Նորություններ
Թուրքիան չի կարող օգտագործել բալիստիկ հրթիռների արձակման մասին ՆԱՏՕ-ի ունեցած հետախուզական տվյալները, եթե ռազմաօդային ուժերի համար գնի ռուսական կամ չինական արտադրության զենիթահրթիռային և հակահրթիռային համակարգեր:
Այդ մասին դաշինքի ներկայացուցիչները նախազգուշացրել են Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, որը ԶՀ և ՀՕՊ համակարգերի մատակարարման մրցույթ է անցկացնում: Նախնական տվյալներով, թուրքական կողմն առայժմ հրաժարվել է չինական և ռուսական առաջարկները դուրս հանել մրցույթի ցանկից:
Մինչև տարեվերջ Նովոսիբիրսկի` Չկալովի անվան ավիացիոն արտադրական միավորումը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին կփոխանցի 6 ՍՈՒ-34 ճակատային ռմբակոծիչ:
Այդ դասի ինքնաթիռների թիվը ՌԴ զինված ուժերում նոր նմուշների հետ միասին կկազմի 16 միավոր: Նախատեսվում է մինչև 2015թ. սպառազինության վերցրած ռմբակոծիչների թիվը հասցնել 70-ի:
Իսրայելի զինվորականները գաղտնազերծել են «Թամուզ» գերժամանակակից հրթիռը: Այն կիրառվել է արաբա-իսրայելական հակամարտությունների ընթացքում:
Հրթիռի արձակման կայանքը տեղադրվում է զրահափոխադրիչի վրա, ինչը մարտավարելու զգալի առավելություն է տալիս: Հրթիռային հաշվարկները համագործակցում են ցամաքային ստորաբաժանումների հետ և ցանկացած պահի կարող են խոցում կատարել նույնիսկ առանց լրացուցիչ կոորդինատներ ստանալու:
«Ռեյնմետալ» ընկերությունը մշակել է դիպուկահարների հայտնաբերման ASLS ակուստիկ նոր համակարգ:
Վերլուծությունների էլեկտրոնային սխեմաների և էկրանի հետ համակցված ալեհավաքն ու միկրոֆոնները տեղադրվում են զրահամեքենայի ներսում: Հակառակորդի դիպուկահարի կրակոցի ժամանակ համակարգը ակուստիկ և տեսողական եղանակներով տեղեկացնում է անձնակազմին, էկրանի վրա արտացոլում հայտնաբերման գործընթացը:
ԱՄՆ ցամաքային զորքերի` Պուեբլոյում գտնվող քիմիական զենքի պահեստներից մեկում գրանցվել է մարտական իպրիտ թունավոր նյութի արտահոսք:
Նախնական տվյալներով արտահոսքի պատճառ է դարձել թունավոր նյութով հրետանային արկերի վնասվելը: 5 արկ արդեն մեկուսացվել է: Մասնագետները տարածքում տեղադրել են օդափոխության լրացուցիչ համակարգեր:
Պուեբլոյի քիմիական զենքի պահեստում պահվում է 2600 տոննա իպրիտ և ավելի քան 700 000 թունավոր զինամթերք:
Մոսկվայի` պարաշյուտների պատրաստման գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները օդադեսանտային զորքերի համար նախատեսված «Լիստիկ» նոր պարաշյուտ են ստեղծել:
Գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Նազարենկոն հայտնել է, որ «Լիստիկն» արդեն փորձարկում են հմուտ պարաշյուտիստները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի եւ կառավարական պատվիրակության անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր: Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել ծառայողական պայմաններին: