Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 18-ին այցելեց Հայաստանի հարավարևելյան սահմանային շրջան և մասնակցել 35 սպաների համար կառուցված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին` նախարարը վստահեցրեց, որ պետությունն անում է հնարավոր ամեն ինչ սպաների կենցաղային խնդիրները լուծելու համար, որպեսզի նրանք մտածեն միայն հայրենիքի սահմաններն անառիկ պահելու և զինվորական գործին ամբողջությամբ նվիրվելու մասին:
Ռուսաստանի զինված ուժերը սպառազինության են վերցրել «Արկտիկա» օդաբարձով ամենագնացը: Ամենագնաց-ամֆիբիան մշտապես հնարավոր է շահագործել և´ ցամաքի, և´ ջրի վրա, այն կարող է շարժվել ձյան, ճահճի վրայով:
«Արկտիկայի» արագությունը 80 կմ/ժ է, հարթ մակերևույթների վրա` մինչև 140 կմ/ժ, կարող է տեղում շրջադարձ կատարել: Շահագործվում է +40-ից մինչև -50 աստիճանում, գործնականում ցանկացած եղանակային պայմաններում օրվա բոլոր ժամերին:
ԳԴՀ խորհրդարանի` բունդեսվերի գծով լիազոր ներկայացուցիչ Հելմուտ Կենիգհաուսը խստորեն քննադատել է Աֆղանստանում տեղակայված գերմանացի զինծառայողների տեխնիկական հանդերձման և բժշկական սպասարկման որակը:
Նա նշել է, որ ռազմական բժիշկների ստացած ցավազրկող միջոցները վատն են, սկսում են գործել ընդունումից 30 րոպե հետո միայն: Չի բավականացնում վիրավորներին անհրաժեշտ պահածոյացված արյունը:
68-ամյա գերմանուհի Էլկե Կոլլերը հայց է ներկայացրել վարչական դատարան, որով պահանջում է ԳԴՀ տարածքից դուրս բերել Բյուխելի ավիաբազայում պահվող ամերիկյան ատոմային ռումբերը:
Կոլլերը ապրում է Բյուխելից 3 կմ հեռավորության վրա: Նա համարում է, որ բազան կարող է ահաբեկիչների հարձակման թիրախ դառնալ, ինչը վտանգ է ներկայացնում նաև անձամբ իր համար:
«Պետրոս Մեծ» ատոմային հրթիռակիր հածանավի նորոգման աշխատանքների ժամանակ 265 միլիոն ռուբլի են գողացել:
ՌԴ գլխավոր զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զվյոզդոչկա» արտադրա-տեխնիկական հատուկ բազա ՓԲԸ գլխավոր տնօրեն Ֆյոդոր Բարաշկոյի նկատմամբ: Վերջինս 2010թ. պաշտպանության նախարարություն է ուղարկել աշխատանքների իրականացման մասին ակտ` իմանալով, որ դրանք նշված ծավալով չեն կատարվել: Պետպատվերի շրջանակներում ձեռնարկության հաշվին փոխանցվել է 356 միլիոն ռուբլի:
Ռումինիայից Բուլղարիա ուղևորվող գնացքից գողացել են հրթիռների մարտագլխիկների բաղադրամասերով 4 արկղ: Յուրաքանչյուր արկղում եղել է 16 մարտագլխիկի բաղադրամաս:
Պատասխանատուները նշում են, որ արկղներում պայթուցիկներ չեն եղել:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը բացառության կարգով թույլատրել է F-22 Raptor մի քանի կործանիչների թռիչքը: Մյուս բոլոր ինքնաթիռների շահագործումը նախկինի պես արգելքի տակ է թթվածնի մատակարարման համակարգում գրանցված անսարքությունների պատճառով:
Սահմանափակ քանակով թռիչքները թույլատրվել են նոր ծրագրային ապահովումը փորձարկելու նպատակով: Այն մասնավորապես թույլ կտա վերացնել ժամային գոտիները հատելիս տեղորոշման, ինքնաթիռի ղեկավարման համակարգերում գրանցվող թերությունները: