Նորություններ
Ռուսաստանի զինված ուժերի համազորային ակադեմիայի Օմսկի մասնաճյուղի գիտաշխատողները նոր հրաձգային ռոբոտ համակարգ են ստեղծել:
«Փոքր տանկը»` 90 սմ երկարությամբ և 40 սմ լայնությամբ, զրահապատ է, ունի հակառակորդի կենդանի ուժի հայտնաբերման ջերմացուցիչներ: Ռոբոտի վրա տեղադրված տեսախցիկից պատկերը հաղորդվում է հրամանատարական կետ, որտեղից էլ հրաձիգը ղեկավարում է գնդացրի կամ նռնականետի կրակը:
Համակարգի քաշը 110 կգ է, այն կարող է լողալ, մինչև 50 սմ բարձրությամբ արգելքներ հաղթահարել, նույնիսկ շուռ գալու դեպքում վերադառնալ նախկին դիրքը:
Չինաստանն սկսել է տեղական կոնստրուկտորական բյուրոների նախագծած ավիակիր նավի կառուցումը: Ավիակրի վրա կտեղակայվեն J-15 կործանիչներ:
Վերջին տարիներին Չինաստանն ակտիվորեն գնում էր տարբեր երկրների սպառազինությունից հանված ավիակիրներ դրանց օրինակով սեփական արտադրություն կազմակերպելու նպատակով:
ԱՄՆ պաշտպանության նախարարության գնահատմամբ չինական ռազմածովային ուժերը առաջիկա 10 տարիների ընթացքում կստանան առնվազն 2 ավիակիր:
Վերջին շրջանում մամուլում փաստեր են հրապարակվել ռուսական արտադրության սպառազինության վաճառքի ասպարեզում տիրող թողտվության մասին, ինչի պատճառով Ռուսաստանի Դաշնությունը միլիարդավոր դոլարներ Է կորցրել:
Հերթական սկանդալը ծագել է Ալյասկայում ԱՄՆ անցկացրած «Red Flag» զորավարժությունների ընթացքում, երբ պարզվել է, որ ամերիկացիների ներկայացրած նոր զինատեսակը շատ նման է ռուսական «Тор-М1» զենիթահրթիռային համալիրին, թեև այդպիսի սպառազինություն Ռուսաստանն ԱՄՆ-ին չի վաճառել:
Զինված ուժերի բարեփոխումների ընթացքում բոլորից շատ տուժել էր «խորհրդային գաղափարախոսության մնացուկ» համարվող այս ինստիտուտը, որի կազմը նվազել էր ավելի քան հինգ անգամ: Վաշտերում ու գումարտակներում այս հաստիքը վերացվել էր, իսկ չկրճատված տեղակալներն էլ սպայականից փոխադրվել էին քաղաքացիական ծառայության հաստիքների և հրամանատարի տեղակալից վերածվել «օգնականի»: Այժմ վերստին վերականգնվում է ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալի հաստիքը, որի համար նախատեսված սպայական կոչումը նույնպես կբարձրանա:
ՌԴ պետդուման հոկտեմբերին կքննարկի մի օրինագիծ, որով նախատեսվում է Ռուսաստանում ստեղծել մարդկային մոբիլիզացիոն ռեզերվ, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կատարել երկրի պաշտպանական օրենսդրությունում:
Մասնավորապես առաջարկվում է պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձանց ոչ թե հինգ տարին մեկ անգամ տանել երկշաբաթյա վարժական հավաքների, որոնց արդյունավետությունը (անկախ ծախսվող մեծագումար միջոցներից) ցածր է, այլ մոբիլիզացիոն ռեզերվը ձևավորել կամավոր հիմունքներով, կամավորների հետ կնքել երեք տարի ժամկետով պայմանագիր` վճարելով 11-ից 14 հազար ռուբլի աշխատավարձ և բնակավայրին մոտ տեղակայված զորամասում տարեկան մի քանի անգամ կազմակերպելով ուսումնավարժական հավաքներ:
Մարտական պատրաստության ընթացքում ռուս զինվորականները կկիրառեն շվեյցարացի լեռնային հրաձիգների փորձը: Այդ մասին Շվեյցարիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Անդրե Բլատմանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը: Նա նշել է, որ ռուսական կողմը հետաքրքրվում է նաև շվեյցարական արտադրության ռազմաբժշկական սարքավորումներով: