Նորություններ
Ռուսաստանն ու Ֆրանսիան վերջապես ստորագրել են «Միստրալ» դասի ֆրանսիական ուղղաթիռակիր երկու նավերի մատակարարման մասին պայմանագիրը, որի շուրջ բանակցություններ ընթանում էին 2009թ. սեպտեմբերից: Պայմանագրով նախատեսվում է երկու պատրաստի նավերի մատակարարում Ռուսաստանին, ինչպես նաև հետագայում ռուսական նավաշինարաններում ևս երկու նավի կառուցում: Ռուսական կողմին կփոխանցվեն նաև անհրաժեշտ տեխնոլոգիաներ, մասնավորապես, SENIT-9 մարտավարական տեղեկատվության ծովային շահագործման համակարգը:
ԱՄՆ ծովային հետևակը հարվածային նոր ուղղաթիռ կփորձարկի: Bell Helicopter ընկերության նախագծած AH-1Z Viper ուղղաթիռի հնարավորությունները մարտական գործողությունների ժամանակ կփորձարկվեն 2011թ. վերջին: Նոր ուղղաթիռը AH-1W SuperCobra-ի վերջին մոդիֆիկացիան է: Նախատեսվում է սպառազինության վերցնել այս տեսակի 189 միավոր մարտական տեխնիկա:
ՀՀ զինված ուժերի 2011թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` հունիսի 20-ից 23-ը կազմակերպվել են զինված ուժերի հրամանատարական հավաքներ: Լինելով մարտական պատրաստության կարևորագույն բաղադրիչներից մեկը` հրամանատարական պատրաստության գործընթացը ներառում է նաև տարեկան մի քանի անգամ կազմակերպվող հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեն բարձրացնելու տարբեր օղակների հրամանատարների գիտելիքները, կատարելագործելու նրանց գործնական ունակություններն ու հմտությունները: Հավաքների ժամանակ նախատեսված են ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի դասախոսություններ:
ԱՄՆ ՌՕՈՒ ուզում է ստեղծել «բզեզի չափ» անօդաչու թռչող սարքեր, որոնք ունակ կլինեն աննկատ մոտենալու հակառակորդին և նրա վրա «նշան անելու» հատուկ փոշու կամ հեղուկի միջոցով: Դա ամերիկյան զորքերին հնարավորություն կընձեռի աննկատ հետևելու մարդկանց և տեխնիկային և հարկ եղած դեպքում գերճշգրիտ զենքով անհապաղ ոչնչացնելու նրանց:
ԱՄՆ ՌԾՈՒ արդեն 450 մլն դոլարի պայմանագիր է կնքել «Blackbird Technologies» ընկերության հետ, որը պետք է արտադրի փարոսիկներ` ահաբեկիչների տեղը որոշելու համար:
Ռուսաստանի միացյալ ավիաշինական կորպորացիայի (ՄԱԿ) նախագահ Միխայիլ Պողոսյանի խոսքով, ՄԱԿ-ը ծրագրում է 2025թ. գրավել քաղաքացիական ավիատեխնիկայի համաշխարհային շուկայի 10%-ը և ռազմական ավիացիոն տեխնիկայի 15%-ը: Մ.Պողոսյանը վստահ է, որ 10 տարի հետո ՄԱԿ-ը կարող է տեղ զբաղեցնել աշխարհի ավիաշինական ընկերությունների լավագույն եռյակում:
Ծրագրվում է, որ 2025թ. ՄԱԿ-ի արտադրանքի 53%-ը կլինի քաղաքացիական, 25%-ը` տրանսպորտային, 22%-ը` մարտական:
Ռուսաստանը ծրագրում է մինչև 2020թ. Սև ծովում իր ռազմանավերն ավելացնել 20-ով: Այսօր ՌԴ սևծովյան նավատորմը բաղկացած է 636-րդ նախագծի «Վարշավուհի» դասակարգման 3 սուզանավից և 2 հրետանային նավից: Ակնկալվում է, որ նավատորմը կհամալրվի ապահովման, ևս 3-4 հրետանային, ականազերծիչ նավերով և 3 կորվետներով:
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան այս տարի կանցկացնեն 64 համատեղ միջոցառում: «Ուկրաինա-ՆԱՏՕ համագործակցության տարեկան ծրագրի» համաձայն` Ուկրաինայի իշխանություններն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները քննարկում են Սև ծովում Ռուսաստանի նավատորմի` Ղրիմում տեղակայվելու հեռանկարը, հակահրթիռային պաշտպանության, Մերձդնեստրի խնդրի կարգավորման, Ուկրաինայի էներգետիկ և տնտեսական անվտանգության և Ուկրաինայի հետախուզական ծառայությունների բարեփոխման հարցերը: