Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՍՐԱՅԵԼԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

2010թ. արդյունքներով Իսրայելը սպառազինություն արտահանող երկրների ցանկում զբաղեցրել է չորրորդ տեղը: Նախորդ տարի Իսրայելի ռազմական նշանակության ձեռնարկությունները պատվիրատուներին մատակարարել են 9,6 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա, որից 7,2 միլիարդը` արտահանման համար: Ընդ որում, ամեն տարի երկրի ռազմական արտահանման ծավալն ավելանում է. 2005թ. ցուցանիշը 3,5 միլիարդ դոլար էր:

ԻՐԱՆՈՒՄ ՏԱՍՆՕՐՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տասնօրյա զորավարժություններ է սկսել, որոնց ընթացքում կարձակվեն բազմաթիվ հրթիռներ:
Զորավարժության ղեկավար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ «Մեծ Մարգարե 6» անունը կրող զորավարժության ժամանակ կփորձարկվեն փոքր, միջին և մեծ հեռահարությամբ հրթիռներ, իսկ զորքերի ծովային և ցամաքային տեղաշարժերը «բարեկամության և խաղաղության ուղերձ կլինեն տարածաշրջանի մյուս երկրներին»:

Պակիստանի իշխանությունների պահանջով երկրից վտարվել են բրիտանացի 18 ռազմական խորհրդատուներ, որոնք ուսուցանում էին տեղի զինվորականներին: Պատճառներ չեն նշվում, սակայն առավել հավանական է, որ բրիտանացիները «պատժվել են» ամերիկացիների դաշնակիցը լինելու հանգամանքի համար:
Պակիստանի և ԱՄՆ հարաբերությունները սրվել են Օսամա Բեն Լադենի սպանությունից հետո:

Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը ՌԴ արտաքին հետախուզության ծառայության նախկին գնդապետ Ալեքսանդր Պոտեևին մեղավոր է ճանաչել դասալքության և հայրենիքի դավաճանության համար և հեռակա կարգով դատապարտել է 25 տարվա ազատազրկման: Պոտեևին համարում են ռուսական տասը հետախույզների բացահայտման մեղավորը:

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ, ՈՐ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԵՆ

Գերմանական մամուլում բունդեսվերի ներքին փաստաթղթերից հատվածներ են տպագրվել, որոնցում տարբեր օղակների հրամանատարներ իրենց անհանգստությունն են հայտնել անձնակազմի պատրաստվածության ցածր մակարդակի առթիվ:
Փաստաթղթերն առնչվում են 2009-2010թթ. Աֆղանստանում գերմանացիների գործողություններին: Սպաները, մասնավորապես, նշել են, որ զինվորների մի մասը չունի անհրաժեշտ կրակային պատրաստվածություն, տվյալ տարածքում զրահամեքենաների վարման հմտություններ, չի կարողանում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերել:

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՌՕՈՒ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ ԱՎԻԱՇԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը երկրի պաշտպանության նախարարությանը առաջարկել է Hindustan Aeronautics ազգային ավիաշինական ընկերությունը վերահսկելու ավելի լայն հնարավորություններ տալ իրենց: Որպես մի տարբերակ` հրամանատարությունն առաջարկել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակել օդուժի բարձրաստիճան սպաներից մեկին:
Այս ձեռնարկությունը արտոնագրով արտադրում է Սու-30ՄԿԻ կործանիչներ, մասնակցում է Tejas դասի մարտական ինքնաթիռների, նաև ռուս-հնդկական` հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման աշխատանքներին:

Ամերիկյան Raytheon ընկերությունը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության հետ 1,7 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրել` Patriot ՀՕՊ համակարգերը երրորդ սերնդի պահանջներին համապատասխան արդիականացնելու վերաբերյալ: Գործարքը նախատեսում է նաև սպասարկող անձնակազմի լիարժեք ուսուցանում: