Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Ալժիրի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի հետ պայմանագիր է ստորագրելու «Վագր» դասի երեք կորվետների գնման վերաբերյալ: Գործարքի արժեքը կկազմի մոտ 700 միլիոն դոլար:
Նախկինում Ալժիրը նախատեսում էր գնել ֆրանսիական FREMM դասի նավեր, սակայն դրանք թանկ են` 400-600 միլիոն եվրո մեկ նավի համար:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը մեղադրել է Ուկրաինային ` «Զուբր» նախագծի փոքր դեսանտային նավեր Չինաստանին մատակարարելու գործարք կնքելիս Ռուսաստանի մտավոր սեփականության իրավունքները խախտելու մեջ:
Արդեն կնքված պայմանագրի համաձայն` նավերից բացի, չինական կողմին կհանձնվի տեխնիկական թղթաբանությունը, ինչը թույլ կտա Չինաստանում նավի կրկնօրինակների արտադրություն կազմակերպել:

ՉԻՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԽԱՂ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ

Չինաստանում ռազմական թեմայով խաղ է մշակվել, որի համահեղինակը Չինաստանի ազգային-ազատագրական բանակն է: «Փառապանծ առաքելություն» անվանումը կրող խաղի ստեղծման համար ավելի քան 200 ծրագրավորողներից և ռազմական խորհրդատուներից բաղկացած թիմն աշխատել է շուրջ երեք տարի:
Հեղինակներն ուսումնասիրել են բազմաթիվ նմանատիպ արտասահմանյան խաղեր, հաշվի են առել ԱՄՆ, Ռուսաստանի և Եվրոպայի առաջավոր փորձը, սակայն հպարտությամբ առանձնացնում են իրենց խաղի երկու կարևոր առանձնահատկություն` խաղը միանգամայն ինքնատիպ է և ստեղծման ընթացքում պարբերաբար փորձարկվել է մարտական ստորաբաժանումներում, փոփոխությունների ենթարկվել զինվորների և սպաների դիտարկումների հիման վրա:

Ավստրալիայում նոր տեխնոլոգիա է մշակվում, որի միջոցով անօդաչու ապարատը կկարողանա չափել օդի ջերմաստիճանը, օդային հոսանքների արագությունը և տվյալներն օգտագործել ավելի արդյունավետ թռիչքի համար:

Տեխնոլոգիայի հիմքում ընկած են թռչունների թռիչքի ուսումնասիրությունները, մասնավորապես, օդային հոսանքներում ճախրելիս բարձրություն և արագություն հավաքելու նրանց ունակությունները:

Սանկտ-Պետերբուրգում անցկացվող միջազգային ռազմածովային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է մի քանի միլիարդ դոլարի պայմանագիր կնքել:

Ցուցահանդեսին իրենց նորագույն մշակումներն են ներկայացրել ավելի քան 400 ընկերություններ 30 երկրներից: Այցելուների թվում են 80 պատվիրակություններ 69 երկրներից, ինչը, կարելի է ասել, ռեկորդային ցուցանիշ է նման միջոցառումների համար:

ՊԱԿԻՍՏԱՆԸ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ «ՎՌՆԴՈՒՄ Է» ԱՎԻԱԲԱԶԱՅԻՑ

Պակիստանի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ից պահանջել է ազատել երկրի հարավում գտնվող ավիաբազան, որտեղից Ալ-Քաիդայի և Թալիբանի զինյալներին հարվածներ հասցնելու նպատակով օդ են բարձրանում ամերիկյան անօդաչու ապարատները:
Անօդաչու ապարատների կիրառման շնորհիվ Պակիստանում և Աֆղանստանում ոչնչացվել է ավելի քան 1400 զինյալ, այդ թվում բարձրաստիճան գրոհայիններ: Օսամա Բեն Լադենի ոչնչացումից հետո սա պակիստանա-ամերիկյան հարաբերություններում հերթական «տհաճ» միջադեպն է:

ԻՐԱՆԸ ՀՐԹԻՌՆԵՐԸ ՊԱՀՈՒՄ Է ԳԵՏՆԻ ՏԱԿ

Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային կայաններ` մարտական հերթապահություն կատարող հեռահար հրթիռներով: Ինչպես նշել են իրանցի սպաները, դրանք հավանական հարձակման դեմ արագ արձագանքման համակարգի մաս են կազմում և պատրաստ են ցանկացած պահի հարված հասցնելու նախապես որոշված թիրախներին:
Կայանները կառուցել են տեղացի մասնագետները` կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ, որոնք զգալիորեն ավելացնում են Իրանի դեմ հանկարծակի հարձակման դեպքում հրթիռների պահպանման հավանականությունը: