Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԸ

Գերմանական ռազմական հրաձգարանում անցկացվող զորավարժության ժամանակ ամերիկացի զինծառայողները պատահաբար գնդակոծել են 5 կմ հեռավորության վրա գտնվող Գրաֆենվեր քաղաքը:
12,7 մմ տրամաչափի գնդացրից արձակված փամփուշտները վնասել են վարժարանի շենքը, բնակելի մի տուն և ավտոտնակ: Դեպքի հետևանքով տուժածներ չկան:

ԱՌԱՋԻՆ F-35-ԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ 771 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

F-35 հեռանկարային կործանիչների առաջին փոքր խմբաքանակի նմուշները նախատեսվածից թանկ կլինեն 771 միլիոն դոլարով:
Թեև ամերիկացի զինվորականները իրենց դժգոհությունն են հայտնել այդ փաստի առթիվ, սակայն ստիպված են վճարել գումարի տարբերությունը, քանի որ դա պայմանագրի պահանջներից է: Առաջին խմբաքանակի համար պայմանագիրը անորոշ գին է սահմանել, ինչը նախատեսում է, որ գնի աճը փոխհատուցվելու է Պենտագոնի բյուջեից:

SUPER HORNET-Ը ԿԱՐՏԱԴՐՎԻ ՄԻՆՉԵՎ 2020Թ.

Ամերիկյան Boeing ավիաշինական ընկերությունը մտադիր է F/A-18E/F Super Hornet կործանիչի արտադրությունը երկարացնել մինչև 2020թ.` թողարկված ինքնաթիռների քանակը հասցնելով մինչև 1000 միավորի:
Նման որոշման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ F-35 Lightning II հեռանկարային կործանիչի ստեղծման ծրագիրը չի տեղավորվում նախատեսված ժամկետներում:

ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿՍՏԵՂԾԻ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

Ռուսական «Ուրալվագոնզավոդ» գիտա-արտադրական կորպորացիան Ղազախստանի հետ համագործակցության ամրապնդման շրջանակներում այդ երկրում ստեղծելու է ռազմական և քաղաքացիական ծանր տեխնիկայի սպասարկման, նորոգման և արդիականացման կենտրոն:
Ղազախական կողմից համագործակցության պայմանագիր է ստորագրել «Ղազախստան ինժինիրինգ» ընկերությունը, որը միավորում է երկրի 24 խոշորագույն ռազմական ձեռնարկությունները:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՀԱՔԵՐՆԵՐԻՆ

Anonymous հաքերային խմբի անդամները կոտրել են ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համագործակցող Booz Allen Hamilton ընկերության սերվերը և գողացել են ավելի քան 90 հազար ամերիկացի զինծառայողների էլեկտրոնային հասցեները, հավանաբար նաև գաղտնաբառերը:
Այդ տվյալներն օգտագործելով` հաքերները կարող են զինվորականների համակարգիչները, այդ թվում Պենտագոնում, վարակել վիրուսներով:

ԱՄՆ-Ը ԶԻՆՈՒՄ Է ԻՐԱՔԻՆ

Իրաքը բանակցություններ է վարում ԱՄՆ հետ F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ:
Այս տարի Իրաքը 1 անգամ արդեն դադարեցրել է ռազմական տեխնիկայի գնման գործընթացը, սակայն այժմ այն վերսկսելու ցանկություն է հայտնել` պատվիրելով կրկնակի շատ` 36 կործանիչներ: Մասնագետները նման որոշումը կապում են երկրի նավթային եկամուտների աճի, ինչպես նաև ամերիկացիների հեռանալուց հետո օդային տարածքի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության հետ:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ «ՏՈՐՆԱԴՈ» Է ԳՆՈՒՄ

2011թ. ՌԴ պաշտպանության նախարարությունը ցամաքային զորքերի համար կգնի «Տորնադո» ռեակտիվ հրետանային կայանքներ:
Այս կայանքներն ունեն տեղորոշման, ուղղորդման, նշանառության ավտոմատացված համակարգեր, զինամթերքը սովորականից ավելի մեծ հզորության է:
Ցամաքային զորքերի համալրումը ռեակտիվ կայանքներով երկրի զինված ուժերում համարում են հակառակորդի կրակային խոցման հնարավորությունները ավելացնելու հիմնական ուղղություններից մեկը: