Նորություններ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել 2010թ. կնքված սպասարկման պայմանագրերի վերաբերյալ: Ռազմական գործակալությունների և երկրի զինված ուժերի տարբեր զորատեսակների կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1,3 միլիարդ դոլար: Դրանց մեծ մասը կնքվել է մի քանի տարով:
Ամենախոշոր գործարքը` 537,9 միլիոն դոլարի, ստորագրվել է L-3 Communications Integrated Systems ընկերության հետ` ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ամերիկյան Raytheon ընկերությունը ֆրանսիական Լե Բուրժե քաղաքում անցկացվող միջազգային ավիասրահում ցուցադրել է Evolved SeaSparrow Missile (ESSM) դասի զենիթային նոր հրթիռը, որն ունի տեղակայման երկու տարբերակ` նավի և ցամաքի վրա:
Նոր հրթիռների հիմնական խնդիրն է նավերը և ցամաքային օբյեկտները հրթիռային և ավիացիոն հարվածներից պաշտպանելնը: Հրթիռների տարբեր տեսակներն ունակ են պայքարելու նույնիսկ գերձայնային հականավային հրթիռների դեմ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 27-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթե Վոլանդերին: Քննարկվել են երկու երկների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առընչվող հարցեր:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) շրջանակներում:
Իսրայելական «Երկաթե գմբեթ» և «Աղեղ» հակահրթիռային պաշտպանության համակարգերը Մերձավոր Արևելքում ձևավորվող ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս կկազմեն և կաջակցեն տարածաշրջանում ամերիկյան զորքերի պաշտպանությանը:
Նոր համակարգը կկարողանա պաշտպանել նաև ԱՄՆ դաշնակից արաբական երկրները, նույնիսկ նրանց, որոնց հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի:
Կիևի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել անհայտ զինվորի գերեզմանի մոտ Անմար կրակի վրա ձվածեղ պատրաստելու փաստի առթիվ: Համացանցում նշված գործողությունը պատկերող տեսանյութ է տեղադրվել:
Հայրենական Մեծ պատերազմում ընկածների հիշատակը հավերժացնող համալիրի մոտ «խոհարարությամբ» զբաղված անձանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Առաջին անգամ է, որ ԱՄՆ ծովային հետևակի նորակոչիկների «Փերիս Այլենդ» ուսումնական կենտրոնի ղեկավար է նշանակվել կին` բրիգադի գեներալ Լորետա Ռեյնոլդսը: «Փերիս Այլենդ»-ում տարեկան շուրջ 20 000 զինվոր է ուսուցանվում, դա միակ կենտրոնն է, որտեղ նաև կին ծովային հետևակային են պատրաստում:
Ռեյնոլդսը ԱՄՆ ծովային հետևակի երեք կին բրիգադի գեներալներից մեկն է, նա մեկ այլ «ռեկորդ» էլ է սահմանել` մարտական գործողությունների շրջանում (Աֆղանստանում) օպերատիվ-տակտիկական միավորման հրամանատարությունը ստանձնած առաջին և առայժմ միակ կին սպան է: