագրվի ՄԱՔՍ-2011 ավիասալոնի ընթացքում: